ԱՄՆ Պետքարտուղարությունում և Պենտագոնում պատրաստվում են «սահուն իշխանափոխության»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը (ձախից) և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը (աջից)։ Վաշինգտոն, հոկտեմբերի 31, 2024թ․։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկայում հանդիպելու է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ենթադրյալ հաջորդ ղեկավարին՝ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյին, ով, ըստ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, նոր վարչակազմի օրոք զբաղեցնելու է ԱՄՆ պետքարտուղարի աթոռը։

Սպիտակ տունը, Պետքարտուղարությունը և Պենտագոնը հինգշաբթի խոստացել են սահուն իշխանափոխություն ապահովել՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի համար։

Միացյալ Նահանգների նոր ղեկավարը չի թաքցնում, թե մտադիր է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ԱՄՆ դաշնային կառավարությունում։

Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելի ներկայացմամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկա շաբաթներին ակնկալում է «համապատասխան ներգրավվածություն» իրավահաջորդի՝ սենատոր Մարկո Ռուբիոյի հետ։

«Իհարկե, շնորհավորում ենք սենատոր Ռուբիոյին այս նշանակման կապակցությամբ»,- նշել է Պատելը:

ԱՄՆ սենատոր Մաւրկո Ռուբիոն։ Միլուոկի, հուլիսի 16, 2024թ․։

Ֆլորիդայից ընտրված սենատոր Մարկո Ռուբիոն հայտնի է Չինաստանի, Իրանի և Լատինական Ամերիկայի ձախ վարչակարգերի նկատմամբ իր կոշտ հայացքներով, բայց համարվում է, որ նա, ընդհանուր առմամբ, կողմ է ԱՄՆ ավանդական արտաքին քաղաքականությանը:

Պենտագոնը ղեկավարելու համար Թրամփը ընտրել է ոչ այնքան էլ հայտնի դեմքի՝ Fox News-ի հաղորդավար և ԱՄՆ Ազգային գվարդիայի վետերան Փիթ Հեգսեթին:

Եթե Սենատում Ռուբիոյի հաստատումը գործնականում երաշխավորված է, Հեգսեթը կարող է խնդիրների բախվել, թե որքանով է ունակ նման պաշտոնի համար, չնայած Սենատում, ինչպես հայտնի է, մեծամասնությունը անցել է հանրապետականներին։ Նման զարգացման դեպքում՝ ԱՄՆ նորընտիր նախագահն ակնարկել է, թե կարող է դիմել Սենատում քվեարկությունը շրջանցող, բայց վիճահարույց հանդիսացող նշանակման տարբերակին։

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապահովենք իշխանության կանոնավոր, հանգիստ անցումը։ Երբ պաշտպանության հաջորդ նախարարի թիմը պատրաստ լինի, ցանկանում ենք, որ նրանք ունենան բոլոր հնարավորությունները՝ հաջող մեկնարկի համար», - լրագրողներին ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը:

Փիթ Հեգսեթը։ Արխիվային լուսանկար։

44-ամյա Հեգսեթը երբեք չի զբաղեցրել ղեկավար պաշտոն, սակայն պետք է կառավարի հսկայական կառույց՝ 3,4 միլիոնի հասնող զինվորական և քաղաքացիական աշխատողներով ու տարեկան 850 միլիարդ դոլար բյուջեով:

Թրամփն ու Հեգսեթը նախկինում հանդես են եկել ԱՄՆ Պաշտպանության նախարարության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից հեռացնելու օգտին՝ նորընտիր նախագահի նկատմամբ ենթադրյալ ոչ լոյալ դիրքորոշման պատճառով:

Արդյո՞ք Թրամփի օրոք Պենտագոնում սպասվում են կրճատումներ։ Այս հարցին Սինգհը ուղղակի պատասխան չտվեց, բայց նշեց, որ Թրամփի կողմնակից հանրապետական սենատոր Թոմի Թուբերվիլը ամիսներ շարունակ արգելափակել էր գործադիր իշխանության ներսում 425 նշանակումներ՝ նման կերպ իր անհամաձայնությունը հայտնելով հղիության արհեստական ընդհատման առնչությամբ Բայդենի վարչակազմի վարած քաղաքականությանը։

Սենատը հաստատեց այդ նշանակումները միայն 2023 թվականի վերջին։

Ինչևէ, այս չորեքշաբթի Սպիտակ տանը, ինչպես հայտնի է, Բայդենը հյուրընկալեց Թրամփին՝ վերականգնելով այդ ավանդույթը, որից Դոնալդ Թրամփը հրաժարվել էր 2020 թվականին, երբ պարտվել էր Ջո Բայդենին։

Հիշեցնենք՝ այդ ժամանակ Թրամփը չճանաչեց Բայդենի հաղթանակը, չմասնակցեց նրա երդմնակալությանը, փոխարենը՝ ելույթ ունեցավ մի հանրահավաքում, որը վերաճեց Կապիտոլիումի դեմ գրոհի, երբ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսում օրենսդիրները հաստատում էին ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը: