Մատչելի հղումներ

Սի Ծինփինը առաջարկել է Բայդենին փոխել ԱՄՆ դիրքորոշումը Թայվանի հարցում․ աղբյուրներ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Կալիֆոռնիայում։ Նոյեմեբերի 15, 2023թ․։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Կալիֆոռնիայում։ Նոյեմեբերի 15, 2023թ․։

Ամերիկյան պաշտոնատար անձանց վկայությամբ՝ Չինաստանի նախագահի ցանկությունն էր, որ ԱՄՆ-ը հայտարարի, թե դեմ է Թայվանի անկախությանը:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը անցած տարի առաջարկել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին փոխել Վաշինգտոնի մոտեցումներն ու ԱՄՆ արտաքին քաղաքական ձևակերպումները Թայվանի հարցում:

Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ, որոնք ծանոթ են զրույցի բովանդակությանը:

Անցած տարվա նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում Բայդենի և Ծինփինի հանդիպմանը Չինաստանի ղեկավարը և իր օգնականները խնդրել են Սպիտակ տան ղեկավարին ու նրա վարչակազմի փոխել ԱՄՆ պաշտոնական հայտարարությունների բովանդակությունը Թայվանի վերաբերյալ։

Պեկինը ցանկանում էր, որպեսզի Վաշինգտոնը հայտարարի, թե դեմ է Թայվանի անկախությանը՝ հրաժարվելով ներկայիս ձևակերպումից, ըստ որի ԱՄՆ-ն «չի աջակցում» Թայվանի անկախությանը:

Հետագա ամիսներին Ծինփինի օգնականները բազմիցս կրկնել են առաջարկը, սակայն ամերիկյան կողմը մերժել է այն:

Reuters-ի հրապարակման առնչությամբ Սպիտակ տունն արձագանքել է հայտարարությամբ՝ կրկնելով, որ Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը:

«Բայդեն-Հարրիս վարչակազմը հետևողականորեն սատարում է [ԱՄՆ] երկարամյա՝ «մեկ Չինաստան» քաղաքականությունը»,- ընդգծված է հայտարարությունում:

Արձագանքել է նաև Չինաստանի արտգործնախախրությունը՝ խորհուրդ տալով «հարցն ուղղել ԱՄՆ կառավարությանը» և ընդգծելով, թե «Չինաստանի դիրքորոշումը Թայվանի հարցում հստակ է և հետևողական»։

Թայվանի արտգործնախարարությունը հրաժարվել է մեկնաբանությունից:

Թայվանի հարցը շարունակում է մնալ ամենազգայուն խնդիրը ամերիկա-չինական հարաբերություններում: 1979 թվականին ԱՄՆ-ն խզել է պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ, բայց ամերիկյան օրենքի համաձայն՝ պարտավոր է աջակցել Թայվանի ինքնապաշտպանությանը:

Պեկինը կղզի-պետությունը համարում է կոմունիստական Չինաստանի մաս:

Տակավին պարզ չէ, թե նախագահ Սի Ծինփինը ինչու էր որոշել բարձրացնել այդ հարցը Բայդենի հետ հանդիպմանը, սակայն հայտնի է, որ նրա օրոք Պեկինի դիրքորոշումը Թայվանի հարցում կոշտացել է:

Ըստ Reuters-ի, Պեկինից եկած այդ առաջարկի մասին Վաշինգտոնը տեղեկացրել էր Թայվանին:

XS
SM
MD
LG