Մատչելի հղումներ

Բայդենը վստահեցրել է Թրամփին՝ իշխանափոխությունը սահուն է լինելու


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի մայրաքաղաք Վաշինգտոնում էր՝ այցելելով և՛ Կոնգրես, և՛ Սպիտակ տուն, ուր ներկայացրեց իր տեսլականը առաջիկա պաշտոնավարման ժամանակահատվածի համար: Ինչպես հայտնի է նախագահ Ջո Բայդենը հյուրընկալել է Թրամփին՝ Սպիտակ տանը, խոստանալով իշխանության սահուն փոխանցում։

Դոնալդ Թրամփը խոստանում էր վերադառնալ, և, ահա, չորեքշաբթի նա մայրաքաղաք Վաշինգտոնում էր՝ որպես ԱՄՆ նորընտիր նախագահ: Նախագահ Ջո Բայդենի հետ տեղի ունեցավ կարճատև հանդիպում Սպիտակ տանը:

«Անում ենք հնարավորը՝ ձեր պահանջները բավարարելու համար, և այսօր հնարավորություն կունենանք խոսել այդ մասին: Բարի գալուստ, բարի վերադարձ»,- ասել է Բայդենը:

«Շատ շնորհակալ եմ: Քաղաքականությունը կոշտ բան է, և շատ դեպքերում այնքան էլ գեղեցիկ աշխարհ չէ: Բայց այսօր այն գեղեցիկ է, և ես դա շատ եմ գնահատում: [Իշխանության] փոխանցում, որը սահուն է լինելու: Կլինի հնարավորինս սահուն, և ես դա շատ եմ գնահատում, Ջո»,- ասել է Թրամփը:

Չորեքշաբթի՝ ավելի վաղ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսում էր, որտեղ նրան դիմավորել է Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը։

«Նախկինում Բիլ Քլինթոնին անվանում էին «վերադարձի երեխա»: [Այժմ ականատես ենք] վերադարձի թագավորին։ Նա թագավորն է։ Օքե՞յ․․․»,- ասել է Ջոնսոնը:

Ընտրություններում իր հաղթանակից հետո Թրամփը, կարծես, արագ քայլեր է կատարում՝ հայտարարելով, թե ովքեր են պաշտոններ զբաղեցնելու իր ապագա վարչակազմում: Ուշագրավ դեմք է հարավաֆրիկյան ծագմամբ միլիարդատեր Իլոն Մասկը, ում և ԱՄՆ նախագահի նախկին հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամիին Թրամփը նշանակելու է մի կառույցի ղեկավարներ, որի խնդիրն է լինելու Միացյալ Նահանգների դաշնային ծախսերի կրճատումը:

Դիտորդներից ոմանք «նշանակալի» են համարում ամերիկյան քաղաքականության վերջին զարգացումները:

«Նշանակալից է, որովհետև երբ նա՝ [Թրամփը] թողեց պաշտոնը, ինչպես դուք ասացիք, հեռացավ հակասությունների ֆոնին, և նրա ընտրությունն այժմ ցույց է տալիս, որ ամերիկացի ընտրողների մեծամասնության համար ցանկալի էր նրա վերադարձը: Սա որոշ առումներով վերածնունդ է»,- ասում է Օսթինի համալսարանի պրոֆեսոր Ջերեմի Սուրին:

2024 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփին սպասում են մայրաքաղաք Վաշինգտոնում՝ երդմնակալության արարողությանը:

XS
SM
MD
LG