Սենատորները կոչ են անում ԱՄՆ Ներկայացուցիչների տանը ընդունել երեխաների առցանց պաշտպանության մասին օրինագիծը

ԱՄՆ Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսում փորձում են ընդունել օրենք, որի նպատակը երեխաների պաշտպանությունն է առցանց հարթակներում։ Խոսքը՝ շրջանառության մեջ գտնվող «Երեխաների առցանց անվտանգության ակտի» մասին է, սակայն որոշ հանրապետականներ մտահոգ են, թե օրինագիծը կարող է հանգեցնել փաստացի գրաքննության:

Սոցցանցերը կրկին ԱՄՆ Կոնգրեսի ուշադրության կենտրոնում են: Ներկայիս Կոնգրեսի գործունեությանը մնացել են հաշված օրեր, բայց և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ սենատորները կոչ են արել ամերիկյան օրսնդիր մարմնի ստորին պալատին՝ Ներկայացուցիչների տանը, ընդունել երեխաների առցանց պաշտպանության մասին օրինագիծը:

«Ունենք օրենքներ, որոնք պաշտպանում են երեխաներին ալկոհոլի, ծխախոտի, հրազենի վնասներից, պաշտպանում են նրանց կիբեռ ահաբեկումից, սեռական շահագործումից կամ պոռնոգրաֆիկ բովանդակությունում հայտնվելուց: Վիրտուալ տարածքին վերաբերող նման օրենքներ չունենք»,- ասում է հանրապետական սենատոր Մարշա Բլեքբերնը։

Բլեքբերնը օրինագծի համահեղինակն է։

Այն 1998 թվականից ի վեր առաջին օրինագիծն է, որը կոչված է ապահովել անչափահասների առցանց պաշտպանությունը:

Բայց Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնն ասում է, որ մտահոգ է, որովհետև օրինագիծը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը:

«Իհարկե, կարծում եմ, որ բոլորս 100%-ով պաշտպանում ենք օրինագծով նախատեսվածը: Բայց պետք է ճիշտ ընկալեք այս մեկը, երբ գործ ունեք ազատ խոսքի կարգավորման հետ։ Չեք կարող շատ հեռու գնալ»,- ասել է նա:

Ջոնսոնն ունի համակիրներ:

Americans for Limited Government-ի նախագահ Ռիչարդ Մենինգն ասում է․ «Պետք է ավելի լավ միջոց գտնենք, որպեսզի խոսքի ազատությանը վերաբերող հարցը չքաղաքականացվի»:

Օրինագծի համահեղինակ, դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալի խոսքով՝ աշխատել են նաև X հարթակի սեփականատեր Իլոն Մասկի հետ, որպեսզի խոսքի ազատության հետ կապված մտահոգությունները փարատվեն:

«Այս օրինագիծը գրաքննություն չի ենթադրում։ Բովանդակության արգելափակում չկա: Խոսքը ընտրության մասին է՝ անչափահասների ծնողներին երեխաներին պաշտպանելու գործիքներ տալով»,- ասել է դեմոկրատ սենատորը:

Օրինագծին դեմ են տեխնոլոգիական հսկաներ՝ Meta և Google ընկերությունները:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեռ կարծիք չի հայտնել օրինագծի առնչությամբ, սակայն նրա որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, գրել է. «Կարող ենք պաշտպանել և՛ խոսքի ազատությունը, և՛ մեր երեխաներին»։

Օրինագծի նախկին տարբերակն ընդունվել էր Սենատում 91 կողմ և 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, և օրենքի ընդունման օգտին հանդես եկող սենատորները կոչ են անում Ներկայացուցիչների տանը՝ նույնպես կողմ քվեարկել մինչև այս տարեվերջ: