ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս ամփոփել է իր քառամյա արտաքին քաղաքականության արդյունքները:
«Հենց հիմա, իմ կարծիքով, մեր վարչակազմի շնորհիվ Միացյալ Նահանգները հաղթում է համաշխարհային մրցակցությունում։ Չորս տարի առաջվա համեմատ Ամերիկան ավելի ուժեղ է, մեր դաշինքներն ավելի ամուր են, մեր հակառակորդներն ու մրցակիցներն ավելի թույլ, և մենք չենք դիմել պատերազմի այս արդյունքների համար»,- ասել է Բայդենը:
Նորություն չէ, որ իր արտաքին քաղաքականությունում Բայդենը մեծապես հենվում էր Երկրորդ աշխարհամարտից հետո գործող միջազգային ինստիտուտների և նորմերի վրա:
ԱՄՆ նախագահը որպես օրինակ բերեց ՆԱՏՕ-ի ընդլայնումը` նշելով, թե անդրատլանտյան դաշինքը խափանեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` հարևան Ուկրաինան կլանելու ծրագիրը:
«Երբ Պուտինը ներխուժեց Ուկրաինա, նա կարծում էր, թե մի քանի օրվա ընթացքում կգրավի Կիևը: Ճշմարտությունն այն է, որ այդ պատերազմը սկսվելուց ի վեր, ես միակն եմ, ով կանգնել է Կիևի կենտրոնում, ոչ թե նա: Պուտինին դա չի հաջողվել»,- ասել է Բայդենը:
Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ ավտորիտար դերակատարները՝ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան, համախմբվում են ավելի շատ «թուլությունից, ոչ թե ուժից ելնելով»:
Անդրադառնալով Իսրայելի շուրջ չմարող հակամարտությանը՝ Բայդենը ընդգծել է, որ իր գլխավորած վարչակազմն աշխատում է վերջ դնել Մերձավոր Արևելքում շարունակվող արյունահեղությանը, և խոսել է անցած տարի Իսրայելի ու պաղեստինցիների միջև տեղի ունեցած բանտարկյալների՝ վերջին շրջանում ամենից մեծ փոխանակման մասին, ուր նույնպես առկա էր Վաշինգտոնի ջանքը։
Ավելի վաղ հարցին անդրադարձել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը՝ խոսելով «Համասի» կողմից ավելի քան մեկ տարի պահվող պատանդներին ազատելու մասին:
«Կարծում ենք, որ շուտով նորություններ կլինեն։ Կողմերը ճիշտ ուղու վրա են, որպեսզի կարողանան ավարտին հասցնել այս պայմանավորվածությունը: Անկախ նրանից, թե որ փուլում ենք՝ ավարտի՞ն ենք հասցնելու, թե՞ ոչ, ցույց կտան առաջիկա ժամերն ու օրերը»,- ասել է Ջեք Սալիվանը:
Ինչևէ, դիտորդները սպասում են Դոնալդ Թրամփի պաշտոնամուտին:
«Շատ հնարավոր է, որ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների վերջին նախագահն է, ով աջակցել է Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգին: Դոնալդ Թրամփը ցանկանում է վերաիմաստավորել այն շատ արմատական ձևով, և նա կարող է այդ անել»,- ասել է «Երրորդ ճանապարհ» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Ջիմ Քեսլերը:
«Սա Բայդենի փորձն էր ասելու, որ դիվանագիտությունը վերադարձել է, և որ նա երկարատև հետք կունենա ԱՄՆ արտաքին քաղաքականությունում: Բայց կարծում եմ, որ պատմաբանները կհիշեն նրան, հավանաբար, ավելի շատ կապված հաջորդող իրադարձությունների հետ»,- նշել է Լոնդոնի համալսարանի դասախոս Էնդրյու Փեյնը:
Նախորդած չորս տարիներին Հարավային Կովկասում ամերիկյան վարչակազմն աչքի ընկավ ակտիվ ներգրավվածությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ:
Վաշինգտոնն ու Երևանը բարձրացրեցին համագործակցության մակարդակը՝ ռազմավարական երկխոսության կարգավիճակից դեպի ռազմավարական գործընկերության: Բայդենի վարչակազմի վերջին օրերին՝ հունվարի 14-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Էնթոնի Բլինքենն ու Արարատ Միրզոյանը, ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որը նախատեսում է մի շարք ոլորտներում սերտ համագործակցություն Վաշինգտոնի ու Երևանի միջև։
Ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերություններ Վաշինգտոնն ունի նաև Ուկրաինայի, Վրաստանի ու Ղազախստանի հետ:
Բայդենի պաշտոնավարումն ավարտվում է հունվարի 20-ին։
Հաջորդ շաբաթ մեկնարկում են տարբեր պաշտոններում Թրամփի առաջադրած թեկնածուների հաստատման լսումները: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նորընտիր նախագահ Թրամփն առաջադրել է ԱՄՆ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունը: