Մատչելի հղումներ

Ի՞նչ են խոսել Թրամփը, Մակրոնը և Զելենսկին ուկրաինական պատերազմի մասին


Թրամփը, Զելենսկին և Մակրոնը
Թրամփը, Զելենսկին և Մակրոնը

Reuters-ի աղբյուրները որոշ տեղեկություններ են հայտնել Ելիսեյան պալատում տեղի ունեցած զրույցի մասին։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդիպել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Երեք առաջնորդները քննարկել են ուկրաինական պատերազմին վերջ տալու ուղիները։

Reuters-ին հայտնի է դարձել որոշ մանրամասներ:

Թրամփը, Մակրոնն ու Զելենսկին Ելիսեյան պալատում խոսել են մոտ 35 րոպե՝ առանց օգնականների։ Այս մասին Reuters-ին փոխանցել են չորս անանուն աղբյուրներ։

Թրամփը կրկնել է անհապաղ զինադադար հաստատելու մասին իր խոսքը։

Ըստ հաղորդագրության՝ Դոնալդ Թրամփը զերծ է մնացել մանրամանսել, թե ռազմական գործողությունները ինչպես պետք է ավարտվեն և չի մեկնաբանել ուկրաինական կողմի առաջարկը՝ խաղաղ կարգավորման շրջանակում Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի քանի առանցքային կետերի։ Օրինակ՝ ասվել է, որ երաշխիքներ են պետք, քանի որ հրադադարը բավարար չէ: Պուտինը կարող է կրկին խախտել այն, ինչպես որ արել է նախկինում»,- նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի անանուն աղբյուրը՝ հավելելով, թե «[Թրամփը] մտորում է բոլոր մանրամասների մասին»։

Թրամփին մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ նորընտիր նախագահի նպատակը անձնական փոխըմբռնման հասնելն է, և այդ գործոնը կարևոր է նրա համար։

Զրույցի ընթացքում Զելենսկին և Մակրոնը կանգ են առել այն խնդիրների վրա, որոնք կարող են ծագել, եթե Վաշինգտոնը դադարեցնի Կիևին աջակցություն ցուցաբերել։

Աղբյուրների ներկայացմամբ՝ Մակրոնն ասել է, որ եթե Ուկրաինան պարտություն կրի, ԱՄՆ մրցակիցները, այդ թվում՝ Չինաստանը, դա կընկալեն որպես Վաշինգտոնի թուլություն:

«Չկա այնպիսի սցենար, ըստ որի Ուկրաինայի պարտության դեպքում Ամերիկան կհաղթի։ Աշխարհը հետևում է, [թե ինչ է կատարվում]»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Ուկրաինական աղբյուրի փոխանցմամբ՝ Զելենսկին կարծիք է հայտնել, թե միջազգային հարթակում Պուտինը զգուշանում է միայն Թրամփից, հնարավոր է՝ նաև Չինաստանից, և կայուն խաղաղության համար Վաշինգտոնը պետք է «իրոք, ուժեղ լինի»։

Այնուհետև՝ Մակրոնը հանդիպման ժամանակ ընդգծել է, թե եվրոպացիները շատ բան են արել Ուկրաինային աջակցելու համար, և որ իրենք պատրաստ են Միացյալ Նահանգների հետ հավասարաչափ կիսել անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը:

Հիշեցնենք՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում Դոնալդ Թրամփն օրերս առաջադրել է Քիթ Քելլոգին։

«Ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգի թեկնածությունը՝ որպես [ԱՄՆ] նախագահի օգնական և Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց: Քիթն ունի նշանավոր ռազմական և գործարար փորձ, ներառյալ՝ իմ առաջին վարչակազմում զբաղեցնելով ազգային անվտանգության գծով բարձր, պատասխանատու պաշտոններ: Նա ինձ հետ էր հենց սկզբից։ Միասին մենք խաղաղություն կապահովենք ուժի դիրքերից, և Ամերիկան ու աշխարհը կրկին ապահով կդարձնենք»,– ասված է Թրամփի հայտարարությունում։

2024 թվականի հուլիսին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Քելլոգը նշել էր, թե կարևոր է գտնել պատերազմը դադարեցնելու ուղին:

XS
SM
MD
LG