Հարցը քննարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ նախորդ շաբաթ Վարշավա կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպեց Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին։ Սակայն, ըստ տեղեկությունների, հանդիպումը շոշափելի արդյունքներ չի տվել:
«Չեմ կարծում, որ համաեվրոպական անվտանգության ուղղությամբ լուրջ քայլ կարվի»,- կարծիք է հայտնումն բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի հետազոտող Սամանտա դե Բենդերնը։ Նրա խոսքով՝ օրինակ, Ֆրանսիան դեռ որոշում չունի իր զինվորներին խաղաղապահ առաքելությամբ Ուկրաինա ուղարկելու հարցում:
«Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է, և ուշադրությունը կենտրոնացած է ներքին հարցերի վրա: Թեև Մակրոնը և Տուսկը քննարկել են խաղաղապահ զորքերի տեղակայման հնարավորությունը, քաղաքական որոշում դեռ չկա։ Պարզ է միայն այն, որ խաղաղապահների տեղակայում հնարավոր կլինի զինադադարի դեպքում»,- ասում է դե Բենդերնը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում։
Your browser doesn’t support HTML5
Մեր զրուցղակցի կարծիքով՝ Մակրոնը կողմ է նման որոշմանը, և այսօր Ուկրաինայի ամենաակտիվ աջակիցներից է Եվրոպայում։
«Մարդը, ով պատերազմի սկզբում մշտապես զրուցում էր Պուտինի հետ, այսօր արդեն հասկանում է, թե ինչու է կարևոր Ուկրաինային աջակցելը և իրական խաղաղության հասնել, ոչ թե հրադադարի։ Սակայն Ֆրանսիայի հասարակությունը դեռ լիարժեք չի ըմբռնում հարցի կարևորությունը»,- ասում է Chatham House-ի ներկայացուցիչը։
Դե Բենդերնը ընդգծում է՝ Մակրոնը լայն լիազորություններ ունի Փարիզի արտաքին քաղաքականության մեջ, սակայն խաղաղապահ առաքելության որոշումը պետք է հանրային աջակցություն ստանա։
«Հիմնական հարցերից մեկն այն է, թե ով կղեկավարի խաղաղապահ զորախուբը։ Կա հավանականություն, որ Մեծ Բրիտանիան կմասնակցի այդ ուժերին, ինչպես նաև ֆրանսիացիները, լեհերը և մերձբալթյան երկրները։ Իտալիան, որպես Եվրոպայում մեծ բանակ ունեցող երկիր, նույնպես կարող է ներգրավվել, և Իտալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է պատրաստակամության մասին»,- նշում է Սամանտա դե Բենդերնը։
Միաժամանակ, անդրադառնակով Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող Բուդապեշտի հուշագրի երեսնամյակին, որի կնքվել էր 1994 թվականի դեկտեմբերի 5-ին, դե Բենդերնը խիստ քննադատական տեսակետ հայտնեց․ «Այդ փաստաթուղթն անգամ չարժե այն թղթին, որի վրա ստորագրվել է։ Զելենսկին սա հիանալի հասկանում է։ Մակրոնը այսօր հարց է բարձրացնում՝ ո՞րն է Ֆրանսիայի շահը։ Բայց Ֆրանսիան ներկայում ներքին քաղաքական ճգնաժամ է ապրում, և խորհրդարանական տարաձայնությունները խոչընդոտում են կառավարությանը լուրջ քայլեր ձեռնարկել այս հարցում»։
Արևմտյան որոշ դիտորդներ զգուշորեն նկատում են, որ Էմանյուել Մակրոնը, ըստ ամենայնի, հավակնում է Եվրամիության առաջնորդի ոչ ֆորմալ դերին, հատկապես հաշվի առնելով, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հնարավոր է շուտով լքի պաշտոնը։ Սակայն, ըստ Chatham House-ի վերլուծաբանի, «թեպետ Մակրոնը կարող է առաջնորդել եվրոպական երկրների կոալիցիան, բայց համաեվրոպական պաշտպանության հարցում լուրջ քայլերի համար դեռ շատ տարաձայնություններ կան Եվրամիության ներսում»։
«Ոչ ոք չի հավատում, որ Ռուսաստանի հետ հնարավոր է ինչ-որ բան պայմանավորվել»
Լեհական ONET լրատվական հարթակի սյունակագիր Վիտոլդ Յուրաշը գտնում է, որ եվրոպացի խաղաղապահների տեղակայումը Ուկրաինայում անխուսափելի է, քանի որ Արևմուտքը այլևս չի վստահում Ռուսաստանին։
«Ռուսաստանը, ցավոք, սրանով է տարբերվում Խորհրդային Միությունից։ Իհարկե, ԽՍՀՄ-ը կայսերապաշտական քաղաքականություն էր վարում, բայց եթե նրա հետ ինչ-որ բան պայմանավորվում էին, իր խոսքի տերն էր։ Սակայն Ռուսաստանն իր խոսքի տերը չէ, և աշխարհն էլ լուրջ չի վերաբերվում նրա տված երաշխիքներին։ Ոչ ոք չի հավատում, որ Ռուսաստանի հետ հնարավոր է ինչ-որ բան պայմանավորվել»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է նա։
Կրեմլում մշտապես հայտարարում են, որ Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ են պետք։ Սակայն, ըստ Յուրաշի, դա անհասկանալի է. «Ռուսաստանը կրկնում է, թե վախենում է, որ իր վրա հարձակվելու են, ուստի ինքն է հարձակվում ուրիշի վրա։ Լեհաստանի տեսանկյունից շփման գծում լավագույն լուծումը կլինի զինվորականների տեղակայումը, նախևառաջ՝ ամերիկացի, բայց նաև՝ ֆրանսիացի, բրիտանացի կամ գերմանացի։ Սա կստիպի Ռուսաստանին հասկանալ, որ եթե մի քանի տարի անց նոր պատերազմ սկսի, ստիպված կլինի դիմակայել Արևմուտքին»։
Վերլուծելով Ֆրանսիայի նախագահի այցը Վարշավա և նրա բանակցությունները Լեհաստանի վարչապետի հետ՝ Յուրաշը նշում է, որ Մակրոնի ու Տուսկի հանդիպումը «ճակատագրական» չէր, և այդ հարցի շուրջ բանակցություններ դեռ շատ կլինեն
«Ռուսական հասարակության տրամադրությունները ռազմատենչ են, իսկ Պուտինը վստահ է, որ տնտեսության հետ ամեն ինչ կարգին է»
Լեհական Gazeta Wyborcza-ի սյունակագիր Վացլավ Ռաձիվինովիչը նշում է, թե Դոնալդ Տուսկի հրաժարվելը լեհ զինվորականներ ուղարկել Ուկրաինա կարող է կապված լինել ԱՄՆ նոր նախագահի դիրքորոշման հետ։
«Թրամփը շատ է խոսել այն մասին, թե ինչպես է ավարտելու պատերազմն Ուկրաինայում՝ մի քանի հեռախոսազանգով։ Բայց այժմ նա ստիպված կլինի հասկանալ, թե ինչ իրավիճակ է իրականում։ Եվ մենք ստիպված ենք լինելու կարգուկանոն հաստատել այս «տարօրինակ և հեռավոր» Ուկրաինայում։ Թրամփն ասել է, որ եվրոպացիները պետք է զբաղվեն այս խնդրով, և ինքը ամերիկացի զինվորներ չի ուղարկի այնտեղ»,– «Ամերիկայի ձայնին» փոխանցում է Ռաձիվինովիչը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Էմանյուել Մակրոնն այս խոսքերը ընդունել է որպես քայլ կատարելու կոչ և որոշել է ղեկավարել եվրոպացի խաղաղապահներին Ուկրաինա ուղարկելու գործընթացը։
«Սակայն սա շատ տարօրինակ գաղափար է, քանի որ խաղաղապահներ ուղարկելու համար պետք է լինի երկու կողմերի համաձայնությունը՝ և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի»,- ասում է նա։
Լեհ լրագրողը հիշեցնում է, որ գրեթե երեք տարի առաջ Պուտինը վերջնագիր ներկայացրեց Արևմուտքին, պահանջելով, որ ՆԱՏՕ-ն նահանջի մինչև 1997 թվականի սահմանները և չօգնի Ուկրաինային դիմակայել ռուսական միջամտությանը։
«Այդ ժամանակվանից ի վեր Մոկսվան պարբերաբար կրկնում է իր պահանջները։ Չեմ կարծում, որ Պուտինը հիմա կշեղվի այդ դիրքորոշումից։ Ուկրաինական ռազմաճակատը չի փլվել, բայց ռուսական զորքերը շարունակում են փոքր քայլերով առաջ շարժվել։ Ռուսական հասարակության տրամադրությունները ռազմատենչ են, իսկ Պուտինը վստահ է, որ տնտեսության հետ ամեն ինչ կարգին է։ Այս դեպքում, ինչու՞ նա պետք է համաձայնի ինչ-որ զինադադարի, որը չի համապատասխանում իր պահանջներին»,– եզրափակում է Ռաձիվինովիչը։