Մերձավոր Արևելքում շատերն են համոզված՝ դեպի խաղաղության տանող ճանապարհը անցնում է Վաշինգտոնով։ ԱՄՆ-ն Իսրայելի գլխավոր դաշնակիցն է, և այսօր հրեական պետությունը ռազմական գործողություններ է վարում առնվազն երկու ճակատով՝ Գազայում և Լիբանանում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Սպիտակ տանը ողջունել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ վերահաստատելով իր աջակցությունը Թել Ավիվին։
«Իսրայելի հանդեպ իմ հանձնառությունը երկաթյա է։ Մեր միջև ամուր բարեկամություն է, և ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել ձեզ՝ այստեղ գտնվելու համար…»,- ասել է Բայդենը:
«Առաջին հերթին պետք է պատանդներին վերադարձնենք տուն: Ամեն ինչ Թեհրանում է: Ամեն ինչ սկսվում է չարի կայսրությունից՝ Թեհրանից, որը իրեն ենթակա ուժերի միջոցով ամեն ինչ անում է կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը փլուզելու համար՝ կոչ անելով ոչնչացնել Իսրայել պետությունը, և ձգտում է ունենալ միջուկային զենք»,- արձագանքել է Հերցոգը։
Ավելի ուշ Իցհակ Հերցոգը նշել է, թե խոսակցությունը Բայդենի հետ «բաց էր և անկեղծ»: Նախօրեին Հերցոգը շնորհավորել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ Վաշինգտոնում հրեական կազմակերպությունների հավաքի ժամանակ նրան անվանել «խաղաղության չեմպիոն» և «Իսրայելի մեծ բարեկամ»։
Հիշեցնենք՝ Թրամփը նախորդ օրերին բազմիցս հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
«Խոսեցինք մեր պատանդներին տուն վերադարձնելու հրատապ անհրաժեշտության մասին: Նախագահ Թրամփը վերահաստատեց Իսրայելի նկատմամբ իր սերը: Շնորհակալություն հայտնեցի նրան՝ բարեկամության համար և հաջողություն մաղթեցի»,- ասել է Հերցոգը։
Այս ամենի ֆոնին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը երեքշաբթի ընդգծել է, որ Իսրայելը որոշակի առաջընթաց է գրանցել՝ թույլատրելով ավելի շատ մարդասիրական օգնության առաքումը Գազա։ Հետևաբար, Վաշինգտոնը զերծ կմնա Իսրայելին ամերիկյան սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու իր սպառնալիքի կիրառումից։
«Որոշակի առաջընթաց ենք արձանագրվել: Կցանկանայինք տեսնել որոշակի փոփոխություններ ևս: Կարծում ենք՝ եթե չլիներ ԱՄՆ-ի միջամտությունը, այդ փոփոխությունները կարող էին երբեք տեղի չունենալ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։
Այդուհանդերձ, մարդասիրական կազմակերեպությունները պնդում են՝ իրավիչճակը Գազայում ծանր է։
Ամերիկյան հայտնի ուղեղային կենտրոններից մեկի՝ Rand Corporation-ի ավագ վերլուծաբան Ռաֆայել Քոհենը, ով վերջերս է վերադարձել Իսրայելից՝ Գազայի հետ սահմանից, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշում է, թե ինքը օգնության փաթեթներ է տեսել անցակետերից մեկում, և թվում է, թե Իսրայելը ընդլայնել է պաղեստինցիներին ցուցաբերվող օգնության չափը, որն ավելի վաղ Քոհենը համեմատել էր ընդամենը ծորացող ջրի հետ։
Սակայն նրա խոսքով իրավիճակը կարող է փոխվել, երբ Թրամփը ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։
«Կարծում եմ՝ Թրամփը հստակ հասկացրեց, թե ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի մինչև իր կողմից պաշտոնի ստանձնումը: Ահա, թե որն է ուղերձը, որը նա ենթադրվում է փոխանցել է վարչապետ Նեթանյահուին: Միևնույն ժամանակ, նախագահ Թրամփը, կարծում եմ, նախագահ Բայդենից ավելին, հակված է Իրանի նկատմամբ ագրեսիվ քայլի»,- ասում է Ռաֆայել Քոհենը:
Ինչևէ, առաջիկա ժամանակը մերձավորարևելյան զարգացումների համար կարող է վճռորոշ լինել, և դիտորդներն առայժմ գրանցում են տարածաշրջանային հակամարտության ընդլայնում, որը Գազայից տարածվեց Լիբանան։