Մատչելի հղումներ

Հեղուկ գազ արտադրող ռուսական խոշորագույն՝ Арктик СПГ-2 նախագիծը կանգ է առել


Հեղուկ գազ տեղափոխող Sun Arrows նավը բեռնվում է Պրիգորոդնոյում՝ Ռուսաստանում։ Հոկտեմբերի 29, 2021թ․։
Հեղուկ գազ տեղափոխող Sun Arrows նավը բեռնվում է Պրիգորոդնոյում՝ Ռուսաստանում։ Հոկտեմբերի 29, 2021թ․։

Ռուսական Новатэк ընկերության Арктик СПГ-2 նախագիծը, որը համարվում է հեղուկ գազի արտադրության ոլորտում Ռուսաստանի խոշորագույն նախագիծը, կանգ է առել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։

Հեղուկ գազ արտադրող ռուսական խոշորագույն նախագիծը դադարել է գործել ամերիկյան պատժամիջոցների պատճառով։

Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նախագիծը գնահատվում է մոտավորապես 25 միլիարդ դոլար, և հեղուկ գազի արտադրության կայանի կառուցումը տևել է մոտ տասը տարի։ Ռուսաստանը մեծ հույսեր էր կապում Арктик СПГ-2-ի հետ:, որի մասին վկայում է նաև այն, որ ձեռնարկության առաջին հոսքագծի գործարկմանը՝ 2023 թվականին, ներկա էր նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կայանի ողջ հզորությունների գործարկումից հետո Арктик СПГ-2-ի արտադրական կարողությունը պետք է հասներ տարեկան 19,8 միլիոն տոննա հեղուկ գազի, ինչը թույլ կտար Ռուսաստանին ավելացնել իր մասնաբաժինը համաշխարհային շուկայում` 8%-ից հասցնելով 20%-ի՝ մինչև 2030 թվականը։

Բայց այսօր Новатэк-ը չի կարողանում գտնել որևէ ընկերության, որը ցանկանում է գնել այդ հեղուկ գազը, չնայած առաջարկվող հսկայական զեղչերին (ըստ տեղեկությունների՝ մինչև 40%)։ Օգոստոսից ի վեր Арктик СПГ-2-ի առաջարկած հեղուկ գազի որևէ խմբաքանակ չի հաջողվել վաճառվել: Պատճառը՝ ամերիկյան պատժամիջոցներն են։

Արդյունքում, այս հոկտեմբերին՝ նախորդ ամսվա համեմատ, գազի արդյունահանումը կայանում կրճատվել է ավելի քան կիսով։ Ըստ Bloomberg-ի աղբյուրների, կայանի աշխատանքը փաստացի դադարեցվել է և շարունակվում են միայն որոշակի գործառույթներ՝ տեխնիկական անհրաժեշտ վիճակը պահպանելու համար։

Հեղուկ գազ արտադրող ռուսական խոշորագույն՝ Арктик СПГ-2 նախագիծը կանգ է առել
please wait

No media source currently available

0:00 0:05:45 0:00

Ինչպես ասացինք, ամերիկյան պատժամիջոցները, որոնք թիրախավորել են նախագիծը և վերաբերում են նաև այն նավերին, որոնք կարող են սպասարկել Арктик СПГ-2-ը՝ առաքելով պատրաստի հեղուկ գազը, պատճառն են, որ միջազգային շուկայում հրաժարվում են գործ ունենալ ռուսական այդ ձեռնարկության հետ, իսկ Новатэк-ի մենեջերների փորձերը՝ շրջանցել պատժամիջոցները տակավին ապարդյուն են։

ԱՄՆ էներգետիկայի նախարարի օգնական Ջեֆրի Փայատի խոսքով՝ գերատեսչությունն ուշադիր է, թե ուր է ուղարկվում պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական հեղուկ գազը՝ նշելով, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը այս ուղղությամբ կշարունակի կոշտ դիրքորոշումը։

Նավթագազային ոլորտի վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինի խոսքով՝ նման զարգացումը «միանգամայն սպասելի էր»։

«Արգելվել է հեղուկ գազ տեղափոխող նավերի վաճառքը, վարձակալության հանձնելը [ռուսական] ընկերությանը, որի հետևանքով նախագիծը մնացել է առանց տրանսպորտային միջոցների, իսկ խնդիրը լուծելու փորձերն ավարտվել են անհաջողությամբ։ Մաքսանենգ ճանապարհով հնարավոր չեղավ լուծել ձեռնարկության այդ՝ հիմնական խնդիրը։ Ուստի, չնայած արդեն երկու հոսքագիծ պատրաստ էր և կարող էին աշխատել, գործարանը փաստացի պարապուրդի է մատնված, քանի որ արգելված արտադրանքը արտահանելու տարբերակ չկա»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Կրուտիխինը։

Նման իրավիճակով պայմանավորված որոշվել է հետաձգել երրորդ գծի կառուցումը, որի գործարկման ժամկետն առայժմ 2026 թվականից տեղափոխվել է 2028 թվական։

Կրուտիխինի ներկայացմամբ՝ տուժել են ծրագրում ներգրավված բոլոր ընկերությունները, և խոսքը Новатэк-ից զատ վերաբերում է ֆրանսիական TotalEnergies-ին, երկու չինական և երկու ճապոնական ընկերություններին, որոնք մեծ գումարներ և տեխնոլոգիաներ են ներդրել նախագծում։

«Арктик СПГ-2-ի հետ հեղուկ գազի գնման բոլոր պայմանագրերը համարվում են անվավեր, իսկ այդ ընկերությունները դրամ են ծախսել։ Կարծում եմ՝ սա լավ դաս է բոլորի համար, և այժմ արտասահմանյան ընկերություններից ոչ մեկը չի ցանկանա ներդրումներ կատարել նման ձեռնարկություններում»,- ասում է փորձագետը։

Այս տարվա հունիսին ԱՄՆ-ն խստացրեց Новатэк-ի դեմ պատժամիջոցները՝ թիրախավորելով հեղուկ գազին վերաբերող ընկերության մյուս նախագծերը՝ Мурманск СПГ-ը, Обский СПГ-ը, Мурманск-трансгаз-ը, Арктик СПГ-3-ը, և հեղուկ գազի տեղափոխման համար Новатэк-ի պատվիրած 15 նավերից 7-ը, որոնք պետք է կառուցվեն ռուսական Звезда նավաշինարանում։

Ըստ Միխայիլ Կրուտիխինի Новатэк-ը լուրջ խնդիրների առջև է։

«Նրա սեփականատերերը արտերկրում ստեղծեցին մի քանի դուստր ձեռնարկություններ, որոնք գնեցին, այսպես կոչված, սառցե դասին չպատկանող գազատար նավեր, որպեսզի գոնե ամռանը փորձեն արտահանել հեղուկ գազի մի մասը և այն մաքսանենգ ճանապարհով տեղափոխել ինչ-որ տեղ՝ քողարկելով իրենց գործողությունները։ Բայց այդ ծրագիրը նույնպես ձախողվեց»,- ասում է փորձագետը՝ հիշեցնելով, որ Арктик СПГ-2-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատճառով։

Տնտեսագետ Դմիտրի Նեկրասովը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է, թե իր համար Арктик СПГ-2-ի աշխատանքի կանգ առնելը անսպասելի էր։

«Հնարավոր է, որ Новатэк-ին, իրոք, դժվար է վաճառել իր արտադրանքը որևէ մեկին, որովհետև բոլորը վախենում են երկրորդական պատժամիջոցներից։ Հասկանալի է, որ հեղուկ գազ տեղափոխող նավերի երթուղիները բավականին հեշտ է վերահսկել։ Բացի այդ, եթե նավթը, օրինակ, կարելի է տեղափոխել մի լցանավից մյուսը, ապա նման բան հնարավոր չէ անել հեղուկ գազի պարագայում։ Ուստի, պատժամիջոցներն այստեղ արդյունավետ են»,- ասում է Նեկրասովը՝ ընդգծելով, որ նման խոշոր նախագծի կասեցումը, անշուշտ, բացասական հետևանքներ է թողնելու ռուսական տնտեսության վրա։

Տնտեսագետի խոսքով՝ Կրեմլի գործերը լավ չեն նաև նավթի շուկայում, քանի որ նախորդ շրջանում շարունակ տեղեկություններ են հայտնվում, թե նավթ արդյունահանող խոշորագույն երկրներից մեկը՝ Սաուդյան Արաբիան մտադիր է ավելացնել իր սև ոսկու արտահանման ծավալները՝ պետբյուջեն համալրելու նպատակով, ինչը կբերի նավթի միջազգային գների անկմանը: Սա կարող է լուրջ հարված հասցնել Ռուսաստանի տնտեսությանը։

XS
SM
MD
LG