Մատչելի հղումներ

Տյուրոսի բնակիչները փորձում են վերականգնել ավերված բնակավայրը


Բաթուլ Մուհամեդ Սլիմը լաց է լինում, երբ հայրը՝ Մուհամեդ Սլիմը գրկում է իրեն, քանի որ նրանք հանդիպում են երկու ամիս անց, ըստ Մուհամեդի, այն բանից հետո, երբ Իսրայելի և Իրանի կողմից հովանավորվող «Հեզբոլլահի» միջև ուժի մեջ է մտել հրադադարը` Տյուրում, Լիբանան, 27 նոյեմբերի, 2024թ.
Բաթուլ Մուհամեդ Սլիմը լաց է լինում, երբ հայրը՝ Մուհամեդ Սլիմը գրկում է իրեն, քանի որ նրանք հանդիպում են երկու ամիս անց, ըստ Մուհամեդի, այն բանից հետո, երբ Իսրայելի և Իրանի կողմից հովանավորվող «Հեզբոլլահի» միջև ուժի մեջ է մտել հրադադարը` Տյուրում, Լիբանան, 27 նոյեմբերի, 2024թ.

Լիբանանի հարավում գտնվող հինավուրց Տյուրոս քաղաքը, որը համարվում է աշխարհում ամենահին բնակեցված վայրերից մեկը, նախորդ շաբաթներին իսրայելական ավիահարվածների թիրախում էր։ Երբեմնի աշխույժ ու մարդաշատ բնակավայրում ավերակները բազմաթիվ են։

Երկու ամիս տևած ավիահարվածները լուրջ հետևանքներ են ունեցել հարավային Լիբանանի Տյուրոս քաղաքի համար։ Մոտ վաթսուն շենք վերածվել է փլատակների, ամբողջական թաղամասեր այլևս ճանաչելի չեն։

77-ամյա Նադիա Հաբուսը կանգնած է իր տան փլատակների վրա։ Նրա տունը երկու անգամ ենթարկվել է հրետակոծության։

«Սա իմ տունն էր։ Այլևս չկա։ Մոտ մեկուկես ամիս մնացի Սուրում, բայց երբ ռմբակոծություններն ուժգնացան, ստիպված էի փախչել։ Հիմա հետ եմ եկել, բայց ի՞նչ է մնացել իմ տնից։ Փառք Տիրոջը»։

Էապես տուժել է նաև Տյուրոսի տնտեսական ակտիվության կենտրոններից համարվող Աբու Դիբ փողոցը։ Երբեմնի բանուկ առևտրային պողոտայում այժմ ամենուր պատերազմի հետքերն են։

Ալի Բադավիի ռեստորանը ենթարկվել է հրթիռակոծության հրադադարից ընդամենը մի քանի ժամ առաջ։

«Դժվար է։ Կփորձենք վերանորոգել, հետո կտեսնենք, թե ինչ կլինի, ինչպես Աստված կամենա։ Կմաքրենք փլատակները, կգնահատենք վնասը և ամեն ինչ նորից կսկսենք»։

Բնակելի շենքերից և ձեռնարկություններից բացի, ոչնչացվել է կենսական կարևոր հանրային ենթակառուցվածքը։ Տյուրոսի ջրամատակարարման կայանը, որը խմելու ջուր էր ապահովում 30 հազար բնակչի, այլևս չի գործում։

«Այս կայանը կենսական նշանակություն ունեցող հանրային օբյեկտ է։ Իսրայելը խոցել է այն՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց ջրի»։

Տուժել են նաև բուժհաստատությունները։ «Ջաբալ Ամել» հիվանդանոցի անձնակազմն ու հիվանդները պատմում են սարսափելի օրերի մասին։

«Մենք բոլորս՝ աշխատողները, նրանց ընտանիքներն ու երեխաները, 65 օր շարունակ մնացինք հիվանդանոցում։ Փորձում էինք հնարավորինս օգնել մարդկանց»։

Ավերածությունները ազդել են Տյուրոսի մշակութային և պատմական ժառանգության վրա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Տյուրոսի հուշարձանները անմիջականորեն չեն տուժել, սակայն հարվածները չեն շրջանցել հարակից տարածքները։

«Շուրջբոլորը ավերածություն է։ Այս տունն այստեղ էր ավելի քան 160 տարի։ Ի՞նչ են ուզում դրանից։ Այս շենքը կանգուն է մնացել մի քանի սերունդ»։

Չնայած ավերածություններին՝ կյանքը շարունակվում է։ Տյուրոսի հնագույն նավահանգստում ձկնորսները նորոգում են իրենց ցանցերը փյունիկյան պատի՝ քաղաքի տոկունության լուռ վկայի սևեռուն հայացքի ներքո։

XS
SM
MD
LG