Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում 47-րդ նախագահի ընտրություններն են


Վաղաժամ քվեարկությունը Դետրոյթում, Միչիգան նահանգ։ Հոկտեմբերի 28, 2024թ․։
Վաղաժամ քվեարկությունը Դետրոյթում, Միչիգան նահանգ։ Հոկտեմբերի 28, 2024թ․։

ԱՄՆ 2024 թվականի ընտրապայքարի արդյունքում Քամալա Հարիսը կարող է դառնալ Միացյալ Նահանգների առաջին կին նախագահը, կամ Դոնալդ Թրամփը կդառնա երկրի երկրորդ նախագահը, ով ընդմիջումից հետո վերընտրվեց երկրորդ ժամկետով, ինչպես արեց Գրովեր Քլիվլենդը 1893 թվականին:

Երբ երեքշաբթի՝ նոյեմբերի 5-ին բացվեցին առաջին ընտրատեղամասերը ԱՄՆ փոխնախագահ և դեմոկրատների թեկնածու, 60-ամյա Հարիսը և նախկին նախագահ, հանրապետականների թեկնածու, 78-ամյա Թրամփը, կարելի է ասել, մուտք գործեցին իրենց ընտրապայքարի ավարտական փուլ, որը նրանցից մեկի համար, ի վերջո, բացելու է Սպիտակ տան դռները:

Նախագահի թեկնածուները քարոզարշավի վերջին օրն անցկացրեցին՝ կոչ անելով կողմնակիցներին քվեարկել, նաև անթաքույց ցանկություն կար գրավել տակավին չկողմնորոշված բազմաթիվ ընտրողների համակրանքը՝ հատկապես տատանվող նահանգներում, որոնք, իրականում, կարող են որոշել ԱՄՆ ընտրությունների ելքը:

ԱՄՆ-ում 47-րդ նախագահի ընտրություններն են
please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00

Հայտնի է ԱՄՆ 7 տատանվող նահանգների մասին, որտեղ երկու թեկնածուներից ոչ մեկն ակնհայտ առավելություն չունի: Ուստի այդ նահագներում անկանխատեսելի են քվեարկության արդյունքները։ Այդ նահանգներն են՝ Արիզոնան, Վիսկոնսինը, Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Փենսիլվանիան և Հյուսիսային Կարոլինան:

Այս նահանգներից որևէ մեկում ընդամենը մի քանի ձայն կարող է որոշել ԱՄՆ համապետական ընտրությունների արդյունքը: Հենց այս նահանգներում էին Հարիսն ու Թրամփը կենտրոնացրել իրենց քարոզարշավի ջանքերի զգալի մասը։

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Օգոստոսի 5, 2024թ․։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Օգոստոսի 5, 2024թ․։

Քվեարկությունից առաջ Քամալա Հարիսը նախընտրական միջոցառումներ անցկացրեց Փենսիլվանիայում:

«Սա կարող է լինել [ամերիկյան] պատմության ամենածանր [նախընտրական] մրցավազքներից մեկը. յուրաքանչյուր ձայն կարևոր է»,- հայտարարել է նա:

Հարիսի հետ էին Լեդի Գագան և Օփրա Ուինֆրին։

«Մեր քարոզարշավն անդրադարձավ ամերիկյան ժողովրդի ձգտումներին և երազանքներին։ Գիտենք, որ ժամանակն է Ամերիկայում [տեղ բացել] առաջնորդների նոր սերնդի համար»,- ասել է Հարիսը:

Մյուս կողմից, Դոնալդ Թրամփն իրեն ներկայացնում է որպես մեկը ու միակը, ով կարող է փրկել երկիրը, որն անկում է ապրում և զոհ գնում «վայրենի» միգրանտներին:

«Վաղվա ձեր քվեարկությամբ կարող ենք լուծել մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները, և Ամերիկան, աշխարհը հասցնել փառքի նոր բարձունքների»,- ասել է Թրամփը Միչիգանի Գրանդ Ռապիդս քաղաքում կայացած իր վերջին հանրահավաքում:

Օրերս նրա նախընտրական միջոցառումներն էին Հյուսիսային Կարոլինայում և Փենսիլվանիայում:

Հանրապետական գործիչը շոշոտը դրեց տնտեսական հարցերի վրա, թե իր վարչակազմի օրոք ԱՄՆ-ում կսկսվի «երբևէ աշխարհում տեղի ունեցած ամենաարտասովոր տնտեսական վերելքը»:

«Եթե քվեարկեք Քամալայի օգտին, ապա ականտես կլինեք ևս չորս տարի տևող տառապանքի, ձախողման ու աղետի: Մեր երկիրը կարող է այլևս երբեք չվերականգնվել։ Քվեարկե՛ք իմ օգտին, և ես կապահովեմ աշխատավարձերի բարձրացում, եկամուտների ահռելի աճ և աշխատատեղերի, հարստության և հնարավորությունների հսկայական վերելք յուրաքանչյուր ռասայի, կրոնի, գույնի և դավանանքի ամերիկացու համար։ Նրանցից յուրաքանչյուրի համար»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Հոկտեմբերի 25, 2019թ․։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։ Հոկտեմբերի 25, 2019թ․։

Թրամփը շարունակում է պնդել, որ 2020 թվականի ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ իրեն խաբել են: Թեև ամերիկյան դատարանների տասնյակ որոշումներ հերքել են Թրամփի պնդումները: Այդուհանդերձ, այս կիրակի Փենսիլվանիայում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց, որ «չպետք է լքեր» Սպիտակ տունը 2021 թվականին, երբ Բայդենը ստանձնեց պաշտոնը:

Իր հերթին՝ Քամալա Հարիսը ընդգծում է՝ ակնկալում է դառնալ երկրի 47-րդ նախագահը:

Դեմոկրատ գործչի ներկայացմամբ՝ Թրամփը «անլուրջ մարդ» է, որը վտանգավոր է ամերիկյան ժողովրդավարության համար, քանզի չի հետևի ԱՄՆ նախագահների համար առկա սահմանափակումներին, հատկապես՝ երկրի Գերագույն դատարանի այս տարվա որոշումից հետո, ըստ որի ԱՄՆ նախագահները չեն կարող իմփիչմենթի ենթարկվել իրենց պաշտոնական գործունեության պատճառով:

Ինչևէ, նոյեմբերի 5-ին ընտրատեղամասերը բացվեցին առավոտյան ժամը 6:00-ին։ Ակնկալվում է, որ քվեարկությանը կմասնակցեն տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ, թեև շուրջ 82 միլիոնն արդեն իսկ քվերակել են վաղաժամ՝ նախորդ շաբաթների ընթացքում, կամ փոստով:

Բնականբար, աշխարհն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը, քանի որ ամերիկյան ընտրությունների արդյունքները կարող են լուրջ ազդեցություն թողնել միջազգային կարևոր խնդիրների՝ ուկրաինական ու մերձավորարևելյան պատերազմների վրա։

Ինչևէ, ընտրատեղամասերից մեկում ընտրություններն արդեն կայացել են, և Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը հավասար թվով ձայներ են հավաքել Նյու Հեմփշիրի Դիքսվիլ Նոտչ փոքրիկ քաղաքում։

Ընտրատեղամասն այդտեղ բացվում է ընտրությունների օրվա կեսգիշերին՝ այլ բնակավայրերում ընտրատեղամասերի մեծ մասի բացվելուց ժամեր առաջ: Քվեարկել է ընդամենը վեց հոգի, և ձայների հաշվարկը ցույց է տվել, որ երկու թեկնածուներն էլ ստացել են երեքական ձայն՝ հաղորդում է CNN-ը:

ԱՄՆ-ում այդ քաղաքը քվեարկում է բոլորից շուտ, և ավանդույթը սկիզբ է առնում անցած դարի վաթսունականներից։

Տեղական ժամանակով առավոտյան 7-ին բացվել էին նաև տատանվող նահանգների՝ Ջորջիայի, Փենսիլվանիայի ու Միչիգանի ընտրատեղամասերը։

Առաջին ընտրատեղամասերը կփակվեն երեքշաբթի երեկոյան ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 18:00-ին, իսկ վերջինը՝ չորեքշաբթի առավոտյան՝ գիշերվա ժամը 1:00-ին:

XS
SM
MD
LG