Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնացին Դոնալդ Թրամփը նշանակելու է վաղեմի ընկեր Սթիվեն Վիտկոֆին։ Նա Նյու Յորքի անշարժ գույքի շուկայում հայտնի ներդրող է և պարբերաբար քարոզարշավ էր իրականացնում հօգուտ Թրամփի վերընտրության:
Նման սերտ հարաբերությունները կօգնեն Վիտկոֆին տարածաշրջանային իր առաքելությունում՝ ասում է ազգային անվտանգության գծով վերլուծաբան Էլիսոն ՄըքՄանուսը:
«Քանի որ Վիտկոֆը պետք է ճանապարհորդի, հանդիպի օտարերկրյա գործընկերների, պետությունների ղեկավարների, նախարարների, կկարողանա այնպիսի ազդեցություն ունենալ, որը [կնշանակի], թե նա խոսում է [ԱՄՆ] նախագահի անունից, ունի հեղինակություն նման միջավայրերում»,- ասել է ՄըքՄանուսը:
Անցած տարվա մայիսին Վիտկոֆը Կատարում էր՝ գովաբանելով Պարսից ծոցի այդ միապետությունը՝ տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու համար՝ կառավարության և մասնավոր հատվածի համագործակցության միջոցով:
«Դա զգում եմ Կատարում: Նրանք ունեին այնպիսի տնտեսություն, որը ավելի շատ միտված էր դեպի նավթաքիմիական և բնական գազին առնչվող ոլորտներ: Նրանք ընդլայնվում են: Զբոսաշրջությունը վերելք է ապրել։ Այստեղ հյուրանոցները հոյակապ են։ Ո՞վ չի վերադառնա այս տարածաշրջան»,- ասել է Վիտկոֆը:
Դիտորդները չեն բացառում, որ պետական պաշտոնում նշանակվելուց հետո Վիտկոֆը կարող է հարկադրաբար հրաժարվել Պարսից ծոցի երկրների հետ անշարժ գույքի գծով գործարքներից՝ շահերի բախումից խուսափելու համար, ինչը պահանջում են ԱՄՆ օրենքները:
«Անկասկած մտահոգություն է առաջացնում, քանի որ տեսնում ենք գործարար համայնքի ներկայացուցիչներին այնպիսի դերերում, որտեղ նրանք կարող են անձամբ հարստանալ բանակցությունների միջոցով, որոնք կարող են ավելի բարենպաստ իրավիճակի հանգեցնել որոշ երկրների համար։ Օրինակ, [Պարսից] ծոցի երկրների: Նաև՝ [հարց է, թե] ինչ կարող է այդ նշանակել նրանց առաջնահերթությունների, շահերի տեսանկյունից»,- ասել է Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ներկայացուցիչ Էլիսոն ՄըքՄանուսը։
Հայտնի է, որ Թրամփի նոր վարչակազմում Մասադ Բուլոսը ծառայելու է արաբական և մերձավորարևելյան հարցերով Թրամփի ավագ խորհրդական։ Նա Դոնալդ Թրամփի դստեր՝ Թիֆանիի սկեսրայրն է։
Լիբանանյան ծագմամբ ամերիկացի գործարարը նույնպես Թրամփի օգտին քարոզարշավ էր իրականացնում՝ Միչիգան նահանգում աշխատելով արաբական ծագմամբ ամերիկացիների ուղղությամբ:
Բուլոսը SCOA Nigeria-ի գործադիր տնօրենն է։ Ընկերությունը վաճառում է բեռնատարներ և ծանր տեխնիկա աֆրիկյան այդ երկրում:
Նա ծնվել է Լիբանանում, քրիստոնյա հույների ընտանիքում՝ հյուսիսային Լիբանանի Քֆար Աքքա գյուղում, ուր նրա հայրը գյուղապետ էր:
Անցած տարվա հոկտեմբերին Բուլոսը հայտարարեց, թե տարածաշրջանում հակամարտությունն իրեն թույլ չի տալիս վերադառնալ Լիբանան:
«Այդ իրավիճակի պատճառով երկար տարիներ չեմ կարողացել վերադառնալ իմ հայրենի երկիր, իմ հայրենիք: Կցանկանայի վերադառնալ: Կցանկանայի, որ իմ երեխաները վերադառնան Լիբանան: Լիբանանը նախկինում հայտնի էր ... որպես Մերձավոր Արևելքի Շվեյցարիա, իսկ Բեյրութը Մերձավոր Արևելքի Փարիզն էր: Ուզում ենք, որ սա վերադառնա»,- ասել է Բուլոսը։
Ինչևէ, Թրամփի մերձավորարևելյան թիմին դյուրին աշխատանք չի սպասվում, և Վաշինգտոնի օրակարգում են տարածաշրջանային բազմաթիվ խնդիրներ՝ Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Իրանի հետ կապված, և Իսրայել - Սաուդյան Արաբիա հարաբերությունների ապագան: