Մատչելի հղումներ

Մոսկվան իր նավթի զգալի մասը վաճառում է հնացած նավթատարների միջոցով՝ պատժամիջոցները շրջանցելու համար


Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմը»
Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմը»

Աճում է մտահոգությունը, որ Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի»՝ հնացած նավթատարները, որ օգտագործվում են ռուսական նավթի նկատմամբ հաստատված արևմտյան սահմանափակումը շրջանցելու համար, լուրջ էկոլոգիական սպառնալիք են։ Կիևի տնտեսագիտության դպրոցի նոր զեկույցի համաձայն՝ նման նավերից նավթի արտահոսքը «սոսկ ժամանակի հարց է», և հեղինակները հորդորում են միջազգային հանրությանն ավելին անել՝ Կրեմլի ստվերային գործունեությունը դադարեցնելու համար։

Անցած ամիս Գերմանիայի ափամերձ շրջանում՝ Բալթիկ ծովում, բնապահպանական «Գրինփիս» կազմակերպության ակտիվիստները արձանագրել էին Seagull հնացած նավթատարի տեղաշարժ, որը Ռուսաստանից նավթ էր տեղափոխում Հնդկաստան։

«Իրականում վտանգավոր է․ այդ նավթատարը 21 տարեկան է և ակնհայտորեն վատ վիճակում։ Հաճախ այդ տանկերներն ապահովագրված չեն կամ պատշաճ չեն ապահովագրված, և եթե ինչ-որ բան պատահի, ապա բոլորս ենք վճարելու, քանի որ [այդ նավթատարների գործունեությունը] ապահովագրությունը չի ծածկում»,- ասում է «Գրինփիսի» ներկայացուցիչ Թիլո Մաակը։

Արևմտյան տերությունները մտահոգված են ռուսական առևտրային՝ «ստվերային նավատորմի» գործունեությամբ
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

Մեծ յոթնյակը՝ Ավստրալիայի ու Եվրամիության հետ միասին, 2022 թվականի դեկտեմբերին ռուսական նավթի գնի առաստաղ է սահմանել մեկ բարելի դիմաց 60 դոլարը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Մոսկվայի սանձազերծած պատերազմի։

Արևմտյան ընկերությունների ծառայություններից՝ ապահովագրությունից, սպասարկումից, օգտվող ցանկացած նավ պարտավոր է հետևել գնային այդ սահմանափակմանը։

Ի պատասխան՝ Ռուսաստան ստեղծել է հնացած տանկերներից՝ նավթատարներից կազմված, այսպես կոչված, «ստվերային նավատորմ», որը կապ չունի արևմտյան ընկերությունների նշված ծառայությւոննեևի հետ, և այդ նավատորմի միջոցով Կրեմլը հնարավորություն է ստացել ողջ աշխարհում, հիմնականում՝ Չինաստանին և Հնդկաստանին, վաճառել իր նավթը։

Ըստ որոշ գնահատականների՝ այդ նավատորմը բաղկացած է մոտ 600 նավից։

Արևմտյան երկրները սահմանափակումներ են հաստատել փոխադրող ընկերությունների կամ առանձին նավերի նկատմամբ։ Սակայն Կիևի տնտեսագիտության դպրոցի՝ այս ամիս հրապարակած զեկույցի համաձայն՝ ռուսական «ստվերային նավատորմը» աճում է և այժմ տեղափոխում է Ռուսաստանի նավթի մինչև 70%-ը։

«Ռուսաստանը գործի է դրել այդ նավերը կասկածելի իրավազորությունների ներքո, որոնց պայմաններում տեխնիկական պահանջները չափազանց ցածր են։ Ռուսական ապահովագրությունը, հավանաբար, բավարար չի լինի որևէ միջադեպի պարագայում վճարել ծախսերը։ Արդեն մի քանի վտանգավոր միջադեպեր ենք ունեցել։ Այս պահին դեռ նավթի խոշոր արտահոսք չի գրանցվել, բայց դա, իրոք, ժամանակի հարց է»,- ասում է Կիևի տնտեսագիտության դպրոցի ավագ տնտեսագետ Բենջամին Հիլգենշտոքը։

Այս առնչությամբ մի շարք ծովափնյա պետություններ իրենց մտահոգությունն են հայտնել։

«Ծովափնյա պետությունների՝ Դանիայի, Շվեդիայի և մյուսների առջև վեր հառնող խնդիրն այն է, որ միջազգային ծովային նորմերի համաձայն՝ նրանք ունեն շատ սահմանափակ իրավունքներ՝ միջամտելու իրենց ջրերով անցնող նավերի գործերին»,- ասում է Հիլգենշտոքը։

Տնտեսագետն առաջարկում է արևմտյան տերություններին օգտագործել ապահովագրական կանոնակարգերը՝ ռուսական «ստվերային նավատորմի» դեմ պայքարելու համար։

«Նախ, պետք է ապահովել թափանցիկություն՝ կապված նավթի արտահոսքի ապահովագրության հետ, քանի որ ներկայում շատ քիչ բան գիտենք այդ մասին։ Եթե որևէ նավ մերժում է տրամադրել այս տեղեկատվությունը կամ եթե այն բավարար կերպով ապահովագրված չէ, ապա պետք է պատժվի և գործնականում հեռացվի առևտրային գործից»,- ասում է Հիլգենշտոքը։

Այս ամիս Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց «ստվերային նավատորմի» ևս 18 տանկերների նկատմամբ՝ նման նավերի թիվը հասցնելով 43-ի։

Կրեմլը հայտարարել է՝ այդ քայլը վկայում է, որ Լոնդոնին ձեռնատու չէ, որպեսզի Մոսկվան պահպանի իր՝ «էներգակիրների հուսալի մատակարարի» կարգավիճակը։

XS
SM
MD
LG