Այս նոյեմբերի վերջին Ուկրաինան վերադարձրել է 6-16 տարեկան ևս ութ երեխայի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից։ Ընդհանուր առմամբ, ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր հաջողվել է վերադարձնել 1,002 երեխա՝ հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։
Ուկրաինական իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանն օկուպացված ուկրաինական շրջաններից արտաքսել կամ հարկադիր կարգով տեղափոխել է գրեթե 20 հազար ուկրաինացի երեխաների։
ԱՄՆ Պետքարտուղարության աջակցությամբ Յեյլի համալսարանի Հանրային առողջության դպրոցում իրականացվել է լայնածավալ հետազոտություն, որի արդյունքում հաջողվել է նույնականացնել ավելի քան 300 ուկրաինացի երեխաների, որոնք պատերազմի առաջին ամիսներին դուրս են բերվել Ռուսաստան՝ Կրեմլի կողմից ֆինանսավորվող «ռուսիֆիկացման» ծրագրի շրջանակում։
Նաթանիել Ռեյմոնդ,
Յեյլի համալսարանի ներկայացուցիչ
Ռուսաստանի իշխանությունների իրականացրած այդ ծրագրի հետևում են կանգնած նախագահ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը ֆինանսավորել է տվյալների շետամարանի ստեղծումը։ Նրանք նաև օգտագործել են նախագահի աշխատակազմի ռեսուրսները՝ ուկրաինացի երեխաներին տեղափոխելու ու տեղավորելու համար։ Օգտագործել են նախագահի աշխատակազմին ենթակա օդանավեր։ Այսօրվա դրությամբ սրանք առավել մանրամասն ապացույցներն են, որ Պուտինը ոչ միայն տեղյակ է եղել տեղի ունեցածի մասին։ Նա գործի է դրել իր նյութատեխնիկական, քաղաքական ռեսուրսները և հանձնարարել Մարիա Լվովա-Բելովային, ինչպես արձանագրել ենք զեկույցում, վերացնել ուկրաինացի երեխաների որդեգրման հետ կապված բյուրոկրատական խոչընդոտները։
Ուսումնասիրության համաձայն՝ երեխաներին տեղափոխել են նախագահի աշխատակազմի վերահսկողության ներքո գտնվող ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռներով և այլ օդային փոխադրամիջոցներով։ Օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերին Դոնեցկի և Լուգանսկի մարզերի գրավյալ տարածքներից Ռոստովի մարզի տարածքով երեխաների խմբեր են տեղափոխել Մոսկվա։ Նույնականացված 314 երեխաներից 208-ին հանձնել են ռուսաստանյան ընտանիքներին։
Նաթանիել Ռեյմոնդ,
Յեյլի համալսարանի ներկայացուցիչ
Պուտինը և Մարիա Լվովա-Բելովան՝ նախագահական հրամանագրով և Ռուսաստանի օրենսդրության փոփոխությունների միջոցով, աշխատելով Պետդումայի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, սկսեցին փոխել Ռուսաստանի օրենքները քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություններ ստեղծել ժամանակավոր խնամակալությունից անցում կատարել հպատակագրման (նատուրալիզացիայի) և, այդպիսով, որդեգրման։ Դա կարևոր է, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, խախտում է միջազգային իրավունքը, նա փորձում էր այդ ծրագիրը համապատասխանեցնել Ռուսաստանի ներքին՝ դաշնային օրենսդրությանը։
Ընդ որում, Ռուսաստանը ոչ միայն բռնի տեղահանում է ուկրաինացի երեխաներին, այլև փորձում է փոխել նրանց ինքնությունը։ Ռուսական անձնագրեր է տալիս, ստիպում է լսել ռուսամետ ու ռազմականացված քարոզչություն։ Եվ այդ հանցավոր գործունեության մասին իրավապաշտպանները վաղուց են խոսում՝ ողջ աշխարհում։
Ցվետելինա Վան Բանտեմ,
Օքսֆորդի համալսարանի ներկայացուցիչ
Նաև տեսնում ենք ուկրաինական ինքնության ոչնչացմանն ուղղված գործողություններ։ Ուկրաինական գրավյալ տարածքներում կրթական համակարգն օգտագործվում է որպես ուկրաինական ինքնությունը ճնշելու գործիք։ Ուկրաինական դասագրքերը ոչնչացվում են և փոխարինվում ռուսականով։ Ուսուցիչներին ահաբեկում են, իսկ Պուտինի դիմանկարները հայտնվում են դպրոցների պատերին։ Կարևոր է նաև այդ տարածքներից ուկրաինացի երեխաներին հարկադրաբար Ռուսաստան տեղափոխելու հարցը։ Այս հանցագործությունները առանձին գործողություններ չեն, դրանք օրինազանցությունների մի ողջ համակարգի մաս են։
Ուկրաինացի երեխաներին բռնի տեղահանելու, փաստացի առևանգելու համար 2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր իջեցրեց։
Յեյլի համալսարանի հետազոտողները ներկայացնում են ապացույցներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ միջազգային իրավունքի շրջանակներում Պուտինի դեմ լրացուցիչ մեղադրանքներ առաջ քաշելու համար։
Վոլոդիմիր Զելենսկի,
Ուկրաինայի նախագահ
«Զեկույցը ցույց է տալիս ողջ աշխարհին, թե ուր է հասել Ռուսաստանը, որպեսզի ջնջի ուկրաինական ինքնությունը, և որքան համակարգային է այդ ուղղությամբ նրա քաղաքականությունը։ Ուկրաինան մշտապես աշխատում է մեր երեխաներին տուն վերադարձնելու, ինչպես նաև առևանգման սարսափելի հանցագործության բոլոր մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Սա բարդ մարտահրավեր է, բայց անում ենք անհրաժեշտ ամեն ինչ և երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ»։
Նաթանիել Ռեյմոնդը ներկայացրել է Յեյլի դպրոցի զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Նա Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել Ուկրաինային և համաշխարհային հանրությանը տրամադրել արտաքսված երեխաների ամբողջական ցուցակը։
Սակայն ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը կրկին հերքել է բոլոր մեղադրանքները։
Վասիլի Նեբենզյա,
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Այսօր ստիպված ենք այս դահլիճում լսել վերջին տարիներին տաղտկալի դարձած և բազմիցս հերքված կեղծիքները իբր Ռուսաստանի կողմից առևանգված ուկրաինացի երեխաների մասին։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներն ու նրա արբանյակները որոշել են այդ սյուժեն դուրս բերել գզրոցից, որպեսզի ուշադրություն շեղեն վերջին շրջանում իրենց ձեռնարկած էսկալացիոն քայլերից, որոնք միտված են խորացնել և ընդլայնել ուկրաինական հակամարտության աշխարհագրությունը և որոնք սպառնում են ուղղակի բախում առաջացնել միջուկային տերության հետ։ Նկատի ունեմ ATACMS և Storm Shadow հեռահար հրթիռներ օգտագործելու թույլտվությունը՝ մեր տարածքի խորքերը հարվածելու համար։
Լինդա Թոմաս-Գրինֆիլդ,
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
Ռուսաստանցի պաշտոնյաները և ռուսական [իշխանությունները] ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ են կատարել։ Այսօր կարող եմ հայտարարել, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հետամուտ է վիզային սահմանափակումներ հաստատել Ռուսաստանի կողմից աջակցվող կամ Ռուսաստանի կողմից նշանակված ևս հինգ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ուկրաինացի երեխաների իրավունքների խախտումների մեջ ներգրավված լինելու համար՝ կապված նրանց հարկադիր տեղահանության, տեղափոխման և ազատազրկման հետ։
ՄԱԿ-ը հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել իր ագրեսիան Ուկրաինայի դեմ։