Թրամփն է ստեղծել մեր պատմության մեջ ամենաապահով սահմանը. «սահմանային ցար» Թոմ Հոման

Թոմ Հոման` «սահմանային ցար»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցհարթակում նշել է, որ սահմանների հարցերով իր նշանակած անձը «կղեկավարի անօրինական միգրանտների վտարումը իրենց հայրենի երկրներ»:

Դոնալդ Թրամփի թեկնածուն, ով պետք է զբաղվի ԱՄՆ սահմանների անվտանգության ապահովման հարցերով, ավելի քան 30 տարի աշխատել է դաշնային միգրացիոն վերահսկողության ոլորտում։ Հանրապետական կուսակցության այս տարվա համերկրային համագումարում Թոմ Հոմանը հայտարարել էր, թե ԱՄՆ բոլոր նախագահներն ասում էին, որ կխստացնեն սահմանահատումների նկատմամբ վերահսկողությունը, բայց միայն Թրամփն արեց այդ։

«Նա ստեղծեց մեր պատմության մեջ ամենաապահով սահմանը։ Սա անժխտելի փաստ է։ Տվյալներն ապացուցում են սա։ Եվ իմացեք, որ նա նորից է անելու այդ»,- ասել էր Հոմանը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես հայտնի է, Դոնալդ Թրամփը խոստացավ իրականացնել ապօրինի միգրանտների զանգվածային արտաքսումներ։

Your browser doesn’t support HTML5

Ո՞վ է Թրամփի նորանշանակ «սահմանային ցարը»՝ Թոմ Հոմանը

«Նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո կսկսեմ Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ արտաքսման ծրագիրը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

Չնայած փորձագետները ներկայացմամբ՝ ԱՄՆ-ում հանցավորության աճի ու միգրանտների ներհոսքի միջև կապ չկա, Թոմ Հոմանն ասում է, որ արտաքսումները «կուղղեն Ջո Բայդենի նախագահության օրոք տեղ գտած միգրացիոն սխալները»։

«Նախագահ Թրամփը վերջ կդնի Բայդեն-Հարիս զույգի՝ բաց սահմանների մասին խելահեղությանը։ Մենք կկանգնեցնենք թմրանյութերի և հանցավորության հոսքը դեպի ձեր թաղամասեր»,- հայտարարել է Հոմանը։

Ապագա «սահմանային ցարը», ինչպես նրան անվանել է ամերիկյան մամուլը, ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարն էր Թրամփի առաջին վարչակազմում, և կարողացավ հասնել արտաքսման նպատակով արված ձերբակալությունների 40%-ոց աճի։

«Ընդհանուր առմամբ, վտարումների թիվը նվազել է, քանի որ սահմանը ավելի լավ է վերահսկվում, քան նախորդ 45 տարիների ընթացքում»,- այդ ժամանակ նշել էր Հոմանը։

Ապօրինի միգրացիան այս տարվա ամերիկյան ընտրություններում օրակարգային հիմնական հարցերից էր։ Քաղաքական վերլուծաբան Ֆրանսիսկո Ռոդրիգեսն ասում է, թե Հոմանը որդեգրել է «զրո հանդուրժողականություն» մոտեցումը։

«Եթե դուք հանցագործ եք այստեղ, ունեք երեխա կամ ընտանիք, Հոմանն ասում է, որ կարող եք հեռանալ ձեր երեխաների և զուգընկերոջ հետ։ Ոչ ոք չի ասում, որ ընտանիքը պետք է բաժանվի»,- ասում է քաղաքական վերլուծաբան Ֆրանսիսկո Ռոդրիգեսը։

Ֆլորիդայի նախկին նահանգային օրենսդիր Դեյզի Բայեզի կարծիքով՝ Թրամփի կողմից Հոմանի նշանակման մտադրությունը նախազգուշացում է ԱՄՆ-ում գտնվող ապօրինի ներգաղթյալներին։

«Եթե դուք քաղաքացի կամ մշտական բնակիչ չեք, ձեզ համար այս երկրում մնալու երաշխիք չկա։ Շատ հավանական է, որ կհայտնվեք արտաքսման ենթակա մարդկանց ցուցակում»,- ասում է Բայեզը։

«Ուղերձ ունեմ այն միլիոնավոր անօրինական միգրանտներին, որոնց Ջո Բայդենն թողել է մեր երկիր՝ դաշնային օրենքի խախտմամբ, արդեն սկսեք հավաքել ձեր ճամպրուկները»,- նշել է Թոմ Հոմանը։

Հոմանը նյու յորքյան նախկին ոստիկան է, ով մասնակցել է պահպանողական Project 2025-ի զեկույցի ստեղծման աշխատանքներին։ Փաստաթուղթը հրապարակվել է Heritage Foundation-ի կողմից՝ «երկիրը ռադիկալ ձախերի ազդեցությունից փրկելու» նպատակով։

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայնի» լրագրող Վերոնիկա Վիլաֆանիի նյութի հիման վրա