Փողոցները դատարկ են։ Շենքերը լքված ու հաճախ՝ավերակ։ Այստեղ, կարծես, կյանքի աննշան հետքեր են մնացել:
Ձեր առջև «Յարմուկ» ճամբարն է, ուր նախկինում տասնյակ հազարավոր պաղեստինցի փախստականներն էին բնակվում։
Այն Դամասկոսի կենտրոնից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա է:
«Յարմուկը» կարող է ձեզ պատմել սիրիական 13-ամյա քաղաքացիական պատերազմի դաժանությունների մասին: Ինչպես Սիրիայի բազմաթիվ այլ վայրերում, այստեղ ևս ալ-Ասադի ռեժիմին հավատարիմ ուժերը հարվածներ էին հասցնում բնակելի թաղամասերին:
Your browser doesn’t support HTML5
Հոսամ Ջոման մեխանիկ է։ Ասում է՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ չի հեռացել ինքը մնացել է «Յարմուկում» և լավ է հիշում տեղի ունեցածը. «Նրանք այստեղ կիրառեցին այն ամենը, ինչ ունեին՝ հրթիռներ, ռումբեր, ավիահարվածներ հսցրեցին: Ռեժիմը օգտագործում էր իր ձեռքի տակ եղած բոլոր զենքերը, և շատ մարդիկ են զոհվել՝ ընտանիքներ, երեխաներ, քաղաքացիական անձինք»:
Նրա ընտանիքը և մի քանի հոգի ապրում են «Յարմուկի» հարավային մասում: Հավատում է, որ հին հարևանները շուտով կվերադառնան:
Անցած ամիս՝ Բաշար ալ-Ասադի վարչակարգի անկումից հետո շատերը, ովքեր փախել են քաղաքացիական պատերազմից, վերադառնում են՝ տեսնելու, թե ինչ է մնացել իրենց տներից: Ոմանք որոշել են վերահաստատվել «Յարմուկում», չնայած խնդիրներին:
Սիրիա վերադարձած Հուսեյն Հիլադն ասում է. «Հենց մեզ թույլ տվեցին վերադառնալ, եկանք ու գտանք մեր տունն այս վիճակում։ Ամեն ինչ թալանված էր, ամեն ինչ հրկիզվել է»։
Հուսեյնը ընտանիքի հետ հեռացել էր, երբ մարտեր բռնկվեցին 2011 թվականին. «Անընդհատ կրակոցներ էին, օդային հարվածներ: Ծանր էր։ Ամեն պահի սպասում էիր, որ քեզ կսպանեն»։
Այժմ փորձում է վերակառուցել տունը, որտեղ անցկացրել է իր կյանքի մեծ մասը: Հույս ունի մինչև ամառ ընտանիքին ևս բերել «Յարմուկ»։
Տակավին հայտնի չէ, թե ներկայում որքան մարդ է բնակվում «Յարմուկում»։
Ըստ Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության՝ 2018 թվականին ճամբարում ապրում էր ընդամենը 800 հոգի: Այսօր մարդիկ հավատում են, որ տասնյակ հազարավոր մարդիկ շուտով կվերադառնան։
Շատերի խոսքով՝ ճամբարից դուրս կյանքը ավելի դժվար է, և հաճախ մարդիկ ուղղակի հանգրվանում են անապատում, քանզի չեն կարողանում բնակվարճ վճարել: