Ինչպես են աֆրիկացի երիտասարդ կանայք Ռուսաստանում ռազմական անօդաչուներ հավաքում

Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետությունում՝ «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում գործող անօդաչուների արտադրության գործարանի՝ արբանյակից արված լուսանկարը։ Հունիսի 9, 2023թ․։

Նրանց խոստացել են արտասահմանյան կրթություն, լավ աշխատանք և մեծ գումար աշխատելու հնարավորություններ, բայց նրանք հայտնվել են Ռուսաստանում՝ ռազմական անօդաչուներ հավաքող գործարաններում։ Ոմանք անգամ ենթարկվել են ուկրաինական անօդաչուների գրոհին։

Հետաքննական մի շարք հրապարակումներ ուշադրություն են հրավիրում՝ Ռուսաստանն իրականացնում է արտերկրում աշխատուժի հավաքագրման ծրագիր, որը, փաստորեն, կեղծ խոստումներով գայթակղում է երիտասարդ աֆրիկացի կանանց՝ նրանց աշխատանքի ուղարկելով ռուսաստանյան գավառում գտնվող արդյունաբերական համալիրներ՝ ստիպելով նրանց աշխատել Կրեմլի ռազմա-արդյունաբերական համալիրի համար։

Ծրագրի շահառուները կամ ավելի ճիշտ է ասել՝ զոհերը հիմնականում հավաքագրվել են աշխատանքի վերաբերյալ առցանց գովազդների միջոցով։ Դրանք կանայք են՝ Ուգանդայից, Ռուանդայից, Քենիայից, Հարավային Սուդանից, Սիերա Լեոնեից և Նիգերիայից։

Your browser doesn’t support HTML5

Ինչպես են աֆրիկացի երիտասարդ կանայք Ռուսաստանում ռազմական անօդաչուներ հավաքում

Associated Press-ի, The Wall Street Journal-ի, The Washington Post-ի հրապարակումների համաձայն՝ գործ ունեք Alabuga Start կոչվող ծրագրի հետ։

«Ամերիկայի ձայնի» հետաքննության համաձայն, աֆրիկյան երկրների կառավարությունները հիմնականում անուշադրության են մատնել սեփական երկրների քաղաքացիներին առնչվող նման դեպքերը, դեռ ավելին՝ անգամ աջակցել են ծրագիրն իրականացնող ռուսաստանյան կազմակերպությանը։

Alabuga Start-ն իրականացնում է Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետությունում գործող «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտին, որն, ինչպես պարզվել է, ակտիվորեն ընդլայնում է իր կապերն Աֆրիկայում։

Վաշինգտոնում գործող Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի հիմնադիր Դևիդ Օլբրայթի ներկայացմամբ՝ Աֆրիկայում մարդկանց հավաքագրողները հաճախ «անտեսում» են հարցերը, թե, իրականում, ուր են ուղարկում երիտասարդ կանանց։

«Այժմ որոշ կառավարություններ տեղեկացված են, և հույս ունեմ, որ նրանք կկասեցնեն ծրագրի իրականացումը»,– ասում է Օլբրայթը։

Նրա խոսքով՝ «Ալաբուգայի» ներկայացուցիչները վերջերս այցելել են Սիերա Լեոնե, Զամբիա և Մադագասկար՝ համագործակցության հուշագրեր ստորագրելու տեղական կազմակերպությունների հետ։

Օլբրայթը ընդգծում է՝ Ռուսաստանում երիտասարդ կանայք ստիպված են աշխատել թունավոր նյութերի հետ, ինչը արգելված է ռուսաստանյան աշխատանքային օրենսդրությամբ։ Ու թեև առկա են նման հանգամանքներ, աֆրիկյան որոշ երկրների կառավարություններ աջակցում են Alabuga Start ծրագրի իրականացմանը, և «Ամերիկայի ձայնի» տրամադրության տակ են հայտնվել համապատասխան փաստաթղթեր։

Մեկնաբանության համար «Ամերիկայի ձայնը» դիմել է Ուգանդայի, Ռուանդայի, Քենիայի, Հարավային Սուդանի, Սիերա Լեոնեի, Եթովպիայի և Նիգերիայի իշխանություններին, սակայն մեր հարցումների մի մասը անպատասխան է մնացել։

Անպատասխան են մնացել նաև մեր դիմումները՝ ուղղված «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտուն և Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանությանը։

Կիևում՝ հետազոտական լաբորատորիաներից մեկում գտնվող ռուսական արտադրության «Շահեդ» անօդաչուի մասերը։ Օգոստոսի 8, 2024թ․։


Ինչպե՞ս են հավաքագրում աֆրիկացի երիտասարդ կանանց

Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետությունում գտնվող Ելաբուգա քաղաքը, ուր 100 հազարից քիչ մարդ է ապրում, և որը տեղական՝ թաթարերենով առավել հայտնի է Ալաբուգա անվամբ, հազիվ թե գրավիչ վայր լինի աֆրիկացի երիտասարդների համար։

Սակայն բնակավայրից ոչ հեռու գտնվող «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտին, ինչպես ասացինք, երիտասարդ աշխատակիցների լայնածավալ հավաքագրում է իրականացնում աֆրիկյան մայրցամաքում։ Գովազդային նյութերում Alabuga Start ծրագիրը ներկայացվում է որպես մեծ ապագա խոստացող մի հնարավորություն, որի մասնակիցները իբր աշխատելու են լավ վարձատրվող քաղաքացիական ոլորտում, և որևէ խոսք չկա Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի մասին։

Ոչինչ չի ասվում, որ երիտասարդները աշխատելու են ռազմական ոլորտում՝ պատրաստելով հարվածային ու հետախուզական անօդաչուներ։

Ընդ որում, ծրագրի կազմակերպիչները հատուկ թիրախավորել են երիտասարդ կանանց՝ համարելով, որ աֆրիկացի երիտասարդ տղամարդիկ «կարող են չափազանց ագրեսիվ և վտանգավոր լինել»։

«Հասկանալի է ծրագրի գրավչությունը աֆրիկացի երիտասարդների համար։ Այդ երկրներում գործազրկության մակարդակը շատ բարձր է։ Ռուսաստանը նրանց առաջարկում է առաջին հայացքից գրավիչ աշխատանքային պայմաններ»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում գործող Սեթոն Հոլ համալսարանի աֆրիկյան ուսումասիրությունների գծով փորձագետ Մաքսիմ Մատուսևիչը։

Մատուսևիչը նշում է՝ Կրեմլը նպատակ ունի Alabuga Start-ի միջոցով լրացնել աշխատուժի այն բացը, որը առաջացել է Ռուսաստանում ուկրաինական պատերազմի պատճառով։

Օլբրայթի խոսքով՝ կարևոր է այն, որ աֆրկացի դիմորդները նախապես անտեղյակ են, որ աշխատելու են ռազմական ագրեսիա իրականացնող օտար պետության՝ Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի համար և որ պատրաստելու են անօդաչուներ, որոնք թիրախավորելու են ուկրաինական քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները:

Դևիդ Օլբրյաթը ընդգծում է՝ նման գործողությունները միջազգային իրավունքի խախտում են:

Ուկրիանայի Կուպիանսկ բնակավայրի մոտ խոցված ռուսական «Շահեդ» անօդաչուի մնացորդները։ Արխիվային լուսանկար։


Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտին

«Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում երիտասարդներին ներգրավելու պրակտիկան նոր չէ։ 2019 թվականից «Ալաբուգայում» գործում էր Alabuga Polytech ծրագիրը, որի ներքո հավաքագրում էին ռուսաստանյան ավագ դպրոցի աշակերտներին։ Ի տարբերություն աֆրիկյան մայրցամաքից և այլ երկրներից ժամանած երիտասարդ աշխատակիցների, ռուսաստանցի ուսանողները մասնակցում էին քառամյա մի ծրագրի, որի ընթացքում աշխատանքը զուգորդվում էր տեխնիկական կրթությամբ։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա փոխեց ծրագրի բնույթը, որի ներքո մեկնարկեց ռազմական անօդաչուների արտադրությունը, և «Ալաբուգայի» սեփականատերերը սկսեցին լոբբինգ իրականացնել՝ համոզելու Ռուսաստանի իշխանություններին փոխել երկրի աշխատանքային օրենսդրությունը։

Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի հուլիսյան զեկույցի համաձայն՝ այդ փոփոխությունները թույլ տվեցին վարձել մինչև 18 տարեկան երեխաների՝ թունավոր քիմիական նյութերի հետ աշխատելու նպատակով։

Սակայն ծնողները շուտով սկսեցին բողոքել աշխատանքային ծանր պայմաններից, որովհետև գործարանում աշխատում էին 12-ժամյա հերթափոխով, իսկ մարդկանց տեղաշարժը խստորեն վերահսկվում էր՝ պատմում է Դևիդ Օլբրայթը։

Նրա խոսքով՝ արդյունքում ծրագիրը դադարեցրեց 18 տարեկանից ցածր անձանց, այսինքն անչափահասների հավաքագրումը։

2022 թվականին, երբ հատուկ տնտեսական գոտին գործարկեց Alabuga Start ծրագիրը և սկսեց աշխատակիցներ ներգրավել արտասահմանից, «Ալաբուգայում» գրեթե բացառապես զբացված էին ռազմական անօդաչուների արտադրությամբ։ Օլբրայթի գնահատմամբ՝ Polytech ծրագրի ուսանողների միայն մեկ երրորդն է ներգրավված անօդաչուների արտադրությունում, մինչդեռ Alabuga Start ծրագրի մասնակիցների ավելի քան 90%-ն աշխատում է այդ նպատակով։


Alabuga Start-ի ընդլայնումը

«Ամերիկայի ձայնի» հետաքննության արդյունքում պարզվել է, որ աֆրիկյան ու ասիական բազմաթիվ երկրների կառավարություններ երբեմն հանդես են եկել որպես Alabuga Start-ի պատրաստակամ գործընկերներ։ Նիգերիայի կրթության նախարարությունը իր պաշտոնական կայքում հրապարակում է կատարել՝ հայտարելով Alabuga Start ծրագրի մեկնարկի մասին։

Նմանատիպ հայտարարություն է տարածել Ուգանդայի կրթության և սպորտի նախարարությունը։

«Ամերիկայի ձայնի» տրամադրության տակ են հայտնվել երկու փաստաթղթեր, որոնք, ըստ երևույթին, պաշտոնական նամակներ են Մալիի և Բուրկինա Ֆասոյի կառավարություններին, ուր նշված է, որ Alabuga Start-ը 2023 թվականի համար տեղեր է վերապահել այդ երկրների քաղաքացիներին։

Մեր ձեռքի տակ է նաև Բանգլադեշի զբաղվածության և ուսուցման պետական բյուրոյին պատկանող մի փաստաթուղթ, որը նույնպես տեղեկացնում է Alabuga Start ծրագրի մեկնարկի մասին։

Այս ամենից զատ՝ հայտնի է «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու ներկայացուցիչների բազմաթիվ հանդիպումների մասին աֆրիկացի դիվանագետների ու այլ պաշտոնյաների հետ, որոնց արդյունքում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր։

Օլբրայթն հիշեցնում է՝ որ «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում հիմնված անօդաչուների արտադրության գործարանը ռուս-իրանական համագործակցության արդյունք է։

««Ալաբուգան» հատուկ տնտեսական գոտի է, որը հիմնականում կառուցում և վարձով է տալիս կամ վաճառում տարածքներ՝ քաղաքացիական նշանակության արդյունաբերության համար։ Ուկրաինական պատերազմի պատճառով նրանց օտաերկրյա գործընկերները հեռացան և նրանք ֆինանսական վատ վիճակում հայտնվեցին։ Ուստի, շատ արագ համաձայնեցին պայմանագիր կնքել Ռուսաստանի և Իրանի կառավարությունների հետ՝ անօդաչուների արտադրության համար»,- ասում է Օլբրայթը։

Ըստ տեղեկությունների՝ «Ալաբուգայում» հիմնականում հավաքվում են իրանական Shahed-136 կամիկաձե անօդաչուներ։

2023 թվականի առաջին կեսին Alabuga Polytech-ի շուրջ 100 ուսանողներ երկու ամսով մեկնեցին Թեհրան՝ վերապատրաստվելու Shahed-136-ի հավաքման գործում՝ նույն թվականի օգոստոսին գրել էր The Washington Post-ը։

Ինչ վերաբերում է Alabuga Start ծրագրի մասնակիցներին, ապա նրանք հիմնականում հանդես են գալիս որպես ցածր որակավորման աշխատուժ։ Նման եզրակացության համար հիմք է ծառայել նաև ծրագրի մասնակիցների համար նախատեսված հատուկ բառարանը, որը բաղկացած է ռուսերեն ընդամենը 100 բառից՝ գլխավորապես տեխնիկական բնույթի՝ օրինակ, «միացնել», «անջատել», «գործարան», «առաջադրանք» և այլն։

Ծրագրի մի ուղեցույցում նշված է, որ Alabuga Start-ն ավարտելուց հետո մասնակիցները հնարավորություն կունենան շարունակել աշխատանքը մշտական հիմունքներով և տեղափոխվել «Ալաբուգայի» մեկ այլ գործարան կամ գրանցվել Alabuga Polytech-ում։

Այս ապրիլի 22-ին ուկրաինական անօդաչուն հարվածեց հանրակացարանին, որտեղ բնակվում էին Alabuga Start-ի մասնակիցները։ Հաջորդ օրը Alabuga Start-ը հրապարակեց տեսանյութ, ուր քենիացի մի կին խոսում էր, թե շարունակելու է աշխատել սրճարանում՝ հավելելով, որ եկել է աշխատելու և սովորելու Alabuga Polytech-ում, ոչ թե Alabuga Start-ում։

«Նրանք, ովքեր հարձակվել են մեր հանրակացարանի վրա, բարբարոսներ են և արժանի են խիստ դատապարտման։ Նրանք փորձում էին մեզ վախեցնել։ Բայց ես ուզում եմ ասել, որ դա նրանց չի հաջողվել։ Դուք ինձ չե՛ք վախեցնի, քանի որ «Ալաբուգան» ամուր է, և մենք կհաղթահարենք այս ամենը»,- ասում էր կինը։