Քենդիս Քեյնը ավելի քան 15 տարի առաջ մարմնավորել է տրանսգենդեր կերպարներ ամերիկյան հեռուստատեսությամբ՝ խաղալով «Կեղտոտ սեքսուալ փողեր» դրամայում:
Մտահոգված է՝ դժվարությամբ ձեռք բերված ԼԳԲՏՔ+ համայնքի իրավունքները կարող են հայտնվել վտանգի ներքո, եթե ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթի գալիք ընտրություններում:
«Չենք կարող նահանջ ապրել, իսկ Հանրապետական կուսակցությունը փորձում է մեզ հետ տանել դեպի այն ժամանակներ, երբ միայն որոշակի քանակությամբ մարդիկ ունեին իրավունքներ։ Սա, իրոք, կարևոր է և սարսափելի»,- ասում է նա:
Արթուր Լյուն աջակցում է Թրամփին՝ նշելով, թե դեմոկրատներն են վատացրել իրավիճակը:
«Ինձ դուր եկան այն արդյունքները, որ նա՝ [Թրամփը] ապահովեց, քանի որ տնտեսությունը լավ վիճակում էր, սահմանին խնդիրներ կային, բայց պատկերը այդքան վատ չէր»,- ասում է նա:
Հունիսին հրապարակված Pew Research-ի ուսումասիրության համաձայն՝ Թրամփի կողմնակիցների մոտ կեսն այն կարծիքին է, որ ԱՄՆ-ում նույնասեռականների ամուսնությունների օրինականացումը վատ ազդեցություն է թողել հանրության վրա:
Դեյվիդ Քինն ասում է, որ Թրամփը չի սպառնում, թե կարգելի նույնասեռական ամուսնությունները:
«Նույնասեռականների ամուսնության վերաբերյալ նրա միտքը հետևյալն է՝ նա ոչ մի խնդիր չունի: Նյու Յորքից է, բավականին ազատամիտ: Հավանաբար, ամենաազատական հանրապետականն է, որը մենք երբևէ ունեցել ենք»,- հավելում է Քինը:
Գիտությամբ զբաղվող Արիել Ջոնսոնը անհանգստացած է՝ Թրամփը կարող է խնդիրներ ստեղծել նունասեռական ամուսնությունների համար, կամ կարող են խնդիրներ ծագել, օրինակ, իր ներգաղթյալ ամուսնու առնչությամբ:
Ջոնսոնը շարունակում է, թե հանրապետականների հետ կապված իր ամենամեծ մտահոգությունը սպասվող սահմանափակումներն են՝ վերարտադրողական իրավունքների, արտամարմնային բեղմնավորման հետ կապված:
«Էնդոմետրիոզ ունեմ: Եթե որոշեի հղիանալ, ինչը ես և իմ զուգընկերը դեռ չենք որոշել, ․․․ բայց եթե որոշեի հղիանալ, հավանական է, որ իմ պարագայում պետք կլինի իրականացնել արտամարմնային բեղմնավորում, ինչը, իհարկե, ներկայում վիճելի հարց է»,- ասում է նա:
Հանրապետականներին հարող ԼԳԲՏՔ+ ամենամեծ կազմակերպությունը այս ամիս Թրամփի օգտին քարոզարշավ է անցկացրել Միչիգան, Ջորջիա, Վիսկոնսին, Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա, Արիզոնա և Նևադա նահանգներում:
Իր հերթին՝ Դեմոկրատական ազգային կոմիտեն Հարիսին գովազդող՝ «Ես կքվեարկեմ» անվամբ մեդիա արշավ է պատվիրել ԼԳԲՏՔ+ համայնքը ներկայացնող 16 պարբերականներին:
ԼԳԲՏՔ+ շահերի պաշտպանությամբ զբաղվող Human Rights Campaign-ի՝ անցած ամիս անցկացրած հարցումը ցույց տվեց, որ ԼԳԲՏՔ+ ամերիկացիների ավելի քան 90%-ը գրանցվել է ընտրություններին մասնակցելու համար և մտադիր է քվեարկել այս ընտրություններում:
Այդ հարցման համաձայն՝ ԼԳԲՏՔ+ համայնքի ընտրողների շրջանում Հարիսի վարկանիշը 67 տոկոսային կետով բարձր է Թրամփի ցուցանիշից: