ԱՄՆ նախկին նախագահ, 78-ամյա հանրապետական Դոնալդ Ջեյ Թրամփը վերստին կզբաղեցնի Սպիտակ տան ղեկավարի աթոռը։
19-րդ դարի վերջին ԱՄՆ-ն ղեկավարած նախագահ Գրովեր Քլիվլենդի նման Թրամփը պաշտոնավարելու է երկու ժամկետ, սակայն ընդմիջումով։ Նա, փաստորեն, դարձավ ԱՄՆ 45-րդ և 47-րդ նախագահը:
Հասկանալու, թե ինչ քաղաքականություն է վարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում՝ փորձենք հայացք նետել նրա նախագահության առաջին ժամկետին և այս ընտրություններին նախորդած նախընտրական շրջանում նրա հայտարարություններին։
Այս առումով ներքին քաղաքականության մեջ Թրամփի առաջնային խնդիրը ներգաղթի հարցն է, և այստեղ է, որ պետք է հիշել նրա՝ «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսը: Դեռ 2017 թվականին՝ իր երդմնակալությունից յոթ օր անց, Թրամփը 90 օրով արգելեց մահմեդական մեծամասնություն ունեցող յոթ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ:
«Գործի եմ դնում ստուգման նոր միջոցներ՝ արմատական իսլամական ահաբեկիչներին Ամերիկայի Միացյալ Նահանգներից հեռու պահելու համար: Չենք ցանկանում, որ նրանք գան այստեղ»,- ասում էր Թրամփը:
2024 թվականի նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփը սուր էր արտահայտվում, նրա խոսքով, «միգրանտների ներխուժման» մասին, և ԱՄՆ սահմանների անվտանգության ապահովումը դարձավ ամերիկյան ներքաղաքական խոսույթի գլխավոր թեմաներից:
Օրինակ, Հյուսիսային Կարոլինայում համախոհների հետ հանդիպմանը Թրամփը անկեղծացավ, թե ինչ կասի Մեքսիկայի նախագահին:
«Պատրաստվում եմ [իմ պաշտոնավարման] առաջին օրը կամ ավելի շուտ նրան ասել, որ եթե չդադարեցնեն հանցագործների և թմրանյութերի հոսքը մեր երկիր, անմիջապես 25% մաքսատուրք կսահմանեմ այն ամենի նկատմամբ, ինչ նրանք արտահանում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- ասում էր Թրամփը:
Հիշեցնենք՝ իր նախագահության առաջին ժամկետում Թրամփը մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների նկատմամբ, և քիչ հավանական է դիտվում, որ այս անգամ նա կփոխի իր մոտեցումը:
«Նրանք, իրոք, վնասել են մեզ: Ծիծաղելի է: Նրանք փակում են, բոլորը կորցնում են աշխատանքը։ Հետո [այդ արտադրանքը] թողարկում են իրենց երկրում և առանց հարկի ուղարկում մեզ։ Մենք տանուլ ենք տալիս: Կորցնում ենք, կորցնում ենք [մեր] ընկերություն[ներ]ը, կորցնում ենք աշխատատեղեր, կորցնում ենք ամեն ինչ, և սա պարզապես հիմարություն է»,- ասում էր Թրամփը:
Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ն 2015 թվականին կնքված Փարիզի միջազգային համաձայնագրից, որը վերաբերում է կլիմայի փոփոխությանը, գլոբալ տաքացմանը և ջերմոցային գազերի արտանետմանը, և ըստ որի երկրները պետք է կրճատեն թունավոր գազերի արտանետումը մթնոլորտ։
«Ընտրվել եմ Պիտսբուրգի, ոչ թե Փարիզի քաղաքացիներին ներկայացնելու համար»,- ասում է Դոնալդ Թրամփը:
Թրամփի խոսքով՝ իր էներգետիկ քաղաքականությունը հիմնվելու է ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ավելացման և բնապահպանական նորմերի սահմանափակման վրա:
«Առաջին օրը, առաջին ժամվա ընթացքում կարող ենք շատ բաներ անել, բայց նախևառաջ պետք է հորատել․․․ հորատել»,- հայտարարել է Թրամփը:
Ինչևէ, իր նախագահության երկրորդ ժամկետին ընդառաջ Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել է վարել ավելի պրոտեկցիոնիստական և իզոլյացիոնիստական քաղաքականություն, քան նախագահ Ջո Բայդենի քառամյա կառավարման տարիներին էր: