Հնդկաստանում լավատես են՝ Դոնալդ Թրամփի օրոք Վաշինգտոնի հետ կապերը կարող են խորանալ։ Օրինակ, ամերիկյան նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը կոշտ դիրքորոշում էր որդեգրել Չինաստանի նկատմամբ, իսկ Հնդկաստանը կարևոր հակակշիռ է Պեկինին Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանոմ:
«[Թրամփի] առաջին ժամկետում Չինաստանի հարցը, իրոք, կարևորություն ստացավ, և Չինաստանի շուրջ բանավեճը տեղափոխվեց այլ մակարդակ։ Կարծում եմ՝ Հնդկաստանը հույս ունի, որ, գուցե, կկարողանա առաջ շարժվել այդ ուղղությամբ, ինչը թույլ կտա Հնդկաստանին ու ԱՄՆ-ին համագործակցության նոր ուղիներ գտնել»,- ասում է Observer Research Foundation-ի ներկայացուցիչ Հարշ Փենթը։
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար Թրամփի ընտրությունը՝ Մարկո Ռուբիոն, նույնպես հայտնի է Չինաստանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:
Նյու Դելիից ակնարկում են, թե ի տարբերություն այլ երկրների, չեն նյարդայնանում Թրամփի սպասվող նախագահության պատճառով։
«Հիշեցնում եմ ձեզ, որ Quad-ը վերածնվեց Թրամփի նախագահության օրոք»,- ասում է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյան Ջայշանկարը:
Անվտանգության հարցերի շուրջ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ճապոնիայի ու Հնդկաստանի միջև համագործակցությունը կոչվում է Quad, և այդ ձևաչափում կապերը խորացան Թրամփի օրոք։
«Այդ ժամանակահատվածում ահռելի թռիչք տեղի ունեցավ հատկապես պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև գիտահետազոտական և զարգացման ոլորտներում»,- ասում է Ջավահարլալ Ներուի անվան համալսարանի ներկայացուցիչ Սվարան Սինգհը։
Հնդկաստանում նաև հուսով են, որ Թրամփն ավելի մեղմ մոտեցում կցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ՝ ջանքեր գործադրելով ուկրաինական պատերազմի դադարեցման ուղղությամբ, ինչը կդյուրացնի Հնդկաստանի հարաբերությունները Վաշինգտոնի և Մոսկվայի հետ:
Գաղտնիք չէ, որ անտեսելով ամերիկյան պատժամիջոցները՝ Նյու Դելին շարունակում է առևտրա-տնտեսական կապերը Մոսկվայի հետ։
«Հնդկաստանը փոքր-ինչ ավելի հանգիստ կդառնա, եթե Ռուսաստանը նման ծայրահեղ ճնշման ներքո չլինի, ինչը բերում է Չինաստանից Մոսկվայի կախվածության մեծացմանը»,- շարունակում է Սինգհը:
Այս ամենի ֆոնին, սակայն, Թրամփի առևտրային քաղաքականությունը կարող է ճնշումների հանգեցնել Նյու Դելիի վրա, որպեսզի Հնդկաստանը նվազեցնի մաքսատուրքերը ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Թրամփը Նյու Դելիին անվանել էր մաքսատուրքերի «մեծ չարաշահող», չեղարկել էր Հնդկաստանի հետ գոյություն ունեցող արտոնյալ առևտրային կարգավիճակը:
«[Հարցի շուրջ] առևտուր, բանակցություններ բանակցություններ են լինելու։ Հետո՝ որոշակի փոխզիջումներ կլինեն»,- ասում է Հնդկական-Խաղաղօվկիանոսյան հետազոտությունների Կալինգայի ինստիտուտի ներկայացուցիչ Չինտամանի Մահապատրան։
Խնդիրների կարող է բախվել նաև Հնդկաստանի մտադրությունը՝ ԱՄՆ հետ իրականացնել ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն:
«Հնդկաստանն առաջ է մղում «Պատրաստել Հնդկասատնում» ծրագիր, և ամերիկյան ռազմա-արդյունաբերության ոլորտի ընկերություններին առաջարկում է ներդրումներ կատարել Հնդկաստանում, արտադրել Հնդկաստանում։ Ուստի, որոշակի հակասություններ կարող են ի հայտ գալ «Պատրաստել Հնդկասատնում» և «Դարձնել Ամերիկան կրկին հզոր» ծրագրերի միջև, քանի որ պարոն Թրամփը կոչ է անում արտադրական կարողությունները զարգացնել ԱՄՆ-ում»,- նշում է Հարշ Փենթը:
Այնուամենայնիվ, Նյու Դելիում մեծ կարևորություն են տալիս Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև ստեղծված փոխհարաբերություններին:
«Մոդին ֆանտաստիկ է։ Նկատի ունեմ՝ ֆանտաստիկ մարդ»,- ասում է Թրամփը:
«Քաղաքական առաջնորդների միջև հաստատված քիմիան առանցքային է հարաբերությունները կայունացնելու, տարաձայնությունները կարգավորելու և փոխգործակցությունը նոր բարձունքների հասցնելու համար»,- նշում է Չինտամանի Մահապատրան:
Ինչևէ, չնայած լավատեսական սպասումներին, Նյու Դելիում պատրաստվում են մարտահրավերների ԱՄՆ նորընտիր նախագահի կողմից, որին շատերն անկանխատեսելի են համարում: