Նա նաև նացիստ, թմրամոլ ու հարբեցող է, որը կարգադրում է սպանել հետաքննող լրագրողներին, ճնշում է էթնիկ փոքրամասնություններին և, ի վերջո, հարձակվել է Ռուսաստանի վրա՝ հրաժարվելով դադարեցնել պատերազմը՝ ցինիկաբար օգուտ քաղելով ուկրաինացիների արյան հաշվին։
Այո՛, չսխակվեցիք․ ռուսաստանյան պետական քարոզչամեքենան այս ամենը ներկայացնում է ամենայն լրջությամբ։
Դիտորդների խոսքով՝ այն, ինչ Զելենսկու հաշվով փորձում է կյանքի կոչել ռուսաստանյան պրոպագանդան, կոչվում է «պատկերագծում», երբ մեղավոր կողմը զոհին մեղադրում է այն ամենի մեջ, ինչ ինքն է կատարել։ Այս դեպքում, անշուշտ, խոսքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչող մեղադրանքների մասին է, որոնք ռուսական քարոզչամեքենան վերագրում է Զելենսկուն։
Հետաքննող լրագրողները, փաստերի ստուգման հարթակները, նաև՝ «Ամերիկայի ձայնը» ուսումնասիրել են Ուկրաինայի նախագահի մասին Կրեմլի պնդումները՝ ի հայտ բերելով կեղծիքը։ Թեև Զելենսկու չարագործ լինելու մասին ռուսաստանյան մեղադրանքների ցուցակը շարունակում է համալրվել։
Վերջերս Կրեմլի ներքո գտնվող լրատվամիջոցները, սոցհարթակներում գործող բազմաթիվ էջեր Զելենսկուն մեղադրեցին Ուկրաինայում թաղումները անցկացնելու գործը մենաշնորհ դարձնելու մեջ՝ ընդ որում, օգտագործելով իր ազգանունը որպես ապրանքանիշ։
Ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությունը, վկայաբերելով 2022 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի նախագահի կողմից Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում «Զելենսկի» ապրանքանիշի գրանցումը, ենթադրել է, թե Ուկրաինայի նախագահը զբաղվում է թաղման բիզնեսով։
Դրան հետևեցին ռուսական պետական և կրեմլամետ լրատվամիջոցների ապակողմնորոշիչ հրապարակումները, որոնց համաձայն՝ Զելենսկին գրանցել է ապրանքանիշը՝ պատերազմից ավերված իր երկրում թաղման բիզնեսը մենաշնորհ դարձնելու նպատակով։
«Զելենսկի» ապրանքանիշը գրանցած Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի կառույցներից է, որը կոչված է պաշտպանել մտավոր սեփականությունը ողջ աշխարհում՝ ըստ Նիցայում ստորագրված համաձայնագրի։ Ապրանքանիշի գրանցումը պարտադիր է համաձայնագիրը ստորագրած պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի համար։
2019 թվականին՝ Ուկրաինայի նախագահ դառնալուց առաջ, Զելենսկին աշխատում էր հեռուստատեսությունում և հանդիսանում էր «Կվարտալ 95» ստուդիայի հիմնադիրը, որը տարեկան բազմամիլիոնանոց շահույթ ունեցող ընկերություն է։ 2016 թվականին Netflix-ը գնեց Զելենսկուն պատկանող ընկերության արտադրած «Ժողովրդի ծառա» հեռուստաշոուի հեռարձակման իրավունքները։ Սերիալում Զելենսկին մարմնավորել է Ուկրաինայի նախագահին։
Մինչև 2019 թվականը Զելենսկին գրանցել էր 31 ապրանքանիշ։
Նրա ներկայացրած հարկային հայտարարագրի համաձայն՝ մինչև 2020 թվականի վերջ Զելենսկին ուներ ապրանքների և ծառայությունների համար գրանցված 47 ապրանքանիշի նկատմամբ ամբողջական կամ մասնակի իրավունքներ։
2021 թվականին Ուկրաինայի նախագահը դարձել է ևս 16 ապրանքանիշի սեփականատեր, որոնք գրանցված են միայն Ուկրաինայում։
Ռուսական լրատվամիջոցների հրապարակումները, թե Զելենսկին իբր «թաղման բիզնես» է սկսել, ամբողջովին հերքվել են։
Ներկայացնենք, սակայն, այդ հրապարակումներից մի քանիսը։
Սպանության մասին շինծու պատմությունը
