Զելենսկու հաղթական ծրագիրը. ակնկալիքներ և իրականություն

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի

Կիևի «Հաղթանակի ծրագիրը», որն այս ամիս ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, արդեն արժանացել է արևմտյան գործընկերների արձագանքին։ «Ամերիկայի ձայնը» Կիևում հետաքրքրվել է, թե ինչ են մտածում այդ մասին։

Հինգ կետ և երեք գաղտնի հավելված՝ ահա թե ինչ տեսք ունի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը»։

«Եթե հենց հիմա սկսենք շարժվել այս գաղափարի, հաղթանակի այս կոնկրետ ծրագրի հիման վրա, կարող ենք պատերազմն ավարտել ոչ ուշ, քան հաջորդ տարի»,- ասել է Զելենսկին:

Ծրագիրը ներառում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հրավեր

և Ռուսաստանին զսպելու նպատակով ուկրաինական տարածքում օտաերկրյա ռազմական ուժերի տեղակայում, որոնք, սակայն, չեն ունենալու միջուկային սպառազինություն:

Արևմտյան գործընկերների արձագանքը միանշանակ չէ։ Ուկրաինացիների վերաբերմունքը՝ նույնպես։

Կիևի բնակիչ Նատալյան, օրինակ, կարծում է, որ այդ ծրագիրն իրական է, բայց դրա կյանքի կոչումը կախված չէ Ուկրաինայից։

Օլեգն ասում է․ «Նույնպես, լիովին համոզված եմ, որ ամեն ինչ կորոշվի մարտի դաշտում։ Ուկրաինայի լավագույն բարեկամը մեր զինված ուժերն են»։

Օքսանան, սակայն, վստահ է՝ իրենց կաջակցեն։ Հույսեր ունի։

Ուկրաինացի քաղաքագետ Միկոլա Դավիդյուկը համոզված է, որ այդ ծրագիրը չափազանց շատ անիրատեսական կետեր է պարունակում, որոնք արևմտյան գործընկերները չեն կարողանա կյանքի կոչել։

Քաղաքագետը նաև ուշադրություն հրավիրեց՝ ուկրաինացիները վերջինն են, որ ծանոթացան ծրագրին՝ Կիևի օտարերկրյա գործընկերներից հետո, և որոշ կետեր այդպես էլ անհասկանալի մնացին մարդկանց, օրինակ՝ համաձայնագրի կնքումը դաշնակիցների հետ, որը պետք է օգնի պաշտպանել երկիրը, երկրի ռեսուրսները, ինչպես նաև համատեղ ներդրումներն ու Ուկրաինայի ռեսուրսների օգտագործումը։

«Արևմտյան կապիտալի կողմից [Ուկրաինայի] ռեսուրսների պաշտպանությունը մեծ բան է։ Բայց պետք է մարդկանց բացատրել, թե ինչ ռեսուրսների մասին է խոսքը և ինչ օգուտ կտա այն երկրին»,-ասում է Դավիդյուկը։

Կիև-Մոհիլա բիզնես դպրոցի պրոֆեսոր Վալերի Պեկարն նշում է՝ ևս մեկ հարց է, թե ինչու ծրագիրը չունի գործողությունների ցանկ հենց ուկրաինացիների համար. «Շատերը կարծում են, որ սա ծրագրի միայն կեսն է, քանի որ այն ասում է, թե ինչ է ակնկալում Ուկրաինան իր դաշնակիցներից: Բայց Ուկրաինան բազմաթիվ խնդիրներ ունի պետական կառավարման համակարգի, մոբիլիզացիայի, օրենքի գերակայության հետ կապված։ Եվ հարցն այն է, թե ինչ է արվելու դրա հետ կապված»։

Ռազմական փորձագետ Եվգեն Դիքիջն ավելացնում է, թե առկա է մտահոգություն՝ ի՞նչ կլինի, ի՞նչ պետք է անել, եթե գործընկերները մերժեն «Հաղթանակի ծրագիրը»։

«Առայժմ, կարծես, պլան «Բ» ընդհանրապես չկա․ կա՛մ կոալիցիոն գործընկերները կանեն այն, ինչ մենք խնդրում ենք, կա՛մ կապիտուլյացիայի ենք ենթարկվելու, կա՛մ հայտնի չէ, թե ինչ կլինի։ Պլան «Բ»-ն պետք է լինի տոտալ մոբիլիզացիան՝ թե՛ մարդկանց, թե՛ ֆինանսների, ամեն ինչ տեղափոխել ռազմական ռելսերի վրա և ինքնուրույն պատերազմ մղել»,- ասում է փորձագետը։

Վալերի Պեկարը շարունակում է՝ արևմտյան դաշնակիցները պետք է հասկանան, թե ինչ բովանդակություն է ունենալու հետպատերազմյան աշխարհը։

«Եթե Ուկրաինան հաղթի, ավելի ապահով աշխարհ կլինի, որտեղ գործում են օրենքները։ Հակառակ դեպքում՝ կլինի մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր բռնապետ իր շահերի գոտում անում է այն, ինչ ցանկանում է»,- ասում է Պեկարը։

Շուրջ երեք տարի շարունակվող լայնածավալ պատերազմից հետո ռուսական օկուպացիոն զորքերը դանդաղ առաջ են շարժվում Ուկրաինայի արևելքում: Առջևում ցրտաշունչ ձմեռն է, և Ուկրինային դժվար օրեր են սպասվում, քանի որ ռուսական ուժերը ոչնչացրել են երկրի էներգետիկ համակարգի մեծ մասը: