Կիևը հեռահար հրթիռներներով շարունակում է հարվածել Ռուսաստանի խորքին․ բրիտանական մամուլ

Storm Shadow հեռահար հրթիռ

Մամուլը հաղորդում է, որ Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Մեծ Բրիտանիայի տրամադրած Storm Shadow հեռահար հրթիռներ՝ Ռուսաստանի տարածքը խոցելու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Բայդենի որոշման մասին, ըստ որի` թույլատրվել է ամերիկյան հեռահար հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ

Բրիտանական լրատվամիջոցները չորեքշաբթի հայտնել են, թե Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Մեծ Բրիտանիայի կողմից տրամադրված Storm Shadow հրթիռները Ռուսաստանի տարածքում առկա թիրախների դեմ։ Այդ զենքը նախկինում օգտագործվել է ռուսական ուժերի դեմ Ուկրաինայի օկուպացված տարածքներում, օրինակ՝ Ղրիմում՝ Ռուսաստանի սևծովյան նավատորմի շտաբը խոցելիս։

Պաշտոնական Լոնդոնն ու Կիևը հրաժարվել են հաստատել տեղեկությունը։

Էլ ավելի վաղ՝ այս շաբաթվա սկզբին, Ուկրաինայի զինուժը կիրառել էր ԱՄՆ տրամադրած հեռահար ATACMS հրթիռները՝ Ռուսաստանի խորքը խոցելու համար։ Հայտնի է, որ օրերս Վաշինգտոնը թույլտրել էր նման հարվածներ իրականացնել։

Նորություն չէ, որ Ֆրանսիան Ուկրաինային տրամադրել է Storm Shadow հրթիռների իր տարբերակը, որը հայտնի է SCALP անվամբ։

Your browser doesn’t support HTML5

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Storm Shadow հեռահար հրթիռներ. մամուլ

Բաթայի համալսարանի ռազմական վերլուծաբան Պատրիկ Բյուրին խոսել է եվրոպական ու ամերիկյան հեռահար այդ հրթիռների տարբերության մասին։

«[Եվրոպականներն] օդից արձակվող հրթիռներ են։ Ընդհանուր առմամբ, կախված տեսակից, դրանց գործողության շառավիղը սովորաբար կազմում է 250 կիլոմետր։ Կարծում եմ՝ ATACMS-ն ունի ավելի մեծ շառավիղ և չի արձակվում օդից։ Ուստի, տեսականորեն ավելի դժվար է որսալ այն»,- ասել է Բյուրին։

Ըստ վերլուծաբանի՝ երկու հրթիռային համակարգերն էլ հնարավորություն են տալիս ուկրաինացիներին թիրախավորել ռուսական բանակի հեռուն գտնվող օբյեկտները։

«Այդ հրթիռների հռահարությունը բավարար է, որպեսզի հարվածեն ռուսական պաշտպանական գծերի հետևում գտնվող ենթակառուցվածքներին՝ կրճատելով [ռուսական բանակի համար արվող] մատակարարումները առաջնագիծ։ [Մյուս կողմից,] հրթիռների հեռահարությունը այնքան էլ կարևոր չէ, որքան այն, որ Ուկրաինան դրանք պետք է ստանա մեծ քանակությամբ և շատ արագ»,- ասում է բրիտանական հայտնի վերլուծական կենտրոնի՝ Չաթըմ Հաուսի Ռուսաստան-Եվրասիա ծրագրի փորձագետ Ջեյմս Նիքսին։

Պատրիկ Բյուրին հավելում է՝ Ուկրաինան ստիպված է խնամքով ընտրել իր թիրախները։

«Արդյո՞ք պատրաստ եք թույլ տալ, որ նրանք էլ ավելի սրեն իրավիճակը՝ հարվածելով էներգետիկ ենթակառուցվածքներին, [Ռուսաստանի խորքում գտնվող] ռազմական օբյեկտներին, նավթավերամշակման գործարաններին՝ այնպիսի կետերի, որոնց թիրախավորումը, իրոք, կհարվածի Ռուսաստանի տնտեսությանը։ Ահա, սա է հարցը»,- նշում է Բյուրին։

Այս ամենի ֆոնին՝ Գերմանիան, որը Ուկրաինային սպառազինության երկրորդ խոշորագույն մատակարարն է, այս շաբաթ մերժել է Կիևին տրամադրել հեռահար Taurus հրթիռներ։ Բեռլինը մտավախություն ունի, որ կարող է ներքաշվել պատերազմի մեջ։

«Մեզ համար ոչինչ չի փոխվել։ Իրավիճակը նույնն է։ Taurus-ը Taurus է՝ ոչ ATACMS կամ Storm Shadow։ Ուստի, մեր դիրքորոշումը այս հարցում մնում է նույնը»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Մինչդեռ, Արևմուտքի ռազմական հետագա աջակցությունը Կիևին շարունակում է անորոշ մնալ։ Հայտնի է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է վերջ տալ պատերազմին իր պաշտոնավարման առաջին իսկ օրը։

Կիևը մտավախություն ունի, թե ԱՄՆ աջակցությունը կարող է դադարեցվել։

Բյուրին պնդում է՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կարող են շարունակել Ուկրաինային հրթիռներ տրամադրել։

«Երկուսն էլ միջուկային տերություններ են։ Նրանք կարող են գնալ այդ ռիսկին, եթե ցանկանան։ Կարծում եմ՝ կարող ենք տարաձայնությունների ականտես լինել ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև՝ Ուկրաինայի հետ կապված որոշ քաղաքական հարցերում»,- նշում է Բյուրին։

Արձագանքելով Վաշինգտոնի որոշմանը՝ թույլատրել Ուկրաինային հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում, Մոսկվան այս շաբաթ իջեցրեց միջուկային զենքի կիրառման շեմը՝ ընդլայնելով զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման իր հնարավորությունը։