Վաշինգտոնում ուշադրությամբ հետևում են սիրիական զարգացումներին

Մարդիկ տոնում են Ասադի հեռացումը իշխանությունից Դամասկոսի արվարձան Դարայայում, 2024 թվականի դեկտեմբերի 9

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի արձագանքել են Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանը։ Վաշինգտոնն ուշադրությամբ հետևում է սիրիական զարգացումներին․ գաղտնիք չէ, որ տարածաշրջանում ԱՄՆ-ն ունի ռազմավարական շահեր։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անդրադարձել է Սիրիայում ապստամբ ուժերի հաջող գործողությունների արդյունքում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանը։

«Վերջապես, Ասադի ռեժիմը տապալվեց: Այդ վարչակարգը դաժան խոշտանգումների էր ենթարկում ու սպանում հարյուր հազարավոր անմեղ սիրիացիների: Ռեժիմի տապալումը արդարադատության հիմնարար ակտ է: Սա պատմական հնարավորություն է Սիրիայի բազմաչարչար ժողովրդի համար՝ ավելի լավ ապագա կառուցելու՝ հանուն իրենց հպարտ երկրի»,- ասել է Բայդենը:

Բայդենը նաև անդրադարձել է այն քայլերին, որոնք ԱՄՆ-ը նախատեսում է ձեռնարկել՝ հաշվի առնելով փոխված իրավիճակը:

Your browser doesn’t support HTML5

Բայդենն ու Թրամն արձագանքել են ալ-Ասադի վարչակարգի տապալմանը

«Առաջինը՝ կաջակցենք Սիրիայի հարևաններին, այդ թվում՝ Հորդանանին, Լիբանանին, Իրաքին և Իսրայելին, եթե այս անցումային շրջանում Սիրիայից որևէ սպառնալիք առաջանա»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի ևս արձագանքել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին՝ իրեն պատկանող Truth Social սոցիհարթակում գրելով․ «Ասադը հեռացավ: Նա փախել է իր երկրից։ Նրա պաշտպան Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան»։

Նախօերին Թրամփը գրել էր. «Սիրիան խառնաշփոթի մեջ է, բայց մեր բարեկամը չէ, և Միացյալ Նահանգները չպետք է խառնվի։ Սա մեր պատերազմը չէ»:

Այդուհանդերձ, փորձագետները զգուշացում են՝ ալ-Ասադի վարչակազմի անկմանը հետևած ուրախությունը Սիրիայում չի կարող ի չիք դարձնել երկրի առջև ծառացած հսկայական խնդիրները:

«[Սիրիայում] հումանիտար իրավիճակը խնդիր է, որին, կարծում եմ, մենք և ՄԱԿ-ի մյուս պետությունները պետք է անդրադառնանք: Երկրորդը՝ քիմիական զենքի և այլ ռազմական հնարավորությունների հարցն է։ Չենք ցանկանում, որ դրանք սխալ ձեռքերում հայտնվեն»,- ասում է ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսպերը։

Վաշինգտոնում վստահ են՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում առկա ամերիկյան ռազմավարական շահերը՝ Վաշինգտոնում շարունակելու են ուշադիր հետևել, թե ով է ստանձնելու իշխանությունը Սիրիայում և որ ուղղությամբ կշարժվի երկիրը ալ-Ասադից հետո: