Մատչելի հղումներ

Մոսուլի բնակիչները մտահոգ են՝ Սիրիայում սկիզբ առած ռազմական գործողությունները կարող են տարածվել Իրաք


Իրաքի Մոսուլ քաղաք
Իրաքի Մոսուլ քաղաք

Իրաքի Մոսուլ քաղաքի բնակիչներն ու իշխանությունները մտահոգ են, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապստամբ խմբավորումների վերջին գրոհներն կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հարևան Իրաք, որի հյուսիս-արևմուտքում 2014-2017 թվականներին իշխում էր «Իսլամական պետությունը»:

Սիրիական ապստամբ ուժերի վերջին հաջողությունները, այդ թվում՝ Հալեպի գրավումը իսլամիստների կողմից, որոնց ԱՄՆ-ն ճանաչում է ահաբեկչական ուժ, անհանգստություն է առաջ բերել հարևան Իրաքում։ Օրինակ, Մոսուլ քաղաքի բնակիչները մտահոգ են․ թարմ է հիշողությունը 2014-2017 թվականներին հարակից շրջաններում իշխած «Իսլամական պետության» մասին։

Թեև Մոսուլը մոտ 600 կիլոմետր հեռավորության վրա է Սիրիայից, սակայն իսլամիստ ապստամբների հարձակումը կարող է քաջալերել Իրաքում գտնվող վերջիններիս համախոհներին:

«Իրաքում, հատկապես Մոսուլում, մարդիկ մտահոգ են, թե 2014 թվականի սցենարը կարող է կրկնվել: Այն կարող է ավելի վատ լինել, քան նախկինում էր: Ներկա իրավիճակը հուսադրող չէ»,- ասում է Մոսուլի բնակիչ Մութանա Նահարին:։

Նինվե նահանգի պաշտոնյաների խոսքով՝ միջոցներ են ձեռնարկել սիրիական սահմանի երկայնքով՝ կանխելու ռազմական գործողությունների տարածումը դեպի Իրաք:

Նինվեի նահանգային խորհրդի Անվտանգության կոմիտեի ներկայացուցիչ Մուհամեդ Քական ասում է․ «Սիրիայի հետ սահմանին՝ Նինվե նահանգում տեղադրվել են ջերմատեսիլ տեսախցիկներ։ Մեր սահմանապահները պատրաստ են դիմագրավել ցանկացած սպառնալիք»։

Քականը հավելում է, թե Իրաքի կենտրոնական իշխանությունները նաև ամրապնդել են կապերը քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ, որոնք ԱՄՆ հիմնական գործընկերն էին «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում:

Այդուհանդերձ, դիտորդները զգուշացնում են, որ Սիրիայում ռազմական գործողությունների ընդլայնման պարագայում ալիքը կարող է տարածվել նաև հարևան Իրաք:

«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, էական ազդեցություն ունի մեզ վրա՝ Իրաքում։ Երկու երկրների միջև կապն ամուր է, հատկապես, երբ խոսքն այն խմբավորումների մասին է, որոնք կապված են Իրանի հետ և աջակցում են սիրիական ռեժիմին»,- ասում է Իրաքի հարցերով վերլուծաբան Մուհամմեդ Ղասուբը:

Ինչևէ, Իրաքի կենտրոնական իշխանությունները ասում են, թե Բաղդադը կգործադրի բոլոր ջանքերը ապահովելու երկրի անվտանգությունը:

XS
SM
MD
LG