Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփն ընտրվեց Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ


Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու, երկրի 45-րդ նախագահ, 78-ամյա Դոնալդ Թրամփը կրկին ընտրվեց Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում։

2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացած հերթական նախագահական ընտրությունների արդյունքում նա հաղթեց ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին։

Հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածուն ԱՄՆ սենատոր Ջեյ Դի Վենսն էր:

Նորություն չէ, որ ԱՄՆ նախկին նախագահը այդպես էլ չհաշտվեց 2020 թվականի ընտություններում իր պարտության հետ, երբ Սպիտակ տունը զիջեց ԱՄՆ 46-րդ նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենին։ Թրամփը շարունակ պնդում էր, թե այդ ընտրությունները «գողացել են իրենցից»:

Հիշեցնենք՝ Թրամփը կոչ էր արել իր կողմնակիցներին 2021 թվականի հունվարի 6-ին կանխել նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը ԱՄՆ Կոնգրեսում։

Դոնալդ Թրամփը 1968 թվականին Փենսիլվանիայի համալսարանում ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Եղել է ընտանեկան բիզնեսների կառավարիչ, հիմնել իր սեփականը, վարել հեռուստաշոուներ՝ տարիների ընթացքում «Թրամփ» բրենդը հայտնի դարձնելով Միացյալ Նահանգներում և արտերկրում։

Հանրապետական կուսակցության թեկնածու Թրամփը 2016 թվականին հաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ պարտության մատնելով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին, չնայած Քլինթոնի օգտին քվեարկել էին ավելի մեծ թվով ամերիկացիներ։

2024 թվականի ընտրապայքարում Թրամփի նախ մրցում էր ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի հետ, սակայն երբ վերջինս հրաժարվեց շարունակել ընտրապայքարը, Թրամփի դեմ հանդես եկավ ԱՄՆ փոխնախագահ, աֆրոամերիկյան և հնդկական ծագմամբ կին թեկնածուն՝ Քամալա Հարիսը։

Նախընտրական ամիսներին Թրամփը վերապրեց իր դեմ ուղղված երկու մահափորձ։

Չորեքշաբթի օրը Դոնալդ Թրամփը ընտրվել է Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։ Վիսկոնսինում իր հաղթանակով Թրամփը ստացել է նախագահ դառնալու համար անհրաժեշտ 277 ընտրական ձայները։ Նրա հաղթանակն արդեն հաստատել են բոլոր խոշոր լրատվամիջոցներն ու գործակալությունները, այդ թվում՝ Associated Press-ը, CNN-ը, Reuters-ը և Edison Research-ը:

«Ամերիկան մեզ աննախադեպ և հզոր մանդատ է տվել», - ասել է Թրամփը չորեքշաբթի վաղ առավոտյան Ֆլորիդայի Փալմ Բիչում իր ողմնակիցների հավաքին:

Թրամփի քաղաքական կարիերան կարծես ավարտված էր այն բանից հետո, երբ ընտրությունների կեղծման մասին նրա պնդումները հանգեցրին նրան, որ նրա կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ ոննգրեսի շենք 2021 թվականի հունվարի 6-ին՝ փորձելով խափանել 2020 թվականի իր պարտությունը:

Բայց նա ջախջախեց հանրապետական իր մրցակիցներին ներկուսակցական ընտրություններում, իսկ հետո հաղթեց դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսին՝ շեշտը դնելով բարձր գների և անօրինական ներգաղթի պատճառով աճող հանցագործության վերաբերյալ ընտրողների մտահոգությունների վրա: Եթե նա հաղթի, Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ պատմության մեջ երկրորդ նախագահը, որը պաշտոնավարել է երկու ժամկետ դադարով։ Առաջին նման նախագահը Գրովեր Քլիվլենդն էր, ով ղեկավարում էր Միացյալ Նահանգները 19-րդ դարի վերջին։

Հարիսը ելույթ չի ունեցել իր մայր բուհում՝ Վաշինգտոնի Հովարդի համալսարանում հավաքված իր աջակիցների առջև: Նրա նախընտրական շտաբի համանախագահ Սեդրիկ Ռիչմոնդը կեսգիշերից հետո դիմեց հավաքվածներին՝ ասելով, որ Հարրիսը հրապարակայնորեն կխոսի չորեքշաբթի ավելի ուշ:

«Մենք դեռ պետք է հաշվենք բոլոր ձայները»,- ասաց նա։

Հանրապետականները մեծամասնություն ունեն նաև Սենատում, սակայն կուսակցություններից ոչ մեկը ակնհայտ առավելություն չունի Ներկայացուցիչների պալատում, որն այժմ վերահսկվում են նույնպես հանրապետականները։

Հաղթող կուսակցության նախընտրական ծրագրում ասվում է, որ հանրապետականները մտադիր են գործել «խաղաղություն ուժի միջոցով» բանաձևով, «վերականգնել զինված ուժերն ու դաշինքները, դիմակայել Չինաստանին, հաղթել ահաբեկչությանը» և այլն։

Այնուամենայնիվ, մեկ այլ պարբերությունում ասվում է. «Հանրապետականները կամրապնդեն դաշինքները՝ վստահ լինելով, որ մեր դաշնակիցները կկատարեն իրենց պարտավորությունները՝ ներդրումներ կատարելով մեր ընդհանուր պաշտպանության և Եվրոպայում խաղաղությունը վերականգնելու մեջ»: Թրամփը և շատ այլ հանրապետական քաղաքական գործիչներ բազմիցս հայտարարել են, որ Միացյալ Նահանգները կրում է Ուկրաինային օգնություն տրամադրելու հիմնական բեռը, և ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները պետք է պատասխանատվության և ծախսերի ավելի մեծ մասնաբաժին ունենան, չնայած որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ԵՄ-ի և այլ երկրների օգնությունը համադրելի է ԱՄՆ-ի օգնության ծավալի հետ:

Դոնալդ Թրամփի քարոզարշավի կայքում արտաքին քաղաքական բաժինը կոչվում է «Մերժիր գլոբալիզմը և աջակցիր հայրենասիրությանը»: Ուկրաինան նշված չէ այստեղ։ Այստեղ ասված է, որ «Հարիս-Բայդեն վարչակազմի նվաստացուցիչ պարտությունը Աֆղանստանում ոգևորել է թշնամական ռեժիմներին, ահաբեկչական խմբերին և (ԱՄՆ) մրցակիցներին, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան: Նախագահ Թրամփի ղեկավարությամբ մենք կվերականգնենք մեր դիրքը աշխարհում և ամերիկյան առաջնորդությունն արտերկրում»։

XS
SM
MD
LG