ԱՄՆ Կոնգրեսը վավերացրեց 2024 թվականի ընտրությունների արդյունքները՝ հաստատելով Թրամփի հաղթանակը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը մասնակցում է Կոնգրեսի համատեղ նիստին, որը հաստատում է Դոնալդ Թրամփի ընտրությունը, ԱՄՆ Կապիտոլիում, Վաշինգտոնում, 2025 թվականի հունվարի 6-ին

ԱՄՆ Կոնգրեսը երկուշաբթի հաստատել է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է 2024 թվականի ընտրություններում։ Չորս տարի առաջ այս օրը Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կապիտոլիումի շենք՝ չեղարկելու Ջո Բայդենի հաղթանակը 2020 թվականի ընտրություններում։

ԱՄՆ պատմության մեջ ընտրությունների արդյունքների ամենաաղմկահարույց հաստատումից չորս տարի անց, հանգիստ մթնոլորտում, այս երկուշաբթի Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաստատեց, որ Դոնալդ Թրամփը հաղթել է 2024 թվականի նախագահական ընտրություններում: Սենատի նոր մեծամասնության առաջնորդ, հանրապետական Ջոն Թունը ողջունել է հաղթանակը:

«Հանրապետականները բարելավել են իրենց դիրքերը Միացյալ Նահանգների շրջանների գրեթե 90%-ում և ընդլայնել են [իրենց ցուցաբերվող] աջակցությունը ժողովրդագրական գրեթե բոլոր խմբերում: Հանրապետական կոալիցիան լայն է, ուժեղ և աճող: Հիմա մեկնարկում են մեր օրակարգի իրագործման աշխատանքները, և պարոն նախագահ, հանրապետականները պատրաստ են առաջ շարժվել»,- նշել է Թունը։

Your browser doesn’t support HTML5

Փոխնախագահ Քամալա Հարիսն է նախագահել Թրամփի հաղթանակը վավերացնող Կոնգրեսի նիստը

Չնայած պարտությանը, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կատարեց իր սահմանադրական պարտականությունը՝ նախագահելով ընտրությունների արդյունքները վավերացնող Միացյալ Նահանգների Սենատի նիստը:

Նման փորձ են ունեցել միայն ԱՄՆ երկու գործող փոխնախագահներ՝ Ռիչարդ Նիքսոնը 1961 թվականին և Ալ Գորը 2001 թվականին:

Երկուշաբթի՝ ավելի վաղ ձայնագրված հայտարարությամբ Հարիսը հանդես եկավ իշխանության խաղաղ փոխանցման կարևորության մասին:

«Այս պարտականությունը սուրբ պարտավորություն է, որը ես կկատարեմ՝ առաջնորդվելով երկրի հանդեպ ունեցած սիրով, հավատարմությամբ մեր Սահմանադրությանը և իմ անսասան հավատով առ ամերիկյան ժողովուրդ»,- ասել է Քամալա Հարիսը:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ջորջ Վաշինգտոնի համալսարանի օրենսդրական հարցերի ծրագրի տնօրեն Քեյսի Բուրգաթը կարևորել է ամերիկյան քաղաքական համակարգում ավանդաբար առկա հարգանքը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ:

«Սա նրա դերն է, որը նա պատրաստվում է իրականացնել։ Իրականացնել՝ նպատակաուղղված և ըստ նախատեսվածի: Դա պարզապես ցույց է տալիս հանձնառությունը իշխանության խաղաղ փոխանցման նկատմամբ։ Հատկապես, եթե դուք ընտրություններում պարտված կողմն եք: Դա ցույց է տալիս ուժ և հավատարմություն այս իդեալներին, մի բան, որը մենք տևական ժամանակ համարել ենք սովորական և այժմ պետք է վերագնահատենք այն»,- ասել է Բուրգաթը:

Ինչևէ, այս ամենի ֆոնին՝ Կոնգրեսի դեմոկրատ անդամները պնդում են, թե այդուհանդերձ 2021 թվականի հունվարի 6-ը չպետք է մոռանալ:

«Բազմաթիվ անհատներ փորձել են վերաշարադրել հունվարի 6-ի պատմությունը, փորձել են ճշմարտությունը կոծկել և ձևացնել, թե այդ օրը հիանալի օր էր կամ նույնիսկ մեծ հայրենասիրության պահ: Պարզից էլ պարզ է, որ սուտ է»,- ասել է Սենատում դեմոկրատ փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը:

Հիշեցնենք՝ 2022 թվականին Կոնգրեսի անդամ յոթ դեմոկրատներից և երկու հանրապետականներից կազմված հատուկ հանձնաժողովը 2021 թվականի հունվարի 6-ի դեպքերի համար մեղադրեց Թրամփին՝ ընտրակեղծիքների մասին սուտ տեղեկություն տարածելու համար և իր կողմնակիցներին ուղղորդելու գրոհել ԱՄՆ Կապիտոլիումը:

Սակայն Թրամփը և նրա կողմնակիցները չեն ընդունել հանձնաժողովի եզրակացոսւթյունը՝ այն որակելով կողմնակալ, և առաջարկել հունվարի 6-ի գործով մեղադրյալներին ներում շնորհել:

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության երդմնակալության արարողությունը այս հունվարի 20-ին է։