Բայդենն ու ԱՄՆ դաշնակիցները կոչ են անում հրադադար հաստատել Մերձավոր Արևելքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի կոչ է արել վերջ դնել մերձավորարևելյան հակամարտությանը։ Հատկանշական է, որ Սպիտակ տան ղեկավարի խոսքերը հնչել են Իրանին հասցված իսրայելական պատասխան հարվածից հետո։

Մերձավորարևելան հակամարտությունը պետք է ավարտվի՝ երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ իր աջակցությունը հայտնելով Եգիպտոսի նախագահի առաջարկած Գազայում երկօրյա զինադադարի մասին համաձայնագրին:

«Մեզ հրադադար է հարկավոր։ Պետք է վերջ տանք այս պատերազմին։ Այն պետք է ավարտվի»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Ըստ էության, նույն դիրքորաշմանն են ԱՄՆ դաշնակիցները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն հայտարարել է. «Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել Իրանի ագրեսիայից: Պետք է խուսափենք տարածաշրջանային հետագա սրացումից, և կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Իրանը չպետք է պատասխանի։ Կշարունակենք աշխատել դաշնակիցների հետ՝ տարածաշրջանում իրավիճակը մեղմելու համար»:

Your browser doesn’t support HTML5

Բայդենն ու ԱՄՆ դաշնակիցները կոչ են անում հրադադար հաստատել Մերձավոր Արևելքում

Իսկ ի՞նչ են մտածում Իսրայելում։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է․ «Անցած շաբաթ օրը մենք թիրախային հարվածներ ենք հասցրել Իրանի ողջ տարածքում գտնվող տասնյակ ռազմական օբյեկտներին: Առաջին անգամ չենք ապացուցել, որ Իսրայելի երկար ձեռքերը կհասնեն ցանկացած վայր, որտեղից Իսրայելը ոչնչացնելու կոչեր են հնչում»:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ընդգծել է, որ Թեհրանը կպատասխանի. «Կօգտագործենք բոլոր հասանելի գործիքները՝ սիոնիստական ռեժիմի ագրեսիային վճռական և արդյունավետ պատասխան տալու համար։ Մեր պատասխանի տեսակը կախված կլինի հարձակման ձևից»:

ԱՄՆ պետքարտուղարությունը երկուշաբթի զգուշացրել է Իրանին՝ չպատասխանել հոկտեմբերի 26-ին Իսրայելի հասցրած հարվածներին, որը, հիշեցնենք, այս հոկտեմբերի 1-ին Իսրայելին ուղղված իրանանական հրթիռային հարձակման պատասխանն էր: Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը նախազգուշացրել է՝ եթե Իրանը արձագանքի, ԱՄՆ-ն «կշարունակի պաշտպանել Իսրայելին»:

Միլլերը նաև նշել է, թե Վաշինգտոնը դեմ է Իսրայելի դիրքորոշմանը, ըստ որի Գազայի հատվածում պետք է արգելվի պաղեստինցի փախստականներին օգնություն ցուցաբերող ՄԱԿ-ի գործակալության աշխատանքը:

«Նրանք, իրոք, անփոխարինելի են Գազայում, որտեղ մարդասիրական օգնություն են ցուցաբերում այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Ոչ ոք չի կարող փոխարինել նրանց ճգնաժամի ժամանակ: Շարունակում ենք հորդորել Իսրայելի կառավարությանը՝ դադարեցնել նման օրենքի մշակումը [որը կարգելի այդ գործակալության գործունեությունը]»,- ասել է Միլլերը:

Իսրայելի խորհրդարանը երկուշաբթի օրը ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել այդ օրինագծին:

Ինչևէ, դիտորդները վստահ չեն, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության այս շրջափուլն այլևս անցյալում է:

Քաղաքագետ Ջեյսոն Բրոդսկին ասում է․ «Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կոչեր են անում, զգուշացնում Իրանին՝ մի՛ արեք: Բայց հետո Իրանը իր քայլն է անում: Վստահ չեմ, որ Թեհրանի ղեկավարությունը լուրջ է վերաբերվում այս նախազգուշացումներին»: