Լրատվամիջոցները չեն բացառում, որ Փհենյանը կարող է իր կանոնավոր բանակն ուղարկել Ուկրաինա՝ կռվելու Ռուսաստանի կողմից։ Նշվածը մամուլում սկսեց քննարկվել Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյոնի՝ երկրի խորհրդարանում հնչեցրած հայտարարությունից հետո։
Նման հնարավորություն նախատեսված է «Համապարփակ գործընկերության մասին» համաձայնագրում, որը ստորագրվել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից՝ Փհենյան Վլադիմիր Պուտինի՝ վերջերս կատարած այցի ժամանակ։ Ըստ փաստաթղթի՝ կողմերից մեկի դեմ «ագրեսիայի» դեպքում մյուսը ցուցաբերելու է ռազմական օգնություն։ Համաձայնագիրը նաև նախատեսում է ռազմատեխնիկական համագործակցություն, չնայած Փհենյանի դեմ գործող ՄԱԿ-ի պատժամիջոցներին։
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի խոսքով՝ փոխօգնության մասին ռուս-հյուսիսկորեական այդ համաձայնագիրն, իրականում, ռազմական դաշինք է Մոսկվայի ու Փհենյանի միջև։ Կիմ Յոն Հյոնը հավելել է, որ Ուկրաինայի Դոնեցկի մարզում՝ Ռուսաստանի օկուպացրած հատվածում ուկրաինական զինուժի հասցրած հարվածի հետևանքով հյուսիսկորեացի 6 սպաների մահվան մասին տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, համապատասխանում է իրականությանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում կատարելով Ուկրաինայի հետախուզության տվյալներին, հայտնել էին, թե Դոնեցկի մերձակայքում ռուսական ռազմական օբյեկտին հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 20 զինվորական, այդ թվում՝ 6 հյուսիսկորեացի սպա, ևս 3 հյուսիսկորեացի զինվորականներ վիրավորվել են։
Արևմտյան հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին տարեկան մատակարարում է մոտ 3 միլիոն արկ, ինչը կազմում է ուկրաինական ռազմաճակատներում ռուսական բանակի օգտագործած նմանատիպ զինամթերքի գրեթե կեսը։
Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի խոսքով՝ այդ մատակարարումները նկատելի ազդեցություն ունեն ռազմական գործողությունների ինտենսիվության վրա։
Իսրայեցլի ռազմական փորձագետ Դևիդ Շարպի կարծիքով՝ հիմք ընդունելով Հյուսիսային Կերայի բռնապետ Կիմ Չեն Ընի քաղաքականությունը՝ չի կարելի բացառել, որ Փհենյանն իր ռազմուժը չի ուղղի Ուկրաինա: Փորձագետը հիշեցրեց՝ 1970-ականներին Հյուսիսային Կորեայի կործանիչները՝ խորհրդային արտադրության МиГ-երը, կռվել են Իսրայելի դեմ Եգիպտոսի կողմից։
«Հետևաբար, եթե Պուտինը Կիմ Չեն Ընին ինչ-որ կարևոր բան խոստանա, նա կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա։ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է վստահաբար «ոչ» ասել։ Սակայն քիչ հավանական է, որ Փհենյանն, իրականում, մեծաքանակ զորք ուղարկի Ուկրաինա․ լոգիստիկ առումով դժվար է և մեծ աղմուկ կառաջացնի։ Ամենայն հավանականությամբ, նրանք կուղարկեն ռազմական մասնագետներ, օպերատորներ, բայց կարող են ուղարկվել նաև հետևակային ստորաբաժանումներ»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Դևիդ Շարպը։
Փորձագետը ընդգծեց՝ եթե Փհենյանը փոքրաքանակ զորք ուղարկի, այն ոչ մի կերպ չի ազդի պատերազմի ընթացքի վրա։
«Այն, որ ռուսական բանակն ակնհայտորեն բավարար թվով անձնակազմ չունի, թույլ է տալիս ասել, որ նման տարբերակը բացառել չի կարելի։ Տեսե՛ք՝ Կուրսկի մարզը պաշտպանող չկար։ Ռուսաստանում ուրախ կլինեն հյուսիսկորեական նման աջակցության պարագայում: Հիշեցնեմ՝ պատերազմի համար Կրեմլը հավաքագրում է ում ասես՝ սևամորթներից մինչ հնդիկներ»,- ասում է Շարպը:
Փորձագետը շարունակում է՝ մյուս կողմից, ցայսօր Հարավային Կորեան իրեն զուսպ է պահել Ուկրաինային աջակցելու հարցում, սակայն ամեն ինչ կարող է փոխվել, և Սեուլը կարող է բացել իր զենքերի պահեստները Կիևի համար, իսկ Հարավային Կորեան լայն հնարավորություններ ունի:
Դևիդ Շարպը ընդգծում է՝ Հարավային Կորեան աշխարհի առաջատար զենք արտադրողներից է։
«Ավելին, հարավկորեական սպառազինության որոշ տեսակներ բարձր որակի են։ Սեուլն ունի ռազմական լայնածավալ արտադրություն և զիմաթերքի մեծ պաշարներ։ Այլ բան է, որ Հարավային Կորեան իր հյուսիսային հարևանի հետ պատերազմելու մշտական վտանգի առջև է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում մեկ այլ ռազմական փորձագետ Իվան Ստուպակը հիշեցնում է, որ Կրեմլը ժամանակ առ ժամանակ իր քարոզչամեքենայի միջոցով հրապարակ է նետում «հյուսիսկորեացի եղբայրներից» ստացված ռազմական օգնության մասին թեման։
«Այժմ այդ թեման կրկին մեջտեղ է գալիս Դոնբասում 6 կամ, ըստ այլ տեղեկությունների, 20 հյուսիսկորեացի սպաների մահվան համատեքստում։ Որքան հասկանում եմ, ամենայն հավանականությամբ, տեխնիկական մասնագետներ էին, միջին աստիճանի և բարձրաստիճան սպաներ: Ըստ վարկածի՝ նրանք եկել էին [Ռուսաստանի] օկուպացրած տարածքներ՝ հետախուզության, թե ինչ է կատարվում մարտադաշտում։ Այդ մարդիկ կարող էին լինել նաև տեխնիկական մասնագետներ՝ օգնելու ռուսներին գործարկել հյուսիսկորեական հրթիռները»,- ասում է Ստուպակը:
Մեր զրուցակիցը վստահ չէ, թե Փհենյանը կարող է մեծաքանակ զորամիավորումներ ուղարկել ուկրիանական ռազմաճակատներ։
«Դժվար է պատկերացնել, թե նման քանակի հյուսիսկորեացիներ ռուսերեն են հասկանում, և լեզվի չիմացությունը կարող է խնդիրներ ստեղծել մարտի դաշտում։ Բայց կարող են ի հայտ գալ այլ խնդիրներ․․․։ Օրինակ՝ արդյո՞ք այդ բանակը չի ցրվի առաջին իսկ լուրջ հրետակոծության ժամանակ, և օգտվելով խառնաշփոթից՝ ոմանք չեն փորձի Ուկրաինայի միջով ուղղակի փախչել «նեխած Արևմուտք»: Սա չի կարելի բացառել։ Հետևաբար՝ ինչո՞ւ պետք է Փհենյանը ռիսկի դիմի»,- նշում է Իվան Ստուպակը:
Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ Սեուլը հրապարակավ հայտարարել է, որ եթե Ռուսաստանը օգնի Փհենյանին ռազմական տեխնոլոգիաներով, ապա Հարավային Կորեան կարող է ընդլայնել աջակցությունն Ուկրաինային։
«[Սակայն] Հարավային Կորեայի ղեկավարությանը, թերևս, ձեռնտու կլինի, եթե Հյուսիսային Կորեան մեծաքանակ ստորաբաժանումներ ուղարկի Ուկրաինա։ Սա նվազագույնի կհասցնի Հյուսիսային Կորեայի կողմից հարձակման և պատերազմի հավանականությունը»,- ասում է Ստուպակը:
Այդուհանդերձ, ռազմական փորձագետի ներկայացմամբ՝ հատկապես նման հարցերում հարկ է հայտարարություններն առանձնացնել գործերից, և կողմերի խոսքերը հաճախ օդում էլ մնում են։