Մատչելի հղումներ

Հնդկաստանը դիվերսիֆիկացնում է զենքի գնումները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին


Հնդկաստանի ավիակիր
Հնդկաստանի ավիակիր

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ «SIPRI»-ի համաձայն, նախորդ տասնամյակներին Հնդկաստանի ներմուծած սպառազինության մոտ 65%-ը բաժին է ընկել Մոսկվային։

Հնդկաստանը ձգտում է նվազեցնել կապերը Ռուսաստանի՝ սպառազինության իր ամենամեծ մատակարարի հետ, երբ Ուկրաինայի դեմ Կրեմլի սանձազերծած պատերազմը բարդացրեց ռուսական զենք-զինամթերքի՝ ժամանակին մատակարարումները:

Հդկական փորձագետների խոսքով, թեև ռազմա-տեխնիակական համագործակցության առումով Մոսկվայի հետ կապերը տակավին սերտ են, սակայն
Հնդկաստանը, որ համարվում է աշխարհում սպառազինության ամենամեծ ներկրողը, սկսում է Արևմուտքին դիտարկել որպես այլընտրանք:

Պատճառներից մեկը Չինաստանի հետ Մոսկվայի մերձեցումը կանխելն է։

Բայց մյուս կողմից Հնդկաստանը պետք է կրկնակի զգուշավորություն ցուցաբերի, քանզի 2022 թվականի արդյունքներով Նյու Դելին նաև ռուսական նավթի խոշորագույն գնորդներից է, և այդ առևտրի դադարեցումը կարող է Մոսկվային ավելի մոտեցնել Պեկինին, որը Կրեմլի հետ սովորական կարգով առևտուրը շարունակող տարողունակ մյուս տնտեսությունն է:

Վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հայտարարեց, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հնդկաստանին՝ ավելացնելու պաշտպանական արտադրանքը։

Հնդիկ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, Նյու Դելիի հարաբերությունները Կրեմլի «շատ ամուր են», երկկողմ առևտրային կապերը ռեկորդային մակարդակի վրա են՝ շնորհիվ էներգիտակյի բնագավառում համագործակցության, պարարտանյութերի և պողպատի արդյունաբերության համար նախատեսված ածխի առևտրի։ Սակայն Ջայշանքարը շրջանցեց ռազմա-տեխնիկական ոլորտում առկա խնդիրները:

Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն ձգտում է ամրապնդել կապերը Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Չինաստանի աճող ազդեցությունը զսպելու նպատակով:

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի տվյալների համաձայն, նախորդ երկու տասնամյակներին Ռուսաստանին բաժին է ընկել սպառազինության ոլորտում Հնդկաստանի նեմուծման 65%-ը՝ ավելի քան 60 միլիարդ դոլար, սակայն Ուկրաինայի պատերազմը պատճառ դարձավ, որ Նյու Դելին դիվերսիֆիկացնի զենքի մատակարարման իր աղբյուրները:

«Դժվար թե Ռուսաստանի հետ որևէ խոշոր ռազմական պայմանագիր ստորագրենք։ Այն անընդունելի կլինի Վաշինգտոնի համար»,- ասում է Նյու Դելիի «Observer Research Foundation»-ի Ռուսաստանի գծով փորձագետ Նանդան Ուննիկրիշնանը:

Թեև Ռուսաստանը հրապարակավ կոչ է արել Հնդկաստանին խորացնել երկկողմ ռազմա-տեխնիկական համագործակցությունը, սակայն դիտորդները նշում են՝ վարչապետ Նարենդրա Մոդի գլխավորած կառավարությունը կենտրոնացել է արևմտյան տեխնոլոգիաների կիրառմամբ տեղի արտադրությունը խթանելու ուղղությամբ:

Մոդիի ջանքերի հիմքում նաև «Make in India» ծրագիրն է՝ խրախուսել հնդկական արդյունաբերությունը:

Ըստ Հնդկաստանի պաշտպանության նախարարության, առաջիկա տասնամյակում ռազմա-տեխնիկական պատվերների ուղղությամբ երկիրը նախատեսում է ծախսել մոտ 100 միլիարդ դոլար։

Անցած տարի Վաշինգտոնի ու Նյու Դելիի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն, ամերիկյան «General Electric» ընկերությունը սկսելու է կործանիչների համար շարժիչներ արտադրել Հնդկաստանում, և սա առաջին նմանատիպ գործարքն է մի երկիր հետ, որը պաշտոնապես ԱՄՆ դաշնակիցը չէ։

Երկու երկրների պաշտոնյաների փոխանցմամբ, Հնդկաստանը չի պատրաստվում բավարարվել ձեռք բերվածով և ծրագրում է ընդլայնել ռազմա-տեխնիկական համագործակցությունը ԱՄՆ հետ։

«Էներգետիկ և այլ ոլորտներում Ռուսաստանի հետ առևտուրը կօգնի Մոսկվային հնարավորինս հեռու պահել Չինաստանից», - ասել է Ուննիկրիշնանը:

Հնդիկ պաշտոնյաների խոսքով, Հնդակաստան ռուսական սպառազինության մատակարարումները, ընդհանուր առմամբ, վերականգնվել են Ուկրաինայի պատերազմի պատճառով սկիզբ առած ընդհատումներից հետո, սակայն Նյու Դելիի մտահոգությունները ամբողջությամբ չեն փարատվել:

«Քանի որ Ուկրաինայում պատերազմը ձգձգվում է, հարցեր են ծագում՝ արդյո՞ք Ռուսաստանը կկարողանա մեզ պահեստամասեր մատակարարել: Սա պատճառ է հանդիսանում դիվերսիֆիկացնել [գնումները]»,- ասում է Մանոհար Պարիկարի անվան պաշտպանական հետազոտությունների և վերլուծությունների պետական ինստիտուտի Եվրասիայի հարցերով փորձագետ Սվաստի Ռաոն։

Ըստ պաշտոնյաների, խորհրդային կամ ռուսական արտադրության տանկերը, ավիակիրները, զենիթահրթիռային համալիները և այլ զինատեսակները կազմում են Հնդկաստանի ռազմական տեխնիկայի ավելի քան 60%-ը, և այդ ամենը սարքին պահելու համար առաջիկա երկու տասնամյակներում Նյու Դելիին անհրաժեշտ են Ռուսաստանից ներկրված պահեստամասեր, դետալներ:

Տակավին որևէ առաջընթաց չկա դեռ 2015 թվականին հնդկական կողմի հետ կնքված համաձայնգրևի ուղղությամբ, ըստ որի Հնդկաստանում պետք է արտադրվեն ռուսաստանյան «Камов Ка-226Т» ուղղաթիռներ և 200-ը՝ հնդկական զինված ուժերի համար։ Փոխարենը, 2022 թվականին Հնդկաստանի զինված ուժերը սկսեցին ստանալ տեղական՝ պետական «Hindustan Aeronautics Ltd» ընկերության արտադրած հարձակողական ուղղաթիռները։

Ռուսաստանը նաև ուշանում է հակաօդային պաշտպանության համակարգերի մասերի մատակարարումները, որոնք Հնդկաստանը գնել է դեռ 2018 թվականին՝ 5,5 միլիարդ դոլարով:

XS
SM
MD
LG