ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայիններին

Գործողություններն իրականացվել են այն շրջաններում, որոնք նախկինում վերահսկվում էին սիրիական ռեժիմի և ռուսական զորքերի կողմից

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը երկուշաբթի ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության» գրոհայինների և Սիրիայում գտնվող ճամբարների դեմ։ Նույն օրը հրապարակված հրամանատարության հայտարարության մեջ ասվում է, որ հարվածների արդյունքում սպանվել է 12 ահաբեկիչ։

Զեկույցում ասվում է, որ հարվածները հրամանատարության առաքելության մաս են կազմում՝ «խափանելու, թուլացնելու և ջախջախելու» ահաբեկչական խմբավորումը՝ կանխելու այն վերականգնելու օպերատիվ ուժը: Գործողություններն իրականացվել են այն շրջաններում, որոնք նախկինում վերահսկվում էին սիրիական ռեժիմի և Ռուսաստանի կողմից, ասվում է զեկույցում։

Հրամանատարության ղեկավար գեներալ Էրիկ Կուրիլան վերահաստատել է Միացյալ Նահանգների հաստատակամ հանձնառությունը՝ թույլ չտալ խմբին օգտվել տարածաշրջանում տիրող անկայունությունից:

«Աշխատելով տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ՝ Կենտրոնական հրամանատարությունը կկանխի ԴԱԻՇ-ի վերահաստատումը Սիրիայում ստեղծված իրավիճակի պայմաններում», - նշել է Կուրիլան:

Հրամանատարությունը նաև հայտարարել է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։

Հարվածները համընկել են շաբաթ օրը Սուեզի ջրանցքով անցնող USS Harry Truman ավիակիր հարվածային խմբի՝ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տարածք ժամանելու հետ: Խումբը, որը ներառում է կառավարվող հրթիռների կործանիչներ և հածանավ, տեղակայված է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը վերահսկելու համար:

Կենտրոնական հրամանատարությունը նաև առանձին հաղորդել է երկուշաբթի Եմենում Իրանի կողմից աջակցվող հութիների հրամանատարական օբյեկտի վրա կատարված ավիահարվածի մասին: Զեկույցում ասվում է, որ հաստատությունն օգտագործվել է հութիների գործողությունները համակարգելու համար, ներառյալ ԱՄՆ ռազմանավերի և առևտրային նավերի վրա Կարմիր ծովի հարավում և Ադենի ծոցում իրականացվող հարձակումները:

Հրամանատարն ասել է, որ հարվածն արտացոլում է ԱՄՆ հանձնառությունը պաշտպանելու ր անձնակազը, ինչպես նաև տարածաշրջանային գործընկերներին և միջազգային նավագնացությունը: