Ռուսաստանցիների 76%-ը կողմ են պատերազմին, բայց մեծ մասը պատրաստ չէ զոհաբերել հարազատների կյանքը ռազմի դաշտում․ «Լևադա-կենտրոն»

«Ռուսաստանի հպարտությունը» վերտառությամբ պաստառ, Սանկտ Պետերբուրգ։ Սեպտեմբերի 24, 2024թ․։

Ըստ «Լևադա-կենտրոնի»՝ հարցվածների միայն 40%-ն է համաձայն, որ իրենց հարազատները պայմանագիր կնքեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։

Ռուսաստանի բնակչության ավելի քան երեք քառորդը (76%) աջակցում է ռուսական բանակի գործողություններին Ուկրաինայում՝ այս մասին են վկայում «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են կազմակերպության պաշտոնական կայքում։

Այդուհանդերձ, հարցվածների 42%-ը պատրաստ չեն, որ իրենց հարազատներն ու մտերիմները վտանգեն իրենց կյանքը ռազմաճակատում։ Սա մի փոքր գերազանցում է այն ռուսաստանցիների թիվը (հարցվածների 40%-ը), ովքեր կողմ կլինեին, որ իրենց հարազատները և ընտանիքի անդամները պայմանագիր կնքեն պաշտպանության նախարարության հետ և մասնակցեն մարտական գործողություններին։

Եվս 17%-ը նշել է, որ չունի հստակ պատասխան այս հարցի վերաբերյալ, իսկ 1%-ը հրաժարվել է կարծիք հայտնել։

«Լևադա-կենտրոնի» տնօրեն Դենիս Վոլկովի խոսքով՝ նման ձևակերպմամբ հարցն առաջին անգամ է հնչել ռուսական սոցհարցումներում, և պատասխանները կարելի է դիտարկել որպես «այլ միջոց՝ պարզելու, թե որչափ են ռուսաստանցիներն, իրականում, աջակցում հատուկ ռազմական գործողությանը»։

Նրա կարծիքով, նրանք, ովքեր համաձայն են, որ իրենց հարազատները գնան ռազմաճակատ, «պատրաստ են ինչ-որ բան զոհաբերել և ոչ միայն խոսքով աջակցել (պատերազմին)»։

Հարցման հիման վրա արված եզրակացություննրից մեկն է, որ ռուսաստանցիների շրջանում Ուկրաինայում պատերազմի նկատմամբ ուշադրությունը նախորդ ամիսների ընթացքում չի փոխվել, ու, ինչպես նախկինում, հարցվածների մոտ կեսը շարունակում է ուշադիր հետևել իրադարձություններին։

Ռազմական գործողություններին աջակցության մակարդակը շարունակում է մնալ կայուն բարձր։ Միևնույն ժամանակ, հարցումը ցույց է տալիս, որ հարցվածների մեծ մասը (55%) կարծում է, թե եկել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների ժամանակը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նոյեմբերի 7, 2024թ․։

«Լևադա-կենտրոնի» հետազոտությունը բավականին մռայլ պատկեր է ներկայացնում ռուսական հասարակության վիճակի մասին՝ ասում է Պրահայում գործող Կարլովի համալսարանի Սոցիալական գիտությունների ֆակուլտետի դասախոս Դմիտրի Դուբրովսկին։

Նկատում է՝ Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ ռուսաստանյան հանրության գիտակցման մեջ որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։

««Լևադայի» սոցիոլոգներին հաջողվել է ի հայտ բերել շատ կարևոր հանգամանք։ Հարցվածների մոտ կեսը ցանկանում է, որ ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես կա, բայց առանց իրենց մասնակցության։ Մոտավորապես նույնքան մարդ էլ կողմ է, որ իրենց հարազատները պայմանագիր ստորագրեն [Ռուսաստանի] պաշտպանության նախարարության հետ։ Այսինքն՝ պատրաստ են նրանց ուղարկել մահվան։ Ստացվում է, որ հարցվածների զգալի մասը պատերազմին աջակցում է, կարելի է ասել, հեռվից»,- ասում է Դուբրովսկին։

Դմիտրի Դուբրովսկին ուշադրություն հրավիրեց՝ եթե այսօր Ռուսաստանում հայտարարում ես, որ չես աջակցում «հատուկ ռազմական գործողությանը», ապա ավտոմատ կերպով հայտնվում ես ռիսկային խմբում. «[Դառնում ես] մարգինալ, «ուկրաինամետ» կամ նմանատիպ մի բան։ Նման դիրքորոշումը բավականին վտանգավոր է, հատկապես եթե այն արձանագրվում է հարցման ժամանակ։ Իսկ այն մարդիկ, որոնք կողմ են, որ իրենց հարազատները պայմանագիր կնքեն պաշտպանության նախարարության հետ, ըստ ինձ, իսկապես կողմ են ռազմական գործողություններին»։

«Լևադա-կենտրոնի» հարցման համաձայն՝ իրենց հարազատներին պատերազմ ուղարկելուն առավել կողմ են արտահայտվել հետևյալ խմբերը՝ տղամարդիկ (հարցված բոլոր տղամարդկանց 48%-ը), 55-ից բարձր տարիքի մարդիկ (51%), մայրաքաղաքի բնակիչները (50%), նրանք, ովքեր հավատում են, որ երկրի գործերն ընթանում են ճիշտ ուղղությամբ (48%), ինչպես նաև այն մարդիկ, որոնց համար հեռուստատեսությունը տեղեկատվության գլխավոր աղբյուրն է (50%)։

«Ինձ համար տարօրինակ է, որ այդ խմբում հայտնվել են 55 և բարձր տարիքի մարդիկ, ինչը նշանակում է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, պատրաստ են ռազմաճակատ ուղարկել իրենց երեխաներին, թոռներին...։ Հետաքրքիր է, որ նույն խմբում հայտնվել են նաև մոսկվացիները։ Պարադոքսն այն է, որ մայրաքաղաքի բնակիչներն, հատկապես բնիկները, պատերազմի դաշտում ամենաքիչն են ներկայացված։ Ինչպես հայտնի է, պայմանագրային զինծառայողների մեծ մասը մոսկվացիներ չեն, այլ երկրի աղքատ շրջաններից զորակոչվածներ»,- ասում է Դուբրովսկին։

Հարցումը նաև ներկայացրել է, թե իրենց հարազատներին և մտերիմներին պատերազմ ուղարկելուն կողմ ռուսաստանցիները այդ դիրքորոշումը ինչպես են բացատրում, և «հայրենիքը պաշտպանելու անհրաժեշտության» մասին նշել է 41%-ը, «յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է»՝ 18%, «քաղաքացու պարտքն է, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն»՝ 18%։

«Պատերազմին մասնակցելուն կողմ արտահայտվողներն ունեն շատ աղոտ պատկերացումներ, թե ինչու է այն անհրաժեշտ»,– նշում է Դմիտրի Դուբրովսկին՝ հավելել;ով, թե նրանցից գրեթե ոչ ոք այժմ չի օգտագործում Կրեմլի թեզերը՝ «ռուսախոս բնակչության պաշտպանության», հարևան երկրում «ֆաշիզմի դեմ պայքարի» մասին

«Փոխարենը, նրանք ընդհանրապես անհասկանալի պատճառաբանությամբ են խոսում հայրենիքը պաշտպանելու անհրաժեշտության մասին։ Հավանաբար, նրանց մտքով անգամ չի անցնում (կամ իրենցից վանում են այն միտքը), թե ինչու դա պետք է արվի Ուկրաինայում։ Նրանց ասել են, թե հայրենիքը վտանգի մեջ է, նշանակում է՝ պետք է փրկել այն։ Ո՞ւմից, ինչու՞՝ կարևոր չէ։ Նաև կարևոր չէ, թե ով է ագրեսորը, իսկ ով՝ զոհը։ Գործում են՝ առաջնորդվելով այն սկզբունքով, թե բոլորը գնում են [այդ ուղղությամբ], ես էլ կգնամ», – եզրափակեց Դուբրովսկին։