Մատչելի հղումներ

Հայաստանի վարչապետը ջերմորեն շնորհավորել է ԱՄՆ նորընտիր` 47-րդ նախագահին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետը գրառում է կատարել X-ում՝ շնորհավորելով Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու առթիվ։

«Ջերմ շնորհավորանքներս՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելու՝ ՀՀ-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին, որում մասնավորապես ասված է․

«Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույնս կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ համաշխարհային դերակատարության ամրապնդմանը: Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների պատմական բարեկամության, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, գրանցել են աննախադեպ առաջընթաց: Անշուշտ, այդ գործընթացում դեր ունի նաև ամերիկահայ համայնքը։ Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում: Մեր բազմաշերտ օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև առկա զգալի ներուժի լիարժեք օգտագործումը: Այս կապակցությամբ ուրախ եմ արձանագրել այն համատեղ ջանքերը, որոնք ուղղված են խթանելու Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությունը: Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը նաև անդրադարձել է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, և շեշտել, թե լիահույս է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար նոր հնարավորություններ կբացվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման դեպքում։

XS
SM
MD
LG