Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի նորացված միջուկային հակեցակարգը, և համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում նոյեմբերի 19-ին։
Ի թիվս այլ կետերի հայեցակարգը նվազեցնում է միջուկային զենքի կիրառության շեմը, այսինքն դրա գործածումը դարձնելով ավելի հավանական տարբերակ, և այժմ՝ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավոր պատճառներից է նշվում նրա վրա միջուկային զինանոց չունեցող երկրների կողմից սովորական սպառազինություններով հարձակումը։
Փորձագետների խոսքով՝ նոր հայեցակարգում առանցքային փոփոխությունն այն է, որ Մոսկվան այժմ կարող է դիտարկել միջուկային հարված հասցնելու հարցը՝ ի պատասխան իր կամ Բելառուսի վրա հարձակման, որը «կրիտիկական վտանգ է ներկայացնում նրանց ինքնիշխանությանը և/կամ տարածքային ամբողջականությանը»:
Նախորդ հայեցակարգում, որը ուժի մեջ էր մտել 2020 թվականին, ասված էր, թե Ռուսաստանը «կարող է միջուկային զենք կիրառել թշնամու միջուկային հարձակման դեպքում» կամ սովորական հարձակման դեպքում, որը «սպառնում է պետության գոյությանը»:
Վաշինգտոնում արձագանքել են Ռուսաստանի միջուկային նոր հայեցակարգի ընդունմանը՝ այն որակելով, որպես նախորդ տարիներին տեղ գտած Կրեմլի ագրեսիվ հռետորաբանության շարունակություն։
«[ԱՄՆ վարչակազմը] չնկատելով որևէ փոփոխություն միջուկային [զենքի կիրառման] հարցում Ռուսաստանի դիրքորոշման մեջ, որևէ պատճառ չի տեսնում [նույն հարցում] շտկել ԱՄՆ դիրքորոշումն ու հայեցակարգը՝ ի պատասխան Ռուսաստանի այսօրվա հայտարարությունների», - երեքշաբթի «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
«Մեզ չզարմացրեց Ռուսաստանի հայտարարությունն այն մասին, որ նա կթարմացնի իր միջուկային հայեցակարգը...։ Սա նման է Ռուսաստանի անպատասխանատու հռետորաբանությանը, որը մենք տեսել ենք նախորդ երկու տարիների ընթացքում: Մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանին փոխանցել ենք, որ Ուկրաինայի դեմ [Կրեմլի կողմից] հյուսիսկորեացի զինվորականների օգտագործումը պատերազմի սրացում է նշանակում, և մենք զգուշացրել ենք, որ Միացյալ Նահանգները կպատասխանի»,- շարունակել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Կրեմլի նոր միջուկային հայեցակարգի վերաբերյալ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Կանադայի արտաքին քաղաքականության ինստիտուտի փորձագետ Մաքսիմ Ստարչակը կարծիք է հայտնել, թե կարևոր նորամուծությունն այն է, որ, համաձայն փաստաթղթի, միջուկային ուժերի կիրառմամբ պատասխանն այժմ կարող է տրվել նաև այն երկրներին, որոնք տարածք և ենթակառուցվածք են տրամադրում Ռուսաստանի վրա հարձակման համար։
«Սա ուղղված է Ուկրաինայի դեմ, որին, ըստ Մոսկվայի, օգտագործում է ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ հարձակվելու համար։ Զգալիորեն ընդլայնվել է նաև ռազմական վտանգների ցանկը, որոնց չեզոքացման համար թույլատրվում է միջուկային զենքի կիրառումը։ Դրանց թվում են, օրինակ, «հնարավոր թշնամու գործողությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության տարածքի մի մասի շրջափակմանը, ներառյալ կենսական նշանակության տրանսպորտային հաղորդակցությունների արգելափակմանը»: Այստեղ կարելի է խոսել ՆԱՏՕ-ի երկրներով շրջապատված Կալինինգրադի մասին»,- ասում է Ստարչակը։
Մաքսիմ Ստարչակը նկատում է՝ ընդլայնվել են նաև միջուկային զենք կիրառելու ունակ ռազմուժի տեսակները, և մյուս զորատեսկաների կողքին այլևս կարելի է տեսնել օդատիեզերական ուժերի անվանումը։
«Ամերիկայի ձայնի» զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանի միջուկային նոր հայեցակարգի հրապարակումն ուղղված է ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի անդամ-երկրների դեմ և ունի զսպող նշանակություն․ «Մասնավորապես, որպեսզի Կիևին թույլ չտան արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածել Ռուսաստանի խորքերը։ Բայց դա չի նշանակում, որ եթե Ուկրաինան ստանա նման իրավունք, ապա Ռուսաստանն անպայման պատասխան կտա միջուկային զենքով»:
Թեև փորձագետների մի զգալի հատված այն կարծիքին է, որ նման քայլերով Կրեմլը սոսկ նպատակ ունի վախեցնել արևմտյան երկրներին, սակայն հնչում են նաև կարծիքներ, որ Մոսկվան բլեֆ չի անում։ Մասնավորապես, նման համոզման է Третий сектор վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Զոլոտարևը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի զինված ուժերն այժմ իրենց զինանոցում ունեն օպերատիվ-մարտավարական հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախներ Ռուսաստանի խորքում, նման հայեցակարգի հրապարակումը ուղղակի ուժային շանտաժ է թվում»,- ասում է Զոլոտարևը։
Վերլուծաբանի խոսքով՝ մեծ հաշվով, Վլադիմիր Պուտինն այսօր քանդում է գոյություն ունեցող աշխարհակարգը՝ պարզ դարձնելով, որ կան երկրներ, որոնք հավակնում են արտոնյալ դիրք ունենալ իրենց անվտանգության ապահովման տեսանկյունից. «Կրեմլը բացահայտ կերպով գործում է այն սկզբունքի հիման վրա, թե ինչը կարելի է մեկին՝ միջուկային զենք ունեցողին, մյուսներին չի թույլատրվում»։
Անդրեյ Զոլոտարևը ընդգծել է՝ ընդունելով միջուկային նոր հայեցակարգ՝ Կրեմլը նպատակ ունի ցույց տալ, թե զանգվածային ոչնչացման զենքի կիրառության շեմը, այսպես ասած․ նվազեցվել է, և այն կարող է գործի դրվել մի շարք նոր հանգամանքների դեպքում։
«Դրան լավագույնս նպաստում է փաստաթղթի չափազանց անորոշ ձևակերպումը։ Օրինակ, Բրյանսկի շրջանում զինապահեստի վրա ATACMS հրիթռներով վերջին հարձակումը նույնպես կարելի է համարել «կրիտիկական սպառնալիք» [Ռուսաստանի համար], ինչը միջուկային զենք կիրառելու պատճառ է․․․։ Այդպես չէ՞», – եզրափակել է Զոլոտարևը։