Իլինոյսում գտնվող Ջոն Աքերմանի ֆերմայում գործերն այնքան էլ լավ չեն:
«Իլինոյսում ամեն տարի աճեցնում ենք ավելի քան 25 հազար ակր դդում»,- պատմում է նա:
Իլինոյսը ԱՄՆ-ում դդում աճեցնող թիվ մեկ նահանգն է։
Բերքը կազմում է Աքերմանի եկամտի մոտ կեսը: Այս տարի շատ դդում է աճեցրել, նույնիսկ երաշտի պայմաններում:
Բայց նրա համար խնդիրը եղանակը չէ․ անհանգստացած է պետական ֆինանսավորման դադարեցումից, որն իրականացվում էր համաձայն «ֆերմերային օրինագծի»:
Your browser doesn’t support HTML5
«Այն ինձ հնարավորություն է տալիս գնել ապահովագրություն»,- ասում է Աքերմանը:
Աքերմանի նման ֆերմերները, որոնց տնտեսություններն այդքան էլ մեծ չեն, ապավինում են նման՝ պետական սուբսիդիաներին՝ օրինակ ապահովագրելով բերքը, ինչը կարևոր է գյուղատնտեսական գերծունեության համար։
«Եթե չկարողանամ ցույց տալ նրանց՝ [վարկատուներին], որ կարող եմ ապահովագրություն ձեռք բերել, որը կապահովագրի ինձ աղետի դեպքում, այն կազդի իմ վարկունակության վրա»,- հավելում է Աքերմանը:
Գյուղմթերքի ապահովագրումը կազմում է 10 տարվա համար նախատեսված և մոտ 1 տրիլիոն դոլարի հասնող պետական սուբսիդիաների 10%-ը։ Սակայն ծրագրի ֆինանսավորումն ավարտվել է այս սեպտեմբերի 30-ին, իսկ դրա երկարաձգման շուրջ օրենսդիրների քննարկումները դեռ չեն ավարտվել: Կոնգրեսն այժմ արձակուրդում է՝ ընտրությունների պատճառով, և այս հանգամանքը անորոշություն է ստեղծում Աքերմանի համար:
«Այս տարի գյուղացիական տնտեսությունների եկամուտն իսկապես կնվազի»,- ասում է նա:
Նման հանգամանքը Աքերմանը բացատրում է պարարտանյութի բարձր գներով և եգիպտացորենի և սոյայի մշակաբույսերի էժանությամբ: Ասում է, որ գները ցածր են մասամբ այն պատճառով, որ Չինաստանը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ սոյայի նկատմամբ՝ ի պատասխան Թրամփի վարչակազմի կողմից չինական պողպատի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, և այդ իրավիճակը շարունակվել է Ջո Բայդենի նախագահության ընթացքում:
«Չինաստանի գնումները նվազել են, ուստի նման մաքսատուրքերը առաջին հերթին կազդեն ֆերմերների վրա»,- ասում է Աքերմանը:
ԱՄՆ նախագահական քարոզարշավի ընթացքում մաքսատուրքերի հարցն էր, որ հետաքրքրում էր Աքերմանին, ինչպես նաև Իլինոյս նահանգից մեկ այլ ֆերմերի՝ Դևիդ Իզերմանին:
«Դա ինձ վախեցնում է»,- անկեղծանում է Իզերմանը:
Մինչ Իզերմանը մշակում է իր դաշտերից հավաքած հացահատիկը՝ մտքերի մեջ է՝ արդյո՞ք հիմա պետք է վաճառել բերքը, թե՞ պահել այն և հույս ունենալ, որ գները կաճեն:
Բայց նա մտահոգված է մաքսատուքերի պատճառած երկարաժամկետ վնասով։
«Մենք կորցրել ենք սոյայի շուկան՝ Չինաստանից մինչև Հարավային Ամերիկա»,- ասում է նա:
«Մեզ նոր շուկաներ են պետք։ Մեզ շուկաներ են պետք այս բերքը սպառելու համար»,- հավելում է Ռայան Ուայթհաուսը:
Ուայթհաուսը Իլինոյսի ֆերմերային բյուրոյի ներկայացուցիչն է, որը զբաղվում է ֆերմերների շահերի պաշտպանությամբ:
«Այս կազմակերպության համար կարևոր է համոզված լինել, որ մաքսատուքերը [արհեստականորեն] չեն սահմանվում»,- ասում է նա:
Իզերմանի խոսքով՝ Չինաստանի հետ առևտրային պատերազմն ազդել է ոչ միայն բերքի գների վրա:
«Այն բարձրացրել է բազմաթիվ սարքավորումների գները, քանի որ թանկացավ պողպատն ու ալյումինը, իսկ գյուղատնտեսական սարքավորումներում շատ պողպատ ու ալյումին է օգտագործվում»,- ասում է նա:
Թրամփի վարչակազմը ֆերմերներին լրացուցիչ սուբսիդիաներ էր հատկացրել՝ փոխհատուցելու սակագների ազդեցությունը, բայց դրանք, օրինակ, չեն փոխհատուցել Իզերմանի բոլոր կորուստները:
Աքերմանը հուսով է՝ ով այս տարի հաղթի Սպիտակ տան համար մրցապայքարում, կամ տեղ զբաղեցնի ԱՄՆ Ներկայացուցիչների տանն ու Սենատում, չի մոռանա ֆերմերներին:
«Արդյո՞ք մենք ներկայացված ենք [իշխանության ներսում]։ Այդպես չեմ կարծում, ճիշտն ասած»,- նշում է նա:
Ե՛վ Իզերմանը, և՛ Աքերմանը ասում են, որ ֆերմերային օրինագծի հնարավորինս շուտ ընդունումը կարևոր է, անկախ նրանից, թե որ կուսակցությունը կղեկավարի ԱՄՆ կառավարությունը ընտրություններից հետո: