ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հրապարակել է իր ապագա վարչակազմի առանցքային ներկայացուցիչների անուններըն: Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը մտադիր է Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) նախկին ղեկավար Թոմ Հոմանին նշանակել նույն պաշտոնին՝ ընդլայնելով, սակայն, նրա լիազորությունները, ընձեռելով նրան անօրինական ներգաղթյալներին արտաքսելու ընդարձակ իրավունքներ, ինչպես ամերիկյան մամուլն է գրում՝ նրան դարձնելով «սահմանային ցար»։
Թրամփը նաև նաև մտադիր է Նյու Յորք նահանգից ընտրված Ներկայացուցիչների տան անդամ Էլիզ Ստեֆանիկին նշանակել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ներգաղթի և մաքսային ծառայության նախկին տնօրեն և սահմանների պաշտպանության ջատագով Թոմ Հոմանը կմիանա Թրամփի վարչակազմին և կզբաղվի սահմանների հարցով»,- գրել է Դոնալդ Թրամփն իրեն պատկանող Truth Social սոցհարթակում:
Ըստ լրատվամիջոցների՝ Հոմանին վերապահված է առանցքային դեր, ինչպես Թրամփն է խոստացել, ԱՄՆ-ի պատմության ընթացքում ապօրինի ներգաղթյալների ամենից լայնածավալ արտաքսման գործում։ Թրամփի խոսքով՝ Թոմ Հոմանն է զբաղվելու երկրի հարավային և հյուսիսային սահմանների վերահսկմամբ, ծովային ու օդային սահմանների անվտանգության ապահովմամբ և անօրինական ներգաղթյալների արտաքսմամբ՝ իրենց ծագման երկրներ:
Հոմանի նշանակման համար ԱՄՆ Սենատի հավանությունը հարկավոր չէ։
Fox News-ին տված հարցազրույցում Հոմանը հավաստիացրել է, թե Ներգաղթի և մաքսային ծառայության գործողությունները կլինեն «թիրախային» և «մարդասիրական»:
«Երբ ձեռնամուխ լինենք այդ աշխատանքին, տեղյալ ենք լինելու, թե ում ենք փնտրելու: Ամենայն հավանականությամբ, կիմանանք, թե որտեղ են նրանք, և ամեն ինչ կիրականացվի մարդասիրաբար»,- ասաց նա։
Associated Press-ը հիշեցրել է՝ այս տարվա սկզբին ելույթ ունենալով Ազգային պահպանողականության համաժողովում (National Conservatism Conference)՝ Հոմանը ակնարկել էր, թե վերադառնալու է իր պաշտոնին:
«Թրամփը կվերադառնա հունվարին։ Ես կվերադառնամ նրա հետևից և կիրականացնեմ մեր երկրի պատմության ընթացքում [ապօրինի ներգաղթյալների] արտաքսման ամենից լայնածավալ գործողությունը»,- ասել էր Թոմ Հոմանը:
Ի հավելումն՝ New York Post-ին փոխանցած հայտարարության մեջ Թրամփը հայտնել է, թե մտադիր է Էլիզ Ստեֆանիկին նշանակել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան՝ նրան բնութագրելով որպես «հանուն Ամերիկայի [գործող] անհավանական ուժեղ, կոշտ և խելացի առաջամարտիկ»:
Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Ստեֆանիկը արձագանքել է, թե ընդունել է Թրամփի առաջարկը՝ ընդգծելով, որ իր համար «իրոք պատիվ է» նման պաշտոնում աշխատելը:
«Նախագահ Թրամփի հետ զրույցի ժամանակ ասացի, որ ընդունում եմ նրա առաջարկը և անհամբերությամբ սպասում եմ ԱՄՆ Սենատում իմ գործընկերների աջակցությունը ստանալուն»,- ասել է նա New York Post-ին։