Դոնալդ Թրամփը խոստանում էր վերադառնալ, և, ահա, չորեքշաբթի նա մայրաքաղաք Վաշինգտոնում էր՝ որպես ԱՄՆ նորընտիր նախագահ: Նախագահ Ջո Բայդենի հետ տեղի ունեցավ կարճատև հանդիպում Սպիտակ տանը:
«Անում ենք հնարավորը՝ ձեր պահանջները բավարարելու համար, և այսօր հնարավորություն կունենանք խոսել այդ մասին: Բարի գալուստ, բարի վերադարձ»,- ասել է Բայդենը:
«Շատ շնորհակալ եմ: Քաղաքականությունը կոշտ բան է, և շատ դեպքերում այնքան էլ գեղեցիկ աշխարհ չէ: Բայց այսօր այն գեղեցիկ է, և ես դա շատ եմ գնահատում: [Իշխանության] փոխանցում, որը սահուն է լինելու: Կլինի հնարավորինս սահուն, և ես դա շատ եմ գնահատում, Ջո»,- ասել է Թրամփը:
Չորեքշաբթի՝ ավելի վաղ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսում էր, որտեղ նրան դիմավորել է Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը։
«Նախկինում Բիլ Քլինթոնին անվանում էին «վերադարձի երեխա»: [Այժմ ականատես ենք] վերադարձի թագավորին։ Նա թագավորն է։ Օքե՞յ․․․»,- ասել է Ջոնսոնը:
Ընտրություններում իր հաղթանակից հետո Թրամփը, կարծես, արագ քայլեր է կատարում՝ հայտարարելով, թե ովքեր են պաշտոններ զբաղեցնելու իր ապագա վարչակազմում: Ուշագրավ դեմք է հարավաֆրիկյան ծագմամբ միլիարդատեր Իլոն Մասկը, ում և ԱՄՆ նախագահի նախկին հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամիին Թրամփը նշանակելու է մի կառույցի ղեկավարներ, որի խնդիրն է լինելու Միացյալ Նահանգների դաշնային ծախսերի կրճատումը:
Դիտորդներից ոմանք «նշանակալի» են համարում ամերիկյան քաղաքականության վերջին զարգացումները:
«Նշանակալից է, որովհետև երբ նա՝ [Թրամփը] թողեց պաշտոնը, ինչպես դուք ասացիք, հեռացավ հակասությունների ֆոնին, և նրա ընտրությունն այժմ ցույց է տալիս, որ ամերիկացի ընտրողների մեծամասնության համար ցանկալի էր նրա վերադարձը: Սա որոշ առումներով վերածնունդ է»,- ասում է Օսթինի համալսարանի պրոֆեսոր Ջերեմի Սուրին:
2024 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփին սպասում են մայրաքաղաք Վաշինգտոնում՝ երդմնակալության արարողությանը: