Այդուհանդերձ, դիտորդները զգուշորեն նկատում են, որ ընտրություններում հաղթանակից հետո օտարերկրյա առաջնորդների հետ Թրամփի զրույցները վկայում են, որ նա, կարծես, նպատակ ունի հնարավորինս արագ կատարել իր նախընտրական խոստումները՝ վերջ տալու մերձավորարևելյան, ուկրաինական հակամարտություններին
Դոնալդ Թրամփն ու նրա «Նախևառաջ Ամերիկան» արտաքին քաղաքական դոկտրինը վերադառնում են Սպիտակ տուն՝ Մերձավոր Արևելքում չդադարող արյունահեղության և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիայի ֆոնին:
Your browser doesn’t support HTML5
«Ոչինչ չի խանգարի ինձ կատարել իմ նախընտրական խոստումները։ Մենք կդարձնենք Ամերիկան ապահով, ուժեղ, բարեկեցիկ, հզոր և կրկին ազատ»,- հայտարարել է Թրամփը։
Թրամփը Սպիտակ տուն ոտք կդնի գալիք տարվա հունվարի 20-ին, սակայն արդեն իսկ բանակցությունների մեջ է օտաերկրյա առաջնորդների հետ, ներառյալ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու։
Մոսկվան հերքում է տեղեկությունը, որ Դոնալդ Թրամփը զրուցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք՝ քարոզարշավի ընթացքում Թրամփի առանցքային խոստումներից էր պատերազմներն արագորեն ավարտելը։ Դիտորդների ներկայացմամբ՝ ԱՄՆ 47-րդ նախագահը, կարծես, տրամադրված է ի կատար ածել իր խոսքերը։
«Մերձավոր Արևելքի հարցում, կարծում եմ, [Թրամփի] ուղերձը կլինի՝ «արագացրե՛ք և ավարտե՛ք այս պատերազմը»։ Ուկրաինայի հարցում՝ «դադարեցրե՛ք պատերազմը»,- ասում է Նյու Յորքում գործող ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Չարլզ Կուպչանը։
Այդուհանդերձ, Թրամփը երբևէ չի մանրամասնել, թե ինչպես է պատրաստվում դադարեցնել պատերազմները, փոխարենը՝ հաճախ է քննադատել Վաշինգտոնում կայացված որոշումները՝ Ուկրաինային հատկացնել միլիարդավոր դոլարների օգնություն։
Պատերազմի արագ ավարտը կարող է նշանակել լուրջ զիջումներ Կիևի կողմից, ինչը, ըստ նախագահ Զելենսկու, բացառվում է։
«Ցանկանում ենք, որ այս պատերազմն արդար կերպով ավարտվի։ Համոզված եմ, որ պատերազմի արագ ավարտը նշանակում է կորուստներ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Այս ամենի ֆոնին՝ աստիճանաբար ավելի մեծ ուշադրության է արժանանում Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի հայտնվելու թեման, ինչը տանում է միջազգային հարաբերությունների հետագա սրացմանը։
Թրամփը խոստացել է զբաղվել նաև մերձավորարևելյան խնդրով, ուր հակամարտությունը Գազայից աստիճանաբար տարածվեց Լիբանան, և հրեական պետությունն այսօր մարտեր է վարում Իրանի աջակցությունը վայելող երկու խմբավորումների՝ «Համասի» ու «Հեզբոլլահի» դեմ։ Երկուսն էլ ճանաչվել են ահաբեկչական կառույցներ՝ ԱՄՆ ու բազմաթիվ այլ երկրների կողմից:
«Ականատես ենք լինում իրանական սպառնալիքին, վտանգին՝ իր բոլոր բաղադրիչներով։ Նաև տեսնում ենք Իսրայելի առաջ կանգնած մեծ հնարավորություններ՝ խաղաղության հասնելու և այն ընդլայնելու ուղղությամբ»,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Դոնալդ Թրամփը նաև խոստացել է կոշտ դիրքորոշում որդեգրել միջազգային առևտրային հարցերում, հատկապես Չինաստանի ուղղությամբ։ Թրամփին ուղղված իր շնորհավորական ուղերձում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել հաստատել երկկողմ «առողջ և կայուն» հարաբերություններ։
«Սի Ծինփինը նշել է՝ պատմությունը ցույց է տվել, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները օգուտ են քաղում համագործակցությունից և տուժում հակամարտությունից»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։
Առկա է նաև ԱՄՆ-ում գտնվող ապօրինի ներգաղթյալների հարցը, որոնց Դոնալդ Թրամփը խոստացել է զանգվածաբար արտաքսել Միացյալ Նահանգներից։ Երկուշաբթի նա հայտարարեց, թե ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնին է նշանակելու Թոմ Հոմանին՝ այդ կառույցի նախկին ղեկավարին` ընդլայնելով նրա լիազորությունները, և ինչպես ամերիկյան մամուլն է գրում՝ նրան դարձնելով «սահմանային ցար»։