2023 թվականի դեկտեմբերից 2024 թվականի հունվար ժամանակահատվածում ռուսաստանյան լրատվամիջոցները ակտիվորեն տարածում էին մի պատմություն՝ կապված ոմն եգիպտացի հետաքննող լրագրող Մոհամեդ Ալ-Ալավիի հետ։ Նա իբր բացահայտել էր, որ Զելենսկին Կարմիր ծովի Հուրգադա քաղաքում 4,8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել իր զոքանչի անունով։ Այնուհետև, Զելենսկու գործակալները նրա իսկ պատվերով սպանել են լրագրողին՝ կոռուպցիոն սխեման կոծկելու համար։
«Ամերիկայի ձայնի» փաստերի ստուգման հարթակը հետաքննել է պատմությունը և ապացուցել, որ այն շինծու է։ Եգիպտացի լրագրողը երբեք գոյություն չի ունեցել, և, բնականաբար, չէր կարող սպանվել։ Նշված առանձնատունը պատկանում է մի տեղաբնակի, ով ոչ մի կապ չունի Զելենսկու կամ Ուկրաինայի հետ։
Սուտ լուրեր գումարներ վատնելու մասին
2023 թվականի հոկտեմբերին ռուսական լրատվամիջոցները և սոցցանցերի կրեմլամետ օգտատերերը սկսեցին լուրեր տարածել, թե այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան 1,1 միլիոն դոլար է ծախսել Նյու Յորքի Cartier խանութում՝ գնելով ոսկերչական զարդեր։ Նրանց պնդմամբ՝ գնումների ստացականի մասին տեղեկությունը տարածել է Cartier-ի նախկին աշխատակիցը։
Սակայն Deutsche Welle -ի, Newsweek-ի և Snopes-ի համատեղ հետաքննությունը հերքեց այդ պնդումը՝ ապացուցելով, որ ստացականը կեղծ է, և ենթադրյալ գնման օրը Զելենսկայան Կանադայում էր։ Հետագա հետաքննությունը պարզել է, որ արտահոսքի աղբյուրը խանութի ռուս սեփականատերն է, այլ ոչ թե Cartier-ի նախկին աշխատակիցը։
Անհիմն տեղեկություններ զբոսանավերի մասին
2023 թվականի նոյեմբերին ռուսական տելեգրամյան ալիքները և մոսկովյան Комсомольская правда պարբերականը լուրեր տարածեցին, թե Զելենսկին 75 միլիոն դոլար արժողությամբ երկու զբոսանավ է գնել՝ օգտագործելով ԱՄՆ օգնությունը։
Պնդումը հիմնված էր կրեմլամետ DC Weekly պարբերականի ռեպորտաժի վրա։
Deutsche Welle-ի, BBC-ի և Associated Press-ի փաստեր ստուգող լրագրողների հետաքննության համաձայն՝ զբոսանավերը տակավին դրված են վաճառքի, իսկ տեսանյութում ցուցադրված փաստաթղթերը կեղծ են։
Կեղծ լուրեր ԱՄՆ-ում առանձնատան մասին
2023 թվականի դեկտեմբերին ռուսական լրատվամիջոցները, դարձյալ, կեղծ տեղեկություններ տարածեցին, թե Զելենսկին և նրա ընտանիքը 2024 թվականի գարնանը տեղափոխվելու են ԱՄՆ, ուր կստանան ԱՄՆ քաղաքացիություն և 20 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն Ֆլորիդայում։
Տեղեկությունը հիմնված էր անանուն օգտատիրոջ կողմից հրապարակված յություբյան տեսանյութի և DC Weekly-ի հոդվածի վրա։
Reuters-ի և Euronews-ի կողմից իրականացված հետաքննությունը պարզեց, որ Զելենսկու հպատակագրման վկայականը շինծու է, իսկ Ֆլորիդայում գտնվող այդ անշարժ գույքը դեռ վաճառքի է։ Հետաքննությունը չէր հայտնաբերել որևէ ապացույց այն մասին, թե Զելենսկին տուն է գնել Միացյալ Նահանգներում կամ ցանկացել է ԱՄՆ քաղաքացիություն ստանալ։
Գերթանկարժեք մեքենայի մասին կեղծ պնդումներ
2024 թվականի հուլիսին ռուսական լրատվամիջոցները հերթական անգամ կեղծ տեղեկություն տարածեցին, որ Օլենա Զելենսկայան Փարիզ կատարած այցի ընթացքում ձեռք է բերել 4,9 միլիոն դոլար արժողությամբ Bugatti սպորտային մեքենա։ Լուրը տարածվեց սոցցանցերի միջոցով։
Տեղեկության աղբյուրը ֆրանսերենով լույս տեսնող Verite Cachee կայքն էր, որը կիրառել էր արհեստական բանականությամբ ստեղծված դիփֆեյք՝ կեղծ տեսանյութ իր հրապարակման համար։
«Ամերիկայի ձայնի» հետաքննության արդյունքում հերքվել էր նաև այս կեղծիքը, և բացահայտվել էր, որ ապատեղեկատվության հետևում կանգնած է ռուսական պետական քարոզչամեքենայի հետ կապ ունեցող ոմն Ջոն Մարք Դուգանը, որը հայտնի է Ուկրաինայի դեմ կեղծ լուրերի ստեղծմամբ և տարածմամբ։