Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի առավոտյան մոտեցավ ընտրություններում հաղթանակին՝ հաղթանակ տոնելով մի քանի կարևոր նահանգներում, ներառյալ Փենսիլվանիայում, որը խափանեց փոխնախագահ Քամալա Հարիսի նախագահական ընտրապայքարում հաջողություն գրանցելու հնարավորությունը:
ԱՄՆ-ի ընտրական համակարգում, որտեղ նախագահական ընտրությունների արդյունքը որոշվում է յուրաքանչյուր նահանգում ընտրապայքարով, Հարիսը և Թրամփը արագորեն հաղթող ճանաչվեցին այն նահանգներում, որտեղ նրանց կուսակցություններն ունեին հստակ մեծամասնության աջակցություն: Միևնույն ժամանակ, յոթ, այսպես կոչված, տատանվող նահանգները պետք է որոշիչ դեր ունենային ընտրությունների արդյունքների հարցում։
Թրամփն այդ նահանգներում արձանագրեց կարևոր հաղթանակներ, ներառյալ՝ Փենսիլվանիայում, Ջորջիայում և Հյուսիսային Քարոլինայում: Դա նրան ապահովեց հաղթանակի համար ընտրական կոլեգիայի անհրաժեշտ 270 ձայներից առնվազն 267-ը: Հարիսին այս դեպքում անհրաժեշտ է հաղթել մնացած բոլոր նահանգներում, ներառյալ Միչիգանը, Վիսկոնսինը, Նևադան և Արիզոնան:
Բացի այդ, հանրապետականները վերահսկողության տակ են վերցրել Սենատը: Այս պահին դեռ հայտնի չէ, թե որ կուսակցությունը իր վերահսկողության տակ կվերցնի Ներկայացուցիչների պալատի։
Թրամփը չորեքշաբթի վաղ առավոտյան Ֆլորիդայում կայացած հանրահավաքում հայտարարեց իր հաղթանակի մասին՝ շնորհակալություն հայտնելով իր կողմնակիցներին։
«Սա այնպիսի շարժում է, ինչպիսին երբևէ չի եղել, և, անկեղծ ասած, դա, կարծում եմ, բոլոր ժամանակների ամենամեծ քաղաքական շարժումն էր», - ասել է Թրամփը։
Նա խոստացավ «կարգավորել սահմանները» և «ամեն ինչ շտկել երկրում»։
Թրամփը նաև ասել է, որ աշխատելու է ապահովել «ուժեղ, անվտանգ և բարգավաճ Ամերիկա»:
Հարիսի քարոզարշավի խոսնակը հայտնել է Վաշինգտոնում հավաքված իր կողմնակիցներին, որ դեմոկրատների թեկնածուն ելույթով չի դիմի իր կողմնաիցներին ընտրության արդյունքների հաշվարկի գիշերը, այլ նախատեսում է ելույթ ունենալ չորեքշաբթի ավելի ուշ:
Ընտրական համակարգը, որը հիմնված է յուրաքանչյուր նահանգի ժողովրդական քվեի վրա, ներառում է տարբեր կանոններ, թե ինչպես և երբ պետք է հաշվարկվեն ձայները, որն ավելի է բարդացնում ընտրական գործընթացը:
Որոշ նահանգներ թույլ են տալիս, որ վաղաժամ կամ փոստով քվեարկության ձայները հաշվարկվեն ստանալուն պես, որը թույլ է տալիս արդյունքներն ավելի արագ իմանալ: Բայց մյուս նահանգները արգելում են ձայների հաշվարկը նախքան երեքշաբթի երեկոյան ընտրատեղամասերի փակումը, իսկ որոշ նահանգներ թույլ են տալիս քվեարկել փոստով նույնիսկ մինչև երեքշաբթի ուշ: Այնպես որ վերջնական հաշվարկն այդ նահանգներում կարող է օրեր տևել:
Առկա է նաև դատական գործընթացների հեռանկար կապված արդյունքների հետ: Թե՛ Թրամփի, թե՛ Հարիսի թիմերը պատրաստ էին վիճարկել ցանկացած խախտում, որը նրանք կարող էին արձանագրել իրավական փորձագետների օգնությամբ:
Հարիսի հաղթանակը նրան կդարձներ երկրի առաջին կին նախագահը: Թրամփի հաղթանակը նրան կդարձնի ԱՄՆ առաջին նախագահը 1890-ականների Գրովեր Քլիվլենդից հետո, ով պաշտոնավարել է երկրորդ ժամկետը դադարից հետո:
Հաջորդ նախագահը պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունվարի 20-ին։
Թրամփի և Հարիսի վարչակազմերի օրոք արտաքին քաղաքականության առանցքային ուշադրության կենտրոնում կլինեն հարաբերությունները Չինաստանի հետ, ներառյալ առևտրի, Թայվանի և Պեկինի գործողությունների Հարավչինական ծովում:
Ադելֆիի համալսարանից քաղաքական վերլուծաբան Վինսենթ Վանգը «Ամերիկայի Ձայն»-ի չինական ծառայությանն ասել է, որ Չինաստանը տարբեր մոտեցումներ է դրսևորում հավանական նախագահների հանդեպ, ներառյալ հնարավոր ագրեսիան Միացյալ Նահանգների նկատմամբ, եթե հաղթի Հարիսը:
«Չինաստանը կարող է կազմակերպել որոշակի միջոցառումներ՝ ցույց տալու նրան (Հարիսին) իր ուժը», - ասաց Վանգը: - Ի վերջո, ԱՄՆ-ն արդեն ներգրավված է Ուկրաինայում, Իսրայելում և Գազայում պատերազմների մեջ։ Թայվանի նեղուցում Չինաստանն արդեն ամեն օր օգտագործում է այսպես կոչված «գորշ գոտու» մարտավարությունը։ Կարծում եմ՝ Չինաստանը կարող է ընդլայնել այս մարտավարությունը Թայվանում՝ Հարիսին փորձարկելու համար»:
«Եթե Թրամփը հաղթի, ես կարծում եմ, որ Չինաստանը չի համարձակվի դա անել, քանի որ նա [Թրամփը] չի տատանվում և կտրուկ արտահայտվել է այս հարցում։ Նա կարող է այսօր արթնանալ և ասել, որ 200%-ով թանկացնելու է սակագները, իսկ վաղը կարող է ցանկանալ ռմբակոծել Պեկինը։ Կարծում եմ՝ Թրամփի հետ կապված այս չափավոր էֆեկտը, ընդհակառակը, կստիպի նրանց ավելի զուսպ լինել»,- ասել է Վանգը։