Թրամփն իր երկրորդ ժամկետում գործ կունենա բոլորովին այլ Հյուսիսային Կորեայի հետ

Դոնալդ Թրամփ

Իր առաջին պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրեց տնտեսական պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ ձգտելով ստիպել Փհենյանին հրաժարվել միջուկային զենքի ծրագրից: Փորձենք  հասկանալ, թե ինչ կարգի երկրի հետ է գործ ունենալու Թրամփն իր երկրորդ նախագահության օրոք։

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը առաջին անգամ խոսել է Վաշինտոնի հետ հարաբերությունների մասին սպառազինության ցուցահանդեսի ժամանակ։ Վայրն, անշուշտ պատահական չէր ընտրված։

Հյուսիսկորեացի ղեկավարը նշել է, թե նախորդ բանակցությունները վկայում են, որ Վաշինգտոնն «անփոփոխ թշնամությամբ» է լցված Փհենյանի նկատմամբ: Ուստի, հարկ է ընդլայնել Հյուսիսային Կորեայի միջուկային հնարավորությունները «առանց սահմանափակումների»:

Your browser doesn’t support HTML5

Թրամփն իր երկրորդ ժամկետում գործ կունենա բոլորովին այլ Հյուսիսային Կորեայի հետ

Այսօր Կիմ Չեն Ընը նույն գործիչը չէ, ում հետ Թրամփը վերջին անգամ հանդիպեց 2019 թվականին՝ կարծիք է հայտնում ԱՄՆ Պետքարտուղարության Ասիայի հարցերով նախկին պաշտոնյա Էվանս Ռեվերը։

«Կիմ Չեն Ընը գտնում է, որ ներկայում իր դիրքերն ավելի ուժեղ են, և, կարծում եմ, որ նման մտածողության պատճառներից է նրա նոր հարաբերությունները ռուսների հետ»,- ասում է Ռեվերը:

Պենտագոնի տվյալներով՝ ներկայում ավելի քան 10 հազար հյուսիսկորեացի զինվորականներ են գտնվում Ռուսաստանում՝ ռուսական օկուպացիոն ուժերի կողքին կռվելով ուկրաինական բանակի դեմ:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն անցած ամիս Փհենյանում էր և այցը կենտրոնացած էր երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ, որը, ըստ Բելոուսովի, նվազեցնում է պատերազմի վտանգը Կորեական թերակղզում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքով՝ Մոսկվա-Փհենյան նման դաշինքը մարտահրավեր է Թրամփի նոր վարչակազմին։

«[Ռուսական] միջուկային և հրթիռային տեխնոլոգիաները հոսում են Հյուսիսային Կորեա։ Ռիսկ կա, որ Հյուսիսային Կորեան այն կօգտագործի ոչ միայն մեր դեմ՝ այստեղ, այլև՝ ԱՄՆ դեմ»,- ասում է Ռյուտեն:

Միասին՝ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան ավելի մեծ սպառնալիք են միջազգային կայունությանը՝ նշում է Հյուսիսային Կորեայի գծով ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Սիդնեյ Սեյլերը:

«Սա վերածվում է ռազմական դաշինքի՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ վտանգով, որը խնդիր է [Ուկրաինայում] պատերազմի երկարաձգման, Կորեական թերակղզին և միջազգային հանրությունը ապակայունացնելու առումով»,- ասում է Սեյլերը:

Մեր զրուցակցի խոսքով՝ քանի որ Հյուսիսային Կորեան ստանում է հակաօդային պաշտպանության ռուսաստանյան համակարգեր, զինամթերք արտադրելու արդի միջոցներ, կանխիկ գումար, պարենային ու վառելիքի օգնություն, Կիմ Չեն Ընը սակավ է շահագրգռված փոխհամաձայնության հասնել Վաշինգտոնի հետ, քան Թրամփի առաջին նախագահության ժամանակ էր:

«Կիմ Չեն Ընը կարողանում է շատ բան ստանալ իր նոր՝ լավ ընկեր Վլադիմիր Պուտինից։ Ինչո՞ւ պետք է դիմի Դոնալդ Թրամփին»,- ասում է Սեյլերը:

Իր նախագահության առաջին ժամկետում Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, համագործակցում էր Հարավային Կորեայի ղեկավարների հետ՝ փորձելով կասեցնել Փհենյանի միջուկային ծրագրի ընթացքը:

Սակայն նախագահության երկրորդ ժամկետում Թրամփն ակնհայտորեն գործ կունենա այլ Հյուսիսային Կորեայի հետ, որն այլևս շահագրգռված չէ հրաժարվել իր միջուկային ծրագրից՝ ասում է Ռիվերը։

«Այս ողջ ընթացքում հյուսիսկորեացիները ձգտում էին ԱՄՆ-ից ճանաչում կորզել, որ Հյուսիսային Կորեան օրինական միջուկային տերություն է, և որ երկու երկրները պետք է միասին նստեն ու խոսեն գոյակցության մասին»,- նշում է Ռիվերը։

Ինչևէ՝ հիշեցնենք, որ անցած ամիս՝ ԱՄՆ-ի ընտրություններից ընդամենը օրեր առաջ, Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ նոր հրթիռ փորձարկեց, որը կարող է խոցել ԱՄՆ տարածքի մեծ մասը: