Մինչև իր մահը՝ 2023 թվականի օգոստոս, Եվգենի Պրիգոժինը ռուսաստանցի վարձկանների «Վագներ» խմբավորման առաջնորդն էր։
2014 թվականին խմբավորումը սկսեց հազարավոր վարձկանների ուղարկել Ուկրաինա և Մերձավոր Արևելքում՝ կռվելու ու մեռնելու Ռուսաստանի շահերի համար:
«2014 թվականին ականատես եղանք սերտ համագործակցության [«Վագների» ու Ռուսաստանի] պաշտպանության նախարարության և ռուսական այլ կառույցների միջև Ուկրաինայում ու Սիրիայում»,- ասում է լրագրող և հետազոտող Ջոն Լեչները:
Խմբավորումը սկսեց գործել նաև Աֆրիկայում։ 2019 թվականի վերջին «Վագները» գրասենյակներ ուներ աֆրիկյան 20 երկրներում։ Այնուհետև ի հայտ եկան տեղեկություններ «Վագների» զինյալների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, աֆրիկացի խաղաղ բնակչությանը սպանելու դեպքերի մասին:
«Սահարայի այս վայրերում, իրոք, ռուսական պետական ներկայությունը շատ քիչ էր, բացի Եվգենի Պրիգոժինի կառույցներից: Պրիգոժինն ու «Վագները», իրականում, ստեղծում էին Ռուսաստանի ազգային շահերը Աֆրիկայի այս վայրերում»,- նշում է Լեչները:
Սակայն 2023 թվականի հունիսին Պրիգոժինի հարաբերությունները Կրեմլի հետ ավարտվեցին, երբ «Վագների» առաջնորդը ապստամբություն բարձրացրեց Ռուսաստանի իշխանությունների դեմ: Ընդամենը երկու ամիս անց նա մահացավ ավիավթարից։
Բազամթիվ են դիտորդները, որոնց կարծիքով Պրիգոժինին սպանել են, և «Վագների» ղեկավարի մահից հետո Կրեմլը սկսեց տարրալուծել խմբավորումը ռուսական ուժային կառույցների մեջ:
«Նախորդ մեկուկես տարվա ընթացքում տեսանք, որ Պրիգոժինի կայսրությունը տրոհվում է տարբեր կառույցների մեջ: Ինչ-որ մեկը գնում է պաշտպանության նախարարություն, ինչ-որ մեկը՝ ռուսական ազգային գվարդիա, ինչ-որ մեկը բաժին հասավ Չեչնիայի «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատին, իսկ ինչ-որ մեկն էլ նախընտրեց բոլորովին այլ կառույց»,- նշում է ռուսաստանցի լրագրող Իլյա Բարաբանովը:
Ուկրաինացի վերլուծաբան Մարիա Կուչերենկոն ասում է, թե այդ ամենի հետևում կանգնած է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը՝ ГРУ-ն:
«Ի սկզբանե «Վագները» եղել է ГРУ-ի հրամանատարության ներքո։ Իրականում, ոչինչ չի փոխվել, երբ խոսքը վերաբերում է խմբավորման գոյության ու գործունեության համար պատասխանատու հիմնական կառույցին»,- ասում է Կուչերենկոն:
Պաշտոնապես «Վագներն» այլևս չի կռվում Ուկրաինայում։ Այդ անում են նախկին վարձկանները։ Դիտորդների խոսքով՝ ուկրաինական հակամարտության ելքից շատ բան է կախված, թե ինչ ապագա կունենան ռուսաստանցի վարձկաններից կազմված նման խմբավորումները։
«Ռուսաստանի կառավարությունը տրամադրության տակ է լինելու նման վետերանների հսկայական ռեսուրս, որոնք կռվել են այս պատերազմում, և նրանց, հավանաբար, կարող են օգտագործել այլ՝ հեռավոր հակամարտություններում»,- ասում է Բարաբանովը: