Մերձավորարևելյան բանակցությունների հարցով ԱՄՆ գլխավոր բանագնացը հայտարարել է, թե «Հեզբոլլահի» հետ որոշակի առաջնընթաց կա, ինչը հույս է տալիս, որ առաջիկայում հնարավոր կլինի հասնել զինադադարի։ Ամոս Հոխշտեյնը նշել է, թե հաջորդ անգամ կայցելի Իսրայել՝ «փորձելով ավարտին հասցնել գործը» նախքան Ջո Բայդենի նախագահության ավարտը:
Հոխշտեյնը, որ ամիսներ շարունակ փորձում է զինադադարի համաձայնության հասնել Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև, մանրամասնել է. «Պատրաստվում ենք աշխատել [ԱՄՆ] գալիք վարչակազմի հետ: Նրանք լիովին տեղյակ են լինելու այն ամենի մասին, ինչ անում ենք։ Ինչպես նախագահ Բայդենն է ասել, կլինի իշխանության սահուն փոխանցում»։
Որոշ ամերիկացի օրենսդիրներ պնդում են, թե հարկավոր է կրճատել կամ դադարեցնել ԱՄՆ սպառազինության մատակարարումը Իսրայելին:
«Ամերիկայի Միացյալ Նահանգները մեղսակից է այդ վայրագություններին: Դրանց պետք է վերջ տրվի»,- ասել է Վերմոնտից ընտրված սենատոր Բերնի Սանդերսը:
Նշվածի ֆոնին, սակայն, արյունահեղությունը Մերձավոր Արևելքում չի դադարում։ Չորեքշաբթի օրը Լիբանանից արձակված հրթիռը խոցել էր իսրայելական մի մանկապարտեզ:
Բանակցությունների հեռանկարի մասին զգուշավոր հայտարարությամբ է հանդես եկել «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նայիմ Քասեմը. «Ակնկալում ենք, որ այս բանակցությունները կհանգեցնեն կրակի դադարեցմանը։ Ոչ ոք դա չի կարող երաշխավորել, քանի որ հարցը կապված է Իսրայելի արձագանքի և Նեթանյահուի լրջության հետ։ Մենք բանակցում ենք երկու պայմանով՝ ագրեսիայի ամբողջական և համապարփակ դադարեցում և Լիբանանի ինքնիշխանության պահպանում»։
Չորեքշաբթի տարածաշրջանին վերաբերող հարցը քննարկվում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և Վաշինգտոնը կիրառեց վետոյի իր իրավունքը՝ խոչընդոտելու Գազայում «անհապաղ, անվերապահ և մշտական հրադադար» պահանջող բանաձևի ընդունումը, քանի որ որպես նախապայման նշված չէր «Համասի» ձեռքում գտնվող իսրայելցի պատանդների ազատ արձակման մասին:
«Այդ բանաձեւը վտանգավոր ուղերձ կհղեր «Համասին», որը դա կդիտարկեր որպես իր ցինիկ ռազմավարության արդարացում՝ հուսալով, որ միջազգային հանրությունը կմոռանա ավելի քան 100 պատանդների ճակատագրի մասին»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը։
Ընթացող զարգացումների ֆոնին՝ իսրայելական կողմը պնդում է, թե պետք է պահպանի իր գործողություների ազատությունը:
«Ցանկացած համաձայնություն, որը մենք ձեռք կբերենք, անհրաժեշտ է, որպեսզի պահպանի [մեր] գործելու ազատությունը»,- ասել է Իսրայելի նորանշանակ արտգործնախարար Գիդեոն Սաարը:
Դիտորդների խոսքով՝ պարզ չէ, թե բանակցություններն ինչպես կավարտվեն, քանի որ «Հեզբոլլահի» թիկունքին Իրանն է, որը, գործնականում, միշտ կարող է խաթարել գործարքը:
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ համաձայնագրով իսրայելական զորքերը պետք է դուրս բերվեն Լիբանանից, իսկ «Հըզբոլլահի» ուժերը պետք է հեռանան Իսրայելի հետ սահմանից, որոնց փոխարեն այնտեղ տեղաբաշվելու են Լիբանանի բանակի ստորաբաժանումները և ՄԱԿ-ի խաղաղապահները։