Դամասկոսի ալ-Մուջթահիդ հիվանդանոցի մոտ հավաքված մարդիկ դանդաղ ուսումնասիրում էին բուժհաստատության պատերին փակցված սարսափելի լուսանկարները:
Ալ-Ասադի ռեժիմի օրոք բանտերում խոշտանգվածների պատկերներն են։ Յուրաքաչնյուրը իր կորսված հարզատին է փնտրում։ Շատերը հեռանում էին առանց պատասխանի։
Սև մազերով մի երիտասարդ կին ճչալով հեռանում էր պատից։
«Դուք գիտեիք այս մասին։ Միշտ գիտեիք։ Դուք ոչինչ չեք արել»,- բղավում էր նա։
Ամբոխը լուռ էր։ Մի տղամարդ խախտում է լռությունը. «Աստված մահից հետո իր արդարադատությունը ի կատար կածի»։
«Ի՞նչ Աստված։ Ես չեմ հավատում Աստծուն»,- պատասխանեց կինը ու հեռացավ
Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական ցանցի տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ անհետ կորել է Սիրիայում Բաշար ալ-Ասադի օրոք, սակայն տեղացիների կարծիքով՝ իրականում, թիվն ավելի մեծ է։
Նորություն չէ, որ ալ-Ասադի վարչակարգի ժամանակ մարդիկ հայտնվում էին ճաղերի հետևում ընդամենը քննադատելով կառավարությանը։
Օրինակ, Դամասկոսում բազմաթիվ են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը ինչ-որ մեկին է սպասում, և երբ հայտնաբերվում են նոր զանգվածային գերեզմաններ, հույսը, կարծես, աստիճանաբար, մարում է, որ անհետ կորածները մի օր կվերդառնան։
Ամենուր՝ մարդկանցով լեփ-լեցուն հացի փռում, որտեղ ժամերով հերթ են կանգնում, մզկիթի մոտ, որտեղ միշտ մարդաշատ է, սիրիացիները, կարծես, ցանկանում են հասկանալ, թե ինչ բան է ազատությունը, կամ հիվանդանոցի մոտակայքում, ուր մադրիկ չեն թաքցնում իրենց արցունքները, հարց էին տալիս՝ գոյություն ունի՞ գեթ մի ընտանքի, որը չի բախվել ողբերգությանը, չունի անհետ կորած մարդ։
«Դամասկոսում յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ մեկին կորցրել է», – ասում է հացի խանութի մոտ կանգնած մի տղամարդ։
Մզկիթում մի կին՝ Հիբա ալ-Սադֆին, ասում է, որ իր ընտանիքն այն սակավաթիվներից է, որ ոչ մեկին չի կորցնել, բայց նրա ամուսինը երեք տարի բանտում է եղել։
«Սնունդ և դեղորայք էի ուղարկում Ղուտա»,– պատմում է նրա ամուսինը՝ 45-ամյա Անաս ալ-Նեսմենը՝ Դամասկոսի սրտում գտնվող հռչակավոր Օմայանների մզկիթի բակում։
Ղուտան Դամասկոսի արվարձանն է, որտեղ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբից՝ 2011 թվականից, ապստամբության կենտրոն էր։ Այն հայտնի դարձավ հատկապես 2013-ին, երբ ալ-Ասադի ռեժիմը քիմիական զենք կիրառեց այնտեղ՝ սպանելով ավելի քան 1,400 մարդու։
«Նրանք ձերբակալեցին վարորդին, և նա նրանց ասաց, որ ես եմ ուղարկում», - պատմում է ալ-Նեսմենը։
Այնուհետև նա երեք տարի անցկացրել է բանտում, որտեղ բանտարկյալները մահանում էին սննդի և դեղորայքի պակասից, իսկ խոշտանգումները դարձել էին կյանքի անբաժանելի մասը։ Կինը՝ ալ-Սադֆին, ցույց է տալիս տղամարդու դաստակների վրա տեսանելի սպիները, որոնք մնացել էին, երբ ալ-Ասադի ռեժինի անվտանգության ծառայության սպաները ծխախոտ էին հագցնում նրա ձեռքերին։
«Նրա մեջքին դեռևս մտրակի հարվածների սպիներն են», - ավելացնում է ալ-Սադֆին։
Հուղարկավորություն
Հիվանդանոցից ոչ հեռու Մազեն ալ-Համադայի հուղարկավորությունն էր՝ մի երիտասարդի, ով մահացել էր տարիներ շարունակ բանտում կրած խոշտանգումների պատճառով։
Ալ-Համադան ձերբակալվել էր ապստամբական շրջաններ մանկական սնունդ տեղափոխելու համար։ Ազատ արձակվելուց հետո հեռացավ Եվրոպա, որտեղ սկսեց զբաղվել ալ-Ասադի ռեժիմի օրոք անազատության մեջ հայտնված ու խոշտանգումների ենթարկված սիրիացիների իրավունքների պաշտպանությամբ։
«Մարդկային ուղեղը դա չի կարող պատկերացնել։ Շատ մարդիկ մահացան խոշտանգումների պատճառով»,- պատմում է ալ-Համադան․ հարցազրույցը՝ համացանցում լայն տարածում գտած ֆիլմի մի մասն է, և նա նկարագրում է սարսափելի ծեծերն ու սեռական ոտնձգությունները, որոնց սիրիական բանտերում ենթարկվում էին մարդիկ։
Մեկ շաբաթ առաջ ալ-Համադայի մարմինը հայտնաբերվել էր հիվանդանոցում՝ տխրահռչակ Սեդնայա բանտի մյուս զոհերի շարքում:
Հետևում էինք թաղման թափորին։ Մարդիկ տանում էին դագաղը՝ փաթաթված նոր Սիրիայի դրոշով, որ ընդամենը օրեր առաջ ապստամբների խորհրդանիշն էր։
Մարդիկ բղավում էին՝ «Սիրիայի ժողովուրդը միասնական է», «Ժողովուրդը պահանջում է Բաշարի մահապատիժը»։
Դամասկոսի փողոցներում՝ ամենուր, գետնին, ալ- Ասադի՝ երկրի նախկին նախագահի նկարներն են։ Մարդիկ ոտնատակ էին անում Սիրիան գրեթե քառորդ դար իշխած բռնակալի պատկերները։
Ալ-Ասադի մեկ այլ պատառոտված դիմանկար մեզ էր նայում Սիրիայի Արդարադատության նախարարության շենքի ճակատից։ Շենքը հսկում էր միայնակ մորուքավոր մի զինվոր։
Հարցնում եմ՝ արդյո՞ք արդարություն պահանջող մարդիկ կհասնեն իրենց նպատակին։
«Շեյխ Աբու Մուհամեդը, Աստծո կամոք, կապահովի արդարադատությունը,- պատասխանում է նա՝ ակնարկելով Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիին՝ իշխանության եկած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդին։
Ընդամենը հաշված օրերի ընթացքում ապստամբները կարողացան երկրի հյուսիս-արևմտյան մասից մարտերով հասնել ու գրավել մայրաքաղաք Դամասկոսը։
Տոնակատարություն
Հյուրանոց վերադառնալու ճանապարհին Օմայանների հրապարակը լեփ-լեցուն էր։ Երիտասարդ տղամարդիկ ծածանում էին Սիրիայի նոր դրոշը, մեքենաների ազդանշաններ տալիս: Երեխաները լուսանկարվում են տանկի վրա կամ AK-47 ավտոմատներով:
Նույն պատկերն էր Հալեպում, թեև այստեղ տոնախմբությունը նկատելիորեն մարել էր։
Բազմաթիվ ձեռնարկություններ վերաբացվել էին, բայց ազգային արժույթը խիստ անկայուն էր, և, օրինակ, խանութպանները ասում էին, թե զգուշանում են իրենց ապրանքը վաճառել, որովհետև դրամն արագ արժեզրկվում է։
Հանդիպում ենք 20-ամյա Իմադ ալ-Սավային, ով անցած շաբաթ է վերադարձել Իրաքից։ Հալեպի միջնաբերդի մոտ սուրճ և ծխախոտ էր վաճառումւ: Երեք տարի արտերկրում փախստական լինելուց հետո տուն է վերադարձել՝ ապստամբների կողմից Հալեպը գրավելու հաջորդ օրը:
Ալ-Սավան փախել էր Սիրիայից 17 տարեկանում, ինչպես շատ այլ դեռահաս տղաներ, որպեսզի չմիանա կառավարական բանակին, կամ բանտ նստի: Պատմում է՝ Իրաքում ստիպված էր օրնիբուն աշխատել:
«[Բայց այդ ժամանակ] կարծես հոգիս կորցրել էի։ Հիմա վերագտել եմ»,- ասում է նա: