Օրեր անց կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ արտասահմանից քվեարկողների թվում է լինելու Աննա Բելոկուրը՝ Ուկրաինայում բնակվող մոտ վեց հազար ամերիկացիներից մեկը: The Kyiv Independent պարբերականում զբացվում է SMM-ով:
Բելոկուրի խոսքով՝ մեկ տարուց ավելի է, ինչ ապրում է Ուկրաինայում. «Այստեղ էի մինչ պատերազմը սկսվելը։ Հայրս ուկրաինացի է, և արմատներս Ուկրաինայից են: Զգում էի՝ եթե ցանկանում եմ լինել այս պատերազմը լուսաբանող լրագրող, պետք է այստեղ լինեմ»։
Բելոկուրի ներկայացմամբ՝ ծանր է ականտես լինել, թե ինչպես է Ուկրաինայի թեման օգտագործվում ԱՄՆ ներքաղաքական պայքարում:
«Երբ տանը՝ [ԱՄՆ-ում] խոսում եմ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդկանց հետ, շատ ավելի մեծ կարեկցանք եմ զգում Ուկրաինայի նկատմամբ և շատ ավելի մտահոգություն, քան այն, ինչ ներկայացվում է լրատվական դաշտում»,- ասում է Աննա Բելոկուրը:
Մտադիր է քվեարկել առցանց. «Կիևը, ՆԱՏՕ-ն ասում են, թե ով էլ ընտրվի [ԱՄՆ նախագահ], շարունակելու ենք իր հետ գործ ունենալ: Այնպես որ, ինչ արդյունք էլ լինի, շարունակելու ենք պայքարը»:
Սթիվեն Մուրը կիսում է այդ տեսակետը։ Հանրապետական է։ Այժմ բնակվում է Ուկրաինայում և աշխատում որպես կամավոր:
Մուրը հիմնադրել է ԱՄՆ-ում գործող «Ուկրաինայի ազատության նախագիծ» հասարակական կազմակերպությունը, որը մարդասիրական օգնություն է տրամադրում քաղաքացիական անձանց և ոչ մահաբեր սարքավորումներ՝ զինվորագրված կամավորներին:
Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների աջակցությունը։
«Չկա մի իրավիճակ, որի պայմաններում Ուկրաինան կստանա այն, ինչ ցանկանում է ԱՄՆ-ից՝ միայն մեկ [ամերիկյան քաղաքական կուսակցության] աջակցության պարագայում։ Նման բան չի կարող լինել։ Ուկրաինային հարկավոր է երկկուսակցական աջակցություն: Մոտ 70% հավանականություն կա, որ Սպիտակ տունն ու Կոնգրեսը կբաժանվեն [դեմոկրատների ու հանրապետականների միջև]»,- ասում է նա:
Մուրը կարծիքով՝ Ամերիկան երբեք այսքան բաժանված չի եղել. «Ռուսները կստանան այն, ինչ ցանկանում են, երբ քաոս է ու խառնաշփոթ տիրի Միացյալ Նահանգներում»:
Սթիվեն Մուրը քվեարկել է ԱՄՆ կատարած իր նախորդ այցի ժամանակ. «Համաշխարհային պատերազմի մեջ ենք։ Այս ընտրությունները կթելադրեն, թե Ամերիկան ինչպես կարձագանքի համաշխարհային պատերազմին»:
Ուկրաինայում ապրող ամերիկացիներ Ջոն Սենեթն ու նրա կինը որոշել են այս անգամ չքվեարկել: Սենեթն աշխատում է ավիաընկերությունների լոգիստիկայի ոլորտում, որտեղ, ինչպես միջազգային բիզնեսի շատ բնագավառներում, չեզոքություն արտահայտելը կարևոր է:
«Մենք տեսակետ չենք հայտնում, պարզապես սպասում ենք: Ով հաղթեց, իր հետ կաշխատենք»,- ասում է նա:
Սենեթի խոսքով՝ ուկրաինացի ընկերները հաճախ են հարցնում իր կարծիքը ընտրությունների հնարավոր արդյունքների վերաբերյալ: Պարզապես պատասխանում է՝ «Ամերիկայում ոչ ոք պատասխան չունի մինչև ընտրությունների ավարտը»: