Մատչելի հղումներ

Աճում է ուկրաինական պատերազմից դժգոհ ռուսաստանցիների թիվը․ Լևադա կենտրոն


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հոկտեմբերի 8, 2024թ․։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հոկտեմբերի 8, 2024թ․։

Փորձագետներն անդրադարձել են Ռուսաստանում անցկացված նոր սոցհարցման արդյունքներին, որոնք վկայում են՝ երկրի բնակիչների շրջանում աճում է հոգնածությունը պատերազմից։

Այն ռուսաստանցիների թիվը, ովքեր կարծում են, թե ուկրաինական պատերազմը Ռուսաստանին ավելի շատ վնաս է պատճառել, քան օգուտ, աճել է՝ հասնելով 47%-ի: Այս մասին են վկայում Մոսկվայում գործող հայտնի Լևադա կենտրոնի՝ անցած ամիս անցկացրած սոցհարցման արդյունքները։

Ի հավելումն՝ 10 տոկոսային կետով նվազել է Ռուսաստանի այն բնակիչների թիվը, որոնք կարծում են, թե Պուտինի սանձազերծած ագրեսիան հարևան երկրի դեմ ավելի շատ օգուտ է բերել, քան վնաս․ 38%-ից իջել է 28%-ի։

Պատերազմից առանձնահատուկ դժգոհություն են հայտնում կանայք (հարցվածների 55%), երիտասարդները՝ 55%, ու փոքր քաղաքների բնակիչները՝ 52%, ինչպես նաև նրանք, ովքեր կարծում են, որ երկիրը սխալ ուղու վրա է (այդպես մտածողների 77%-ը) ու նրանք, որոնք չեն հավանում Պուտինին՝ 74%-ը։

Այս խմբից շատերը ընդգծում են՝ պատերազմը մահ, վիշտ ու տառապանք է բերում։ 21%-ը կանգ է առել ռուսական բանակի կորուստների վրա, իսկ 7%-ը՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի։ 18%-ը նշել է երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման մասին, այդ թվում՝ խոսել է գնաճից ու պատերազմին հատկացվող ռեկորդային գումարներից։

Ընդ որում, ռուսաստանցիների միայն 13%-ն է ցանկացած պատերազմ աննորմալ համարել։

Աճում է պատերազմից դժգոհ ռուսաստանցիների թիվը
please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00

Լևադա կենտրոնի տնօրեն Դենիս Վոլկովը հայտնել է Агентство լրատվական գործակալությանը, թե հարցման արդյունքները ցույց են տալիս՝ ռուսաստանցիները հոգնել են պատերազմից և մեծամասնությունը խաղաղություն է ցանկանում՝ առայժմ այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը «թողնելով իշխանություններին»։

Այս հրապարակման ֆոնին՝ Պրահայի Չարլզի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Դմիտրի Դուբրովսկին հիշատակել է ռուսաստանյան մեկ այլ՝ Կրեմլին հարող կենտրոնի՝ ВЦИОМ-ի անցկացրած սոցհարցման արդյունքները։

«Մարդկանց մեծամասնությունը՝ մոտ 70%-ը, հավանություն է տվել, այսպես կոչված, «հատուկ ռազմական գործողությանը», սակայն քիչ թվով մարդիկ են կարողացել պատասխանել, թե ինչու է սկսվել պատերազմը։ Այսինքն, նրանք, ովքեր շարունակում են հավանություն տալ պատերազմին, չգիտեն, թե կոնկրետ ինչին են հավանություն տալիս»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Դուբրովսկին:

Լևադա կենտրոնի կողմից հարցվածների 16%-ը, սակայն, վստահ է, որ պատերազմն ինչ-որ կերպ ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն աշխարհում, մինչդեռ, հայտնի է, որ, օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջին քվեարկությունների արդյունքներն ակնհայտորեն այլ պատկեր են ի ցույց դնում:

Եվս 11%-ը կարծում է, թե Պուտինը, սկսելով պատերազմը, իբր դադարեցրել է ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք։ Միևնույն ժամանակ, ռուսատանցիները չեն խոսել, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Ֆինլանդիան ու Շվեդիան դարձել են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, ինչի արդյունքում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև ցամաքային սահմանի երկարությունը գրեթե կրկնապատկվել է։

Դմիտրի Դուբրովսկու ներկայացմամբ՝ նման հանգամանքը վկայում է այն մասին, որ ռուսաստանյան հանրության մի զգալի մասը պարզապես չի ցանկանում որոշումներ կայացնել պատերազմի առնչությամբ՝ գնահատել իրավիճակը, փորձել հասկանալ ապագան, դիրքորոշում ձևավորել, և ռուսաստանցիներն այլևս նորմալ են վերաբերվում Կուրսկի մարզում տեղի ունեցողին:

Մյուս կողմից, ըստ հետազոտողի, նման մոտեցումն այն է, ինչ ցանկանում է Կրեմլը, որպեսզի մարդիկ ապրեն այնպես, կարծես ամեն ինչ նորմալ է։

«Եվ այստեղ հակասություն է առաջանում։ Մի կողմից՝ իշխանություններին պետք է մոբիլիզացնել մարդկանց, մյուս կողմից՝ ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է։ Եթե հայացք նետեք այն խմբերին, որոնք սկսում են բացասաբար տրամադրվել ուկրաինական պատերազմին, ապա կտեսնեք, որ այդ խմբերը բաղկացած են երիտասարդներից ու փոքր քաղաքների բնակչությունից, քանի որ այդ խմբերից ռազմաճակատ մեկնածների «անհետացումը» դառնում է նկատելի։ Իշխանությունները փորձում են թաքցնել հսկայական կորուստները, բայց անհնար է»,- ասում է Դուբրովսկին։

Հիշեցնենք՝ Պենտագոնի գնահատմամբ՝ 2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր, ռուսական զորքերը տվել են մոտ 600 հազար սպանված և վիրավոր։ Սա բազմապատիկ ավելին է, քան Երկրորդ աշխարհամարտից հետո տեղի ունեցած որևէ հակամարտության ժամանակ, որին մասնակցել է Մոսկվան:

Այդուհանդերձ՝ ռուսաստանցիների մեծ մասի մոտ անտարբերությունն ու պատեհապաշտությունը շարունակում են տարածված լինել՝ ասում է Новой газета-ի սյունակագիր Անդրեյ Կոլեսնիկովը, թեև, նա էլ է նկատել, որ դանդաղ, բայց սկսում է ի հայտ գալ հոգնածությունը ուկրաինական պատերազմից։

«Սակայն, ինչպես մեկ տարի առաջ, բանակցություններ ցանկացողների մի զգալի մասը պատրաստ է դրան այն դեպքում, եթե «նոր» տարածքները մնան Ռուսաստանի կազմում։ Ուստի, Պուտինը դեռ հնարավորություն ունի շարունակել իր սկսածը։ Պատահական չէ, որ Կրեմլը շատ ուշադիր է սոցիոլոգիական հետազոտություններին»,- մեզ հետ զրույցում փոխանցել է Կոլեսնիկովը։

Անդրեյ Կոլեսնիկովը եզրափակել է․ «Միևնույն ժամանակ, չի կարելի ասել, որ Լևադա կենտրոնի հետազոտության արդյունքները վկայում են բնակչության շրջանում կրեմլյան քարոզչության ազդեցության թուլացման մասին։ Քարոզչության պատումն է փոխվել, թե իբր մենք՝ Կրեմլում, Ռուսաստանում խաղաղության կողմնակից ենք, իսկ նրանք՝ [Արևմուտքում] խաղաղություն չեն ուզում...»։

XS
SM
MD
LG