Ուկրաինան դեռ պաշտոնապես չի հաստատել, որ ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածել է Ռուսաստանի խորքային թիրախներին, ինչպես պնդում է Կրեմլը։ Սակայն Կիևի փողոցներում բնակիչներն արձագանքում են լուրերին, թե Բայդենի վարչակազմը վերացրել է Ռուսաստանի դեմ ամերիկյան հեռահար հրթիռների՝ ATACMS-ների, կիրառման սահմանափակումները։
«Իհարկե, կողմ եմ այդ որոշմանը։ Մենք, ճիշտն ասած, երկար ենք սպասել դրան։ Սա մեզ թույլ կտա հեռահար հարվածներ հասցնել և ոչնչացնել նրանց [ռուսական] ենթակառուցվածքները, օդանավակայանները, կենդանի ուժը և ռազմական տեխնիկան, որպեսզի այն ավելի քիչ օգտագործեն մեր դեմ»,- ասում է Կիևի բնակիչ Օլեհը:
«Մեր կարծիքն է՝ ինչո՞ւ այդքան ուշ։ Եթե այսքան ուշ չլիներ, հավանաբար չէինք լինի այն իրավիճակում, որում հիմա ենք։ Չէին լինի վնասված էներգետիկ ենթակառուցվածքներ, չէին լինի էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ։ Եթե դա արվեր ավելի վաղ, ապա առաջին գիծը չէր լինի այնտեղ, որտեղ գտնվում է»,- ասում է Կիևի բնակիչ Տետյանան:
Անորոշության ֆոնին, թե հետագայում Կիևին ինչ աջակցություն է ցուցաբերելու Վաշինգտոնը, ոմանք Կրեմլի հետ բանակցությունները համարում են անխուսափելի: Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներից մի քանիսը կարծում էին, թե այդ առումով վերջին զարգացումները կարող են օգնել։
«Գուցե, իրավիճակը թեթևանա: Գուցե, Կուրսկը [Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքները Ռուսաստանի Կուրսկի մարզում] մնան մեր վերահսկողության տակ, և բանակցություններ ընթանան տարածքների շուրջ։ Մենք դրանք կփոխանակենք»,- ասում է Կիևի բնակիչ Հալինան:
Մյուս կողմից, իրավիճակը, թերևս, սրվում է, քանի որ Ռուսաստանը, կարծես, մեծացնում է ճնշումը ռազմաճակատում՝ ներգրավելով նաև հյուսիսկորեական զորքերը, և շարունակում է հարվածները Ուկրաինայի էներգետիկ համակարգին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման հազարերորդ օրվան նվիրված ելույթում արևմտյան դաշնակիցներին կոչ է արել շարունակել ճնշումը Կրեմլի նկատմամբ։
«Յուրաքանչյուր «այսօրը» լավագույն պահն է Ռուսաստանին ավելի ուժեղ սեղմելու: Նա ինքնուրույն կանգ չի առնի: Որքան շատ ժամանակ ունենա, այնքան պայմանները վատթարանալու են»,- ասել է Զելենսկին:
Որոշ դիտորդներ ասում են, թե նույնիսկ պատերազմի այս փուլում էր կարևոր ունենալ Ռուսաստանի խորքը հարվածելու կարողություն:
«Կարծում եմ՝ այս որոշումը պետք է ընդունվեր հազար օր առաջ, երբ սկսվեց Ռուսաստանի լայնամասշտաբ գործողությունը։ Իսկ ինչո՞ւ, որովհետև ռազմական տեսանկյունից միանգամայն տրամաբանական է խորքում գտնվող թշնամու ռազմական ենթակառուցվածքը ոչնչացնելը»,- ասում է վերլուծաբան Միխայլո Սամուսը:
Սամուսը և այլ վերլուծաբաններ հեռահար հրթիռների արձակման թույլտվությունը համարում են Արևմուտքի ուժի և վճռականության ցուցադրություն ռուսական ագրեսիայի դեմ: Բայց կա նա անթաքույց անորոշություն՝ ինչպե՞ս կանցկացնի Ուկրաինան այս ձմեռը, ի՞նչ կլինի ամերիկյան աջակցության հետ Թրամփի գալիք վարչակազմի օրոք: