Վերհիշենք, թե ինչ էր ասում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրություններում հաղթանակին նվիրված իր ելույթի ժամանակ․ 2024 թվական, ընտրություններին հաջորդած ժամերն են։
«Մենք պատրաստվում ենք կարգի բերել մեր երկրի հետ կապված ամեն ինչ, և այս երեկո մենք պատմություն ենք կերտել մի պատճառով, և այդ պատճառը հենց դա է լինելու»,- ասում է Թրամփը։:
Դոնալդ Թրամփի օրակարգի առաջին կետում ներգաղթին վերաբերող խնդիրները լուծելն է։
«Ստիպված ենք լինելու փակել սահմանները, և մե՛նք պետք է թույլ տանք, որ մարդիկ գան մեր երկիր: Ուզում ենք, որ մարդիկ մուտք գործեն [մեր երկիր], բայց մե՛նք պետք է թույլ տանք, որ նրանք գան։ Նրանք պետք է օրինական մուռք գործեն [մեր երկիր]»,- ասում է Թրամփը:
Դիտորդների խոսքով՝ Դոնալդ Թրամփը կարողացավ ստանալ ամերիկացիների քվեն նաև այն պատճառով, որ խոստացավ ԱՄՆ-ից զանգվածաբար արտաքսել ապօրինի ներգաղթյալներին, սակայն նման ձեռնարկը կարժենա միլիարդավոր դոլարներ և կպահանջի կազմակերպչական հսկայական աշխատանք ու լիազորությունների հստակեցում, որոնցից ոչ մեկը դեռ մշակված չէ, թեև ԱՄՆ Ներգաղթի ու մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնում Թրամփի ընտրած թեկնածուն՝ Թոմ Հոմանը կամ «սահմանային ցարը», ինչպես նրան կոչում է ամերիկյան մամուլը, CBS News-ի հետ զրույցում ասել է, թե կենտրոնանալու է «աշխատավայրերի վրա, ոչ թե թաղամասերի»:
Երկրորդ հարցը գնաճն է։
«Ամերիկյան պատմության մեջ ամենամեծ քաղաքական վերադարձից հետո մենք՝ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, ունենալու ենք ամերիկյան պատմության ընթացքում ամենամեծ տնտեսական վերադարձը»,- ասում է ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Թրամփը խոստանում է տանել «Նախևառաջ Ամերիկան» քաղաքականությունը, որը ենթադրում է օտարերկրյա ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանում, և սոցիալական ապահովության նպաստներն ու թեյավճարներն ազատել հարկերից:
Երրորդ առաջնահերթությունը կառավարությունը կարգի բերելն է։
«Ամերիկան մեզ աննախադեպ և հզոր մանդատ է շնորհել»,- ասում է Թրամփը։
Ըստ երևույթին, նման մանդատն էր փաստարկը, երբ Թրամփը որոշեց, որ Tesla-ի և SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկին ու իր նախկին մրցակից, ԱՄՆ նախագահի հանրապետական նախկին թեկնածու Վիվեկ Ռամասվամիին նշանակելու է զբաղվել կառավարության արդյունավետության բարձրացմամբ ու պետական ծախսերի կրճատմամբ:
ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների՝ Սենատի ու Ներկայացուցիչների տան նկատմամբ հանրապետականների վերահսկողությունը կերաշխավորի, որ նրանք, ովքեր արդեն ընտրվել են Միացյալ Նահանգների կառավարության տարբեր նախարարություններ գլխավորելու, այլ պաշտոններ զբաղեցնելու համար, ստանան իրենց նշանակումները: Ըտս հաստիքացուցակի Թրամփի վարչակազմը կարող է բաղկացած լինել մոտ 4,000 պաշտոնյաներից։
Ինչպես նշվեց, մոտ երկու ամսից ԱՄՆ նորընտիր նախագահը մուտք կգործի Սպիտակ տուն, և ավելի հստակ պատկերացում կուեննաք, թե իրականում ինչ քաղաքականություն է վարելու Դոնալդ Թրամփը, բայց այսօր ակնհայտ է, որ այն տարբերվելու է Բայդենի վարչակազմի գծից։