ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու Միջազգային քրեական դատարանի նախօրեին արձակած կարգադրությունները։
Այս մասին նշված է Սպիտակ տան կողմից հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ։
«Զայրացուցիչ է: Թույլ տվեք պարզաբանել՝ ինչ էլ ենթադրի Միջազգային քրեական դատարանը, Իսրայելի և «Համասի» միջև հավասարություն չկա: Միշտ աջակցելու ենք Իսրայելին՝ նրա անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում»,- ասված է ԱՄՆ նախագահի հայտարարությունում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու կարգադրությունը զայրույթ է առաջացրել նաև Իսրայելում։ Նեթանյահուն արձագանքել է, թե որոշման հիմքում «հակահրեական ատելությունն է»:
«Ոչ մի հակաիսրայելական որոշում չի խանգարի մեզ, հատկապես ինձ շարունակել պաշտպանել մեր երկիրը։ Չենք ենթարկվի ճնշմանը»,- ասել է Բենյամին Նեթանյահուն համաքաղաքացիներին ուղղված տեսաուղերձում:
Իսրայելի վարչապետն ավելի վաղ դատարանի կարգադրությունը որակել էր «անհեթեթ գործողություն և կեղծ մեղադրանքներ»՝ կառույցի դատավորներին անվանելով «հակասեմական ատելություն տարածողներ»։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի խոսքով՝ Միջազգային քրեական դատարանը «կորցրել է իր գոյության և գործելու լեգիտիմությունը»՝ իրեն պահելով «որպես քաղաքական խաղալիք ծայրահեղ տարրերի ձեռքում, որոնք խաթարում են անվտանգությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում»:
Ձերբակալման կարգադրությունների հիմնավորումների մեջ ասված է, թե պատճառը «մարդկության դեմ հանցագործություններն ու ռազմական հանցագործություններն են», որոնք տեղ են գտել 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ը ընկած ժամանակաշրջանում։
Ձերբակալության նման կարգադրություն է իջեցվել նաև «Համասի» ռազմական թևի ղեկավար Մոհամադ Դեյֆի վերաբերյալ։
Իսրայելի նախագահ Իսցհակ Հերցոգը Միջազգային քրեական դատարանի որոշումը անվանել է «մութ օր արդարության և մարդկության համար»՝ ընդգծելով, որ այն «հաշվի չի առնում Իսրայելի վրա բարբարոսական հարձակման փաստը և պաշտպանվելու [հրեական պետության] իրավունքը»։
Նեթանյահուի ծայրահեղ աջ դաշնակից, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել ի պատասխան դատարանի նման կարգադրությունների՝ բռնակցել Հորդանան գետի ողջ Արևմտյան ափը:
Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը կարգադրություններն անվանել է «հօգուտ ահաբեկչությանն արված քայլ»:
Իսրայելական B'Tselem իրավապաշտպան կազմակերպությա ներկայացմամբ՝ Միջազգային քրեական դատարանի որոշումը ցույց է տալիս, որ Իսրայելը հասել է «իր պատմության ամենացածր կետերից մեկին»:
Իսրայելի Կոմունիստական կուսակցության և ձախակողմյան ուժերի կողմից ձևավորված «Հադաշ» միավորումը հայտարարել է, թե «Նեթանյահուն և Գալանտը պետք է պատասխան տան Գազայի կործանման և նրա բնակիչների կոտորածի համար»։