ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի հոգեհանգիստը տեղի է ունեցել Ջորջիայի իր հայրենի քաղաքում

Ջիմի Քարթերի հրաժեշտի արարողությանը

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերին հրաժեշտ տալու պաշտոնական արարողությունից հետո նրան հողին հանձնեցին հայրենի Ջորջիա նահանգում։

ԱՄՆ ներկա ու նախկին հինգ նախագահները ներկա էին երկրի 39-րդ առաջնորդի՝ Ջիմի Քարթերի հրաժեշտի արարողությանը, որը տեղի ունեցավ մայրաքաղաք Վաշինգտոնի Մայր տաճարում:

Նախագահ Ջո Բայդենը գովեստով արտահայտվեց հանգուցյալ նախագահի հասցեին, ում ճանաչում էր 1976 թվականից, երբ նախագահական նախընտրական արշավի ժամանակ աջակցում էր Քարթերին՝ Սպիտակ տան համար պայքարում:

«31-ամյա սենատոր էի։ Առաջին սենատորն էի Ջորջիայից դուրս․․․, գուցե առաջին սենատորը, ով պաշտպանեց նախագահի թեկնածությունը»,- ասել է Բայդենը:

ԱՄՆ նախկին նախագահ Ջերալդ Ֆորդի որդին ընթերցեց հոր գրած խոսքերը Քարթերի մասին. «Ազնվությունն ու ճշմարտությունը հոմանիշ էին Ջիմի Քարթերի անվանը»:

Արարողությանը ներկա էր նաև Ջեյսոն Քարթերը՝ անդրադառնալով պապի գործունեությանը՝ որպես Քարթերի անվան կենտրոնի հիմնադիր, որի ժամանակ «պայքարում էր հիվանդությունների դեմ, ամրապնդում էր հույսը և խաղաղություն ապահովում [աշխարհում]»:

«Ըստ էության, նա արմատախիլ արեց հիվանդությունը։ Գործեց հօգուտ խաղաղության: Ղեկավարեց այս երկիրը սիրով և հարգանքով»,- ասել է Ջեյսոն Քարթեր:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի հոգեհանգիստը տեղի է ունեցել Ջորջիայի իր հայրենի քաղաքում

Նախկին նախագահի հրաժեշտի արարողությունը շարունակվեց Ջորջիա նահանգում՝ Ջիմի Քարթերի հայրենի Փլեյնս քաղաք:

«Այս փոքրիկ քաղաքը ձևավորեց նրան»,- ասում է Դոթ Փաջեթը, ով 1976 թվականին Ջիմի Քարթերի նախընտրական թիմում էր։

Փաջեթը միացել էր Փլեյնսի փողոցներում հավաքված հարյուրավոր մարդկանց, որոնք դուրս էին եկել հրաժեշտ տալու Քարթերին:

«Շատ ժամանակ եմ անցկացրել Ռոզալինի և Ջիմիի հետ այս քաղաքում: Այնքան շնորհակալ եմ, որ կարող եմ այս օրը լինել այստեղ՝ նրա ընտանիքի հետ»,- վերհիշում էր Փաջեթը:

Հանրահայտ է՝ նախկին նախագահ Ջիմի Քարթերի համար Փլեյնսը՝ հայրենի քաղաքը, առանցքային տեղ էր զբաղեցնում, ուստի պատահական չէ, որ ցանկացել էր, որպեսզի հուղարկավորությունն անցի հենց այդտեղ։

Փլեյնսում էր նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սըր Սայմոն Բերնսը, ով ժամանել էր ընկերոջը՝ Ջիմի Քարթերին հրաժեշտ տալու. «Սա վերջին անգամն էր, որ կարող էինք տեսնել նախագահ Քարթերին»:

Փլեյնսում գտնվող Մարանաթա բապտիստական եկեղեցում տեղի ունեցած արարողությունից հետո դիակառքը ուղղություն վերցրեց դեպի քաղաքի ծայրը՝ համեստ մի տուն, որը Ջիմի ու Ռոզալին Քարթերները կառուցել էին 1960-ականներին և որտեղ անցել են նրանց տարիները: