Բազամթիվ իսրայելցիների համար «Համասի» ձեռքում գտնվող մոտ 100 համաքաղաքացիների հարցը շարունակում է կարևորագույնը մնալ:
Պատանդների շատ հարազատների նման Յարդեն Գոնենը չի դադարում ջանքերը՝ համոզվելու, որ քույրն ու մյուս պատանդները ողջ են: Անցած տարվա հոկտեմբերի 7-ի հրեական պետության դեմ «Համասի» արյունալի գրոհի ժամանակ պատանդառված Ռոմի Գոնենի քույրն ասում է․ «Մեզ լքված ենք զգում։ Ինչպե՞ս է աշխարհն ավելի շատ հավատում ահաբեկչական կազմակերպությանը, քան անմեղ մարդկանց»:
Նախորդ ամիսներին Իսրայելում աճեց պատանդներին ազատ արձակելու նպատակով Գազայում հրադադար հաստատելը պահանջող մարդկանց քանակն ու բողոքի ալիքը։
Բողոքի գագաթնակետը, թերևս, այն ժամանակ էր, երբ հարյուր հազարավոր իսրայելցիներ դուրս եկան փողոցներ։ Անմիջական պատճառը իսրայելցի վեց պատանդներ սպանությունն էր, որոնց մարմինները հայտնաբերել էին իսրայելցի զինվորները:
Գիլ Դիքմանը այդ պատանդներից մեկի՝ Կարմել Գաթի զարմիկն է։ Ասում է, որ բողոքի ակցիաները ի ցույց են դնում իսրայելցի ժողովրդի պահանջների ու Նեթանյահուի կառավարության գործողությունների միջև առկա մեծ անջրպետը:
«Իսրայելցիների մեծ մասը ցանկանում է, որ պատանդները տուն վերադառնան, և նրանք պատրաստ են վճարել այդ գինը: Կառավարությունը, ղեկավարությունը գերադասում է այս պատերազմը հավերժ շարունակել, նույնիսկ եթե պատանդները մնան գերության մեջ»,- ասում է Դիքմանը։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ Գազայում մարտական գործողությունների ավարտը՝ պատանդների շուրջ գործարքով և զինադադարով կնշանակի, որ «Համասը» մնում է իշխանության ղեկին և ապագայում կարող է կրկնել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի արյունալի գրոհը։
Բայց Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև հրադադարի հաստատումից հետո շատերը սկսեցին հույս փայփայել, որ նույնը կարող է տեղի ունենալ «Համասի» հետ:
Ինչևէ, իսրայելցի դիտորների նեկակացմամբ՝ հասարակությունը դեռ հոկտեմբերի 7-ի տրավմայի մեջ է:
Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Շելի Թալ Մերոնն ասում է․ «Երկար ժամանակ կպահանջվի Իսրայելի հասարակության վերականգնման համար: Բայց կարծում եմ, որ առանց պատանդներին տուն վերադարձնելու վերականգնում հնարավոր չէ։ Դա առաջին քայլն է: Երբ նրանք այստեղ կլինեն, բոլոր հնարավորությունները կունենանք՝ հոգ տանել նրանց և իսրայելական հասարակության մասին»:
Այս ամենի ֆոնին՝ վերջերս «Համասը» տարածեց մի տեսանյութ, ուր իսրայելաբնակ ամերիկացի ու Գազայում պատանդ Էդան Ալեքսանդրը խնդրում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին օգնել իրեն ազատ արձակել:
Հայտնի է նաև Թրամփի դիրքորոշումը, թե գինը շատ բարձր կլինի, եթե մինչև իր պաշտոնամուտը պատանդներն ազատ չարձակվեն